ԿարևորՎերլուծական

Հուշում են «մանրուքները»․ ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Պուտինը

Կրեմլում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին վերջին հանդիպումից շատ մանրամասներ հայտնի չեն։ Լրատվամիջոցների համար հրապարակվել է միչայն 7 րոպեանոց ձայնագրություն հանդիպման առաջին՝ ներկայացուցչական մասից։

Ինչ մանրամասներ են քննարկվել և առավել ևս ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ որևէ տեղեկություն չկա։  Հայ և ռուս վերլուծաբանները փորձում են հանդիպման մանրուքներից ենթադրել, թե ինչ կարող է քննարկված լինել։

Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը թերևս ամենափակ և սուղ տեղեկատվությամբ երկխոսություններից մեկն էր։ Ի՞նչ են խոսել և պայմանավորվել Հայաստանը և Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով՝ վերլուծաբանները փորձում են վերլուծել ըստ մանրուքների։ Հանդիպման սկզբում ավանդական ձեռքսեղմումից բացի՝ այս անգամ տեսախցիկները արձանագրեցին նաև զուսպ գրկախառություն։ Ռուսաստանի վերլուծաբաններն ընդգծում են իրենց համար կարևոր համարվող փաստ՝ երբեմն որպես «արևմտամետ» ներկայացվող   Փաշինյանը վերընտրվելուց հետո առաջին այցը կատարում է Ռուսաստանի Դաշնություն։ Պուտինն իր հերթին ընդունում է արտահերթ ընտրությունների արդյունքները՝ շեշտելով՝ «սուր և զգայուն հարցերը լուծելու համար կարևոր է ունենալ ժողովրդի վստահությունը», ինչը, Պուտինի դիտարկմամբ, Փաշինյանն ունի։

Ուշագրավ է՝ այս անգամ Հայաստանից Ռուսաստան մեկնել էր ոչ մեծ և ոչ ներկայացուցչական պատվիրակություն։ Բարձրագույն մակարդակով այս հանդիպումից մեկ շաբաթ առաջ էլ անվտանգային հարցերով մեկ այլ հայկական պատվիրակություն էր Մոսկվայում՝ այդ անգամ պաշտպանության նախարարությունից՝  հիշեցնում է ռուսաստանաբնակ քաղաքագետ Արմեն Գասպարյանը։

Վերլուծաբանը նշում է, որ այդ այցի շրջանակում խոսվում էր Ռուսաստանի հետ բոլոր հնարավոր ուղղություններով դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, մասնավորապես, Հայաստանի տարածքում ռուսական երկրորդ ռազմաբազայի տեղակայման մասին։ Նաև շոշափվում էր Մոսկվայի միջնորդությամբ հայ-ադրբեջանական համատեղ կոմիտեի ստեղծման հարցը։

Հայաստանյան վերլուծաբանները նույնպես խոսում են ընտրություններից հետո դեպի Ռուսաստան կողմնորոշման ուժեղացման մասին։ Հայաստանում որոշակի մտահոգություններ ու հիասթափություն կա  մեր երկրի դիմումին ՀԱՊԿ–ի քարտուղարության պատասխանից, բայց վերլուծական շրջանակները փաստում են, որ արձագանք ամեն դեպքում եղել է։ Իհարկե՝ այլ ձեւաչափով՝ ասում է ռազմաքաղաքական հարցերի փորձագետ Արմինե Մարգարյանը․

«Սա մի կառույց է, որն իր հավաքական անվտանգության գործառույթը բաժանել է 3 գոտիների՝ կովկասյան, կենտրոնասիական  և կենտրոնաեվրոպական։ Ըստ էության՝ պարզ է, որ տրամաբանությունը միշտ էլ եղել է այն, որ կովկասյան գոտին  սպասարկվի Ռուսաստանի միջոցով»։

ՀԱՊԿ-ին դիմելու ժամանակ Հայաստանը զուգահեռ դիմեց նաև Ռուսաստանին, ինչը նշանակում է, որ այստեղ առանցքային է դիտարկվում ռուսական գործոնը՝ նկատում է փորձագետը։ Համակարծիք է դիվանագետ, ԱԳՆ-ում երկար տարիներ աշխատած Գագիկ Չիլինգարյանը․

«Հիմա մենք բողոքում ենք ՀԱՊԿ-ից, բայց ի՞նչ էինք մենք ուզում ՀԱՊԿ–ն աներ։ Ղազախ, ղրղզ և տաջիկ զինվորնե՞ր գային այստեղ։ Դե ռուսներն են եկել։ Հիմա փաստացի մենք արդեն գիտենք, չէ՞, որ Գեղարքունիքում էլ են տեղակայվելու ռուս սահմանապահներ։ Փաստացի՝ ՀԱՊԿ-ը Ռուսաստան է, այնտեղ  այլ բան չկա։ Ստացվում է՝  ՀԱՊԿ-ն արդեն այստեղ է»։

Այս համատեքստում  Թուրքիայից արդեն մի ազդակ է գալիս։ Այդ պետության ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում հիմնելու է թուրքական ռազմաբազա։ Այս հայտարարությունները Ռուսաստանում ոչ միշտ են լուրջ ընդունվում։ ՌԴ դաշնային խորհրդի Միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովի խոսքով՝ Էրդողանի հայտարարությունը միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը։ Դա ավելի շուտ փորձնական քայլ է՝ ստուգելու արձագանքը։  

Ռուսաստանից արդեն ակնարկում են՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կողմից ռազմաբազայի հնարավոր հիմնումը Ռուսաստանի ազդեցության տարածքում  բացասական է ընկալվում։ Կարծում են՝ Թուրքիան չի փորձի խաղալ Պուտինի նյարդերի հետ։

Ի՞նչ «սուր և զգայուն» հարցեր կարող էին քննարկվել Փաշինյան-Պուտին հանդիպման փակ դռների հետևում։ Դաշնային խորհրդի ներկայացուցիչ Ջաբարովը ենթադրում է՝  աշխատանքային, խաղաղապահների փոխգործակցության հարցեր, քանի որ փաստաթղթի ստորագրում չի եղել։

Քաղաքագետերը չեն բացառում, որ փակ դռների հետևում նաեւ Արցախի գրավյալ տարածքներում ականապատման քարտեզների թեման է շրջանառվել։ Սակայն քանի դեռ վերջին հանդիպման մանրամասները ենթադրությունների մակարդակում են՝ ըստ առանձին դետալների, միակ պնդումը, որ կարելի է անել, այն է, որ Հայաստանում Ռուսաստանի դիրքն ավելի է ամրապնդվում։

Ցուցադրել ավելի
Back to top button