ԿարևորՏնտեսական

Դատական վեճ, տուգանք, բողոքարկում․ ձկնաբուծական տնտեսությունները հաճախ են բողոքարկում տույժերը

Հայաստանի գլխավոր դատախազությունը 7 խոշոր ձկնաբուծական տնտեսություններում ուսումնասիրություն է  անցկացնում։ Ընկերությունների անունները դեռ չեն հրապարակվում։ Գլխավոր դատախազությունից  «Ռադիոլուր»-ին փոխանցել են, որ պետական պետական շահերի պաշտպանության համատեքստում։ Գլխավոր դատախազությունը շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարից էր գրություն ստացել։  Սա առաջին գրությունը չէ։ Ավելին, շատ հաճախ պատկան մարմիններ ձկնաբուծարաններ հարաբերությունները պարզվում են դատարաններում՝ վճիռներով ու բողոքարկումներով։ Վերջերս նաև պարզվել է, որ ձկնաբուծարանների առյուծի բաժինը  ջրավազանները կառուցել են՝ առանց հողերի կատեգորիաների փոփոխության։  Սա քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի դիտարկմամբ, համայնքներին էական վնասներ է պատճառել։

 Հայաստանի գլխավոր դատախազությունը  Արարատի մարզի  7 խոշոր ձկնաբուծական տնտեսություններում ուսումնասիրություն է  անցկացնում։ Համապատասխան գրությամբ գլխավոր դատախազությանը  օրերս շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարն է դիմել։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը  «Ռադիոլուր»-ին փոխանցեց․ «Դրանք այժմ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում են, ուսումնասիրության առարկա են՝ պետական շահերի պաշտպանության համատեքստում։ Այս պահին լրացուցիչ տեղեկություններ չեմ կարող հաղորդել։ Ըստ անհրաժեշտության՝ դրանց մասին կտրվեն տեղեկություններ»։

Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրային պաշարները տարիներ շարունակ  գերշահագործման են ենթարկվել։  Արդյունքում  Արարատի ու Արմավիրի մարզերի մոտ 4 տասնյակ համայնքներ ոռոգման ու խմելու ջուր չունեն։ Ձկնաբուծարաններ-պատկան մարմիններ հարաբերությունները շատ հաճախ դատական վեճերով, տուգանքներով ու բողոքարկումներով են ուղեկցվում։  Նման մի վեճ առկա է բնապահպանության  և ընդերքի տեսչական մարմնի  ու «Մխչյան ֆիշ» ընկերության հետ։  Տնտեսվարողը 2017-18 թթ.  մի քանի ամիս՝ առանց ջրային թույլտվության ջուր է օգտագործել, տուգանվել  մոտ 650 միլիոն  դրամով։ Այս ընկերությունն Արարատի մարզում է, սեփականատերն էլ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբայրն է։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ավագ տեսուչ Աշոտ Գևորգյանի ստուգումների արդյունքում է «Մխչյան Ֆիշ» ընկերությունը տուգանվել։ Սա տեսուչի բազմամյա պրակտիկայում ամենախոշոր տուգանքն է․

«Ամենամեծ  տուգանքը 300 հազար դրամն է, որ տուգանվեց «Մխչյան Ֆիշ» ընկերությունը։ 650 մլն դրամը՝ նաև հասցված վնասի փոխհատուցումն է։ Այս ընկերությունը առանց թույլտվության ջրօգտագործում է իրականացրել։ Դատական գործընթացի մեջ ենք»։

Առաջին ատյանի դատարանը բավարարել էր տնտեսվարողի հայցը, այժմ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն է  վճիռը բողոքարկում։ Ապօրինի ջրօգտագործում, չտեղադրված հաշվիչ, չկատարված հաշվառում, սահմնաված չափաքանակի խախտում․ սրանք ձկնաբուծարաններում ամենահաճախ արձանագրվող խախտումներն են։ Բոլորի համար սահմանված է վարչական տույժ։ Տեսչական մարմինն այս տարի 6 պլանավորված, 44 չպլանավորված  ստուգում է անցկացրել։ Արձանագրված խախտումները ավարտվել են տույժ–տուգանքներով, որոնք կազմում են 150-300 հազար դրամ։ Առանց  թույլտվության, ապօրինի ջրօգտագործմամբ  աշխատելու դեպքում  իրավաբանական անձանց տույժը 300 հազար դրամ, քաղաքացիներինը՝ 150 հազար դրամ է։ Ավագ տեսուչ Գևորգյանը հստակեցնում է՝ եթե կա թույլտվություն, բայց սահմանված նորմերը պահպանված չեն, իրավաբանական անձանց համար նախատեսված է 200 հազար դրամ տույժ, ֆիզիկական անձանց համար՝ 100 հազար դրամ։

