Սփյուռքի ձայնը

Շանթի և Վրացյանի տնօրինած ճեմարանը՝ մեր օրերում․ «Սփյուռքի ձայնը»

Հայերեն, արաբերեն և ֆրանսերեն. միանգամից երեք լեզու են ուսանում Լիբանանի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանին կից գործող մանկամսուրում։ Թեև 3-ամսականից 3 տարեկան երեխաները լեզուների դասավանդում չեն ստանում, սակայն նրանք պետք է օրվա ընթացքում երեք լեզվով լսեն տարբեր նյութեր՝ հեքիաթներ, պատմվածքներ և արտասանություններ, ասում է ճեմարանի տնօրեն Փաուլա Եղիայեանը «Վանաձայն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում։ Այս ճեմարանը հայտնի է նաև իր տնօրեններով` Լևոն Շանթ, Սիմոն Վրացյան, Հրաչ Տասնապետյան և Տիգրան Ճինպաշյան։

Արսլանյան ճեմարանը գտնվում է Անթիլիասի մերձակա բլուրների կողքին։ Ճեմարանն օժտված է ուսումնական բազմաթիվ հարմարություններով՝ գրադարաններ, էլեկտրոնային գրադարան, գիտաշխատանոցներ, համակարգչային դասասրահ, փոքր թատերասրահ, երաժշտական սրահ, մարզասրահներ, քննությունների և հավաքույթների սրահներ, խաղասրահներ և այլն։

Ճեմարանի ուսումնական հայեցակարգը ներշնչված է ֆրանսիականից։ Ուսումնական հայեցակարգը կարևորում է հայեցի դաստիարակությունը՝ շեշտը դնելով հայերեն լեզվի, հայոց պատմության և հայ մշակույթի դասավանդման առաջնահերթության վրա։ Ճեմարանում դասավանդվում են հայերեն, արաբերեն, ֆրանսերեն և անգլերեն, ինչպես նաև բնագիտական առարկաներ` քիմիա, կենսաբանություն, երկրաբանություն, թվաբանություն, գեղագիտական դաստիարակություն, ֆիզիկական և մարզական դաստիարակություն և այլն։ Արսլանյան ճեմարանը ուսումնական համապարփակ հաստատություն է և օժտված է նախահամալսարանական ուսման բոլոր բաժիններով։

2000-2001 թթ․ին նախաձեռնված մանկամսուրի շենքային և համլրման աշխատանքների ավարտից հետո բացումը տեղի է ունեցել 2018 թվականին։ Քանի որ այս տարածաշրջանում շատ են երիտասարդ հայ ընտանիքներն ու հայկական այլ կազմակերպությունները, պետք էր նրանց երեխաների համար հենց հայկական նախակրթարան հիմնել՝ օտար միջավայրից կտրելու համար, ասում է Փաուլա Եղիյեանը։

Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանը Լիբանանի տարածքում գործող միակ հայկական կրթօջախը չէ, սակայն այն կարևորներից է, որի տանիքի տակ են կրթվում հայ երեխաները՝ շատ փոքր տարիքից։ Կորոնավիրուսի և Լիբանանի ներքին խնդիրների պատճառով աշխատանքները չենք դադարեցրել, ասում է տնօրենը, հավելելով, որ դա միանշանակ միասնական ու համախմբված աշխատանքի արդյունք էր։

Ցուցադրել ավելի
Back to top button