Մոռացված ֆիլմերի ստվերները

Կեղծ բարեպաշտության և իրական փողապաշտության մեջտեղում «կորած» ֆիլմը․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Աղասի Այվազյանի սցենարով ստեղծված «Մեզանից երեքը» ֆիլմ- ժողովածուն լույս աշխարհ եկավ միայն գորբաչովյան վերակառուցման ժամանակաշրջանում։ Սակայն խորհրդային գրաքննությունը չէր կարող թույլ տալ, որ ըստ էության այլախոհական կանոններով ստեղծված ֆիլմը հասարակությանը հասանելի լինի։ Իսկ ահա խորհրդային երկրի փլուզումից հետո, երբ կոմունիստական կեղծ բարեպաշտությանը փոխարինելու եկավ իրական փողապաշտությունը, նույն այս ֆիլմն այլեւս չէր կարող հասարակությանը հասանելի լինել, որովհետեւ ոչ կոմերցիոն էր համարվում։ Փոխվել էր հասարակությունը, փոխվել էր հասարակական ճաշակը

«Մեզանից երեքը» ֆիլմ-ժողովածուն նկարահանվեց անցյալ դարի 80-ականների երկրորդ կեսին՝ ավելի ստույգ 1986 թավակնին՝ «Հայֆիլմում»։ Այն բաղկացած է երեք առանձին նովելներից՝«Խաբկանք», «Խոսք», «Գործողություն»։ Ֆիլմը նկարահանվում էր արձակագիր, դրամատուրգ Աղասի Այվազյանի պատմվածքների հիման վրա, որոնք գրողը ժամանակի ընթացքում վերածեց կինոսցենարի և կինոռեժիսորներ Դմիտրի Կեսայանցին ու Գենադի Մելքոնյանին  առաջարկեց մասնակցել այս ֆիլմ- ժողովածուի ստեղծմանը։

Ժողովածուի առաջին ֆիլմը կոչվում է «Խաբկանք»։ 30 րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմը հիվանդ երևակայության աշխարհում ապրող մարդու մասին է, որն իբրև թե ծանր հանցագործություն է կատարել, դեպքի վայրից դիմել է փախուստի ու յոթ տարի թաքնվել  սարերում։ Կինոռեժիսոր Դմիտրի Կեսայանցը, ծանոթանալով կինոսցենարի պատմվածքներին, ընտրեց առաջին կինոսցենարը և անցավ գործի։

Սակայն նա երկար ժամանակ գլխավոր հերոսի համար փնտրում էր հոգեբանորեն բարդ կերպար մարմնավորