ԿարևորՀասարակություն

Աշխատանքային իրավունքն՝ ավելի ամուր «ձեռքերում»․ ԱԱ տեսչական մարմնի գործառույթներն ընդլայնվել են

Նախընտրական շրջանում գործատուների կողմից աշխատողներին այս կամ այն քաղաքական ուժի հանրահավաքներին մասնակցելու, քվեարկության օրն ուղղորդելու վերաբերյալ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դիմում-բողոք կամ զանգ չի ստացել։ Բայց տեսչական մարմինը նաեւ նախաձեռնել է փոփոխել իր կանոնադրությունը՝ ստանալու արագ արձագանքման լիազորություններ եւ նման դեպքերում նաեւ սեփական նախաձեռնությամբ կարողանա դիտարկումներ ու վարչարարություն իրականացնի, ինչի հնարավորությունը հիմա չունի։ «Ռադիոլուր»-ին այս մասին ասել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը։

Հակոբ Ավագյանը խոսել է նաեւ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների մասին, որոնցով աշխատողի իրավունքները Հայաստանում շատ ավելի ամուր կպաշտպանվեն։ Այժմ արդեն աշխատողների խախտված իրավունքները վերականգվում կամ աշխատանքային վեճերը հարթվում են են ոչ թե դատարաններում, այլ արտադատական կարգով՝ հենց  տեսչական մարմնի միջոցով։ Ավագյանի խոսքով՝ աշխատանքային իրավունքի խախտման դեպքում աշխատողները դատական քաշքշուկներից, ֆինանսական ծախսերից խուսափելու համար շատ հաճախ դատարան չեն դիմում։ Այժմ տեսչական մարմնի գործառույթներն ընդլայնվել են․ ըստ այդմ՝ աշխատողների խախտված իրավունքները կարող են վերականգնել անվճար ու առանց երկարատև քաշքշուկների։  Ավագյանն ընդգծել է, որ շահերի պաշտպանությունը ենթադրում է  վարչարարության իրականացում, այդ թվում՝ տույժ-տուգանքներ, սակայն կարեւոր է, որ քաղաքացին ինքն իր դիմումով ներկայացնի խնդիրը։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մեթոդաբանական փոփոխությունների կատարման փուլում է։ Ավարտից հետո կսահմանվի ռիսկային խումբ ու դրանում կհայտնվեն այն տնտեսվարողները, որոնց մոտ աշխատանքային իրավունքի ռիսկեր են արձանագրվել։ Այժմ ռիսկային խմբում դեռ միայն աշխատանքի անվտանգության ու առողջության պահպանման կանոնները խախտող տնտեսվարողներն են՝ առավելապես հանքարդյունաբերության ոլորտից։

2020-ին տեսչական մարմինն աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտում հարուցել է 150 վարույթ, որից 95-ը՝ աշխատանքային իրավունքների խախտումների դիմումների հիմքով։ Այս վարույթներից 76-ը կարճվել է, որից 21-ի դեպքում բողոքողն ինքն է իր դիմումը հետ վերցրել։ Սա նշանակում է, որ տնտեսվարողը հավանաբար ինքն է ջանացել կարգավորել խնդիրը, մինչ տեսչական մարմինը կմիջամտի։ Բողոքների հիմնական մասը վերաբերում է վերջնահաշվարկ չկատարելուն և օրենքով սահմանված ժամկետերում աշխատավարձը չվճարելուն։

Back to top button