Տեսչական մարմնի ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի ավագ մասնագետն արձանագրում է․

«Խոշոր տնտեսվարողների եկամուտների համեմատ 300 հազար դրամը մեծ թիվ չէ, ուստի հիմնականում փոքր՝ մեկ կամ երկու ջրավազան ունեցող տնտեսավարողներն են բողոքարկում։ Վիճարկում, քանի որ գուցե իրենց  համար դա մեծ թիվ է»։

Տարբեր հաշվարկներով՝ ձկնաբուծարանները տարեկան 800 մլն խորանարդ մետր ջուր են օգտագործում։ Ձկնաբուծարանների առյուծի բաժինը  ջրավազանները կառուցել են՝ առանց հողերի կատեգորիաների փոփոխության։ Քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը «Ռադիոլուր»-ին ասում է՝ շատ հաճախ համայնքային նշանակության  հողերը  օտարվել են՝ առանց նշանակության  փոփոխության․      

«Բազմաթիվ են դեպքերը, երբ ձկնաբուծական տնտեսություններ են  կառուցվել՝ առանց  հողերի նշանակության փոփոխության։ Բիզնես նշանակության համար օտարվել են հողերը՝ առանց նշանակությունը փոխելու՝ համայնքին պատճառելով էական վնասներ։ Մեր հիմնական խնդիրը հենց այստեղ է»։

Թվեր, թե ինչպես են ազդում ձկնաբուծարանները ՀՆԱ-ի վրա, չկան, սակայն, էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրության վարչության պետի տեղակալ Տիգրան Ալեքսանյանն ասում է, որ  ոլորտը կայուն զարգանում է, ավելին, ճիշտ կառավարմամբ հնարավոր է մեծացնել բարձրարժեք ձկան պահանջարկը․ արտահանման ծավալների ավելացմանը չխանգարեց անգամ համավարակը․

«Անցյալ տարվա արտահանման քանակի պես ցուցանիշ չենք ունեցել։ Ըստ ՍԱՏՄ տվյալների՝ 2020–ին Հայաստանում  ձկան արտահանումը գերազանցել է 10 հազար տոննան։ Համավարակի պայմաններում ձկան արտահանման ռեկորդային  ցուցանիշ է գրանցվել։ Հատկանշական է, որ ձկնաբուծական տնտեսությունները չեն ավելացել, այլ  ոլորտն է առաջընթաց ու զարգացում ապահովում»։

Ձկան արտահանման աշխարհագրությունը նույնն է՝ ՌԴ, Ուկրաինա, Բելառուս, ԱՄՆ, ԱՄԷ։ Հայկական ձուկը եվրոպական երկրներ դեռ չի արտահանվում, բայց այդ նպատակով քայլեր արվում են։

Մինչ շրջակա միջավայրի նախարարությունը փորձում է ձկնաբուծական տնտեսությունները որքան վնաս են հասցրել, կառավարությունը ձկնաբուծությամբ զբաղվողներին պետական աջակցության մի քանի ծրագիր է առաջարկում՝ 3-15 մլն դրամ վարկ՝ զրո տոկոս տոկոսադրույքով։ Գործում է նաև լիզինգի ծրագիրը՝  ձկնաբուծության համար անհրաժեշտ սարք-սարքավորումներ ձեռք բերելիս մինչև 1 մլրդ դրամ  է տրամադրվում, կրկին զրո տոկոս տոկոսադրույքով։ Եթե  ձկնաբույծը  որոշի  ջրախնայողական սարք-սարքավորումներ ձեռք բերել  լիզինգի ծրագրով, կանխավճարի  10 տոկոսը կֆինանսավորի պետությունը։ 

Back to top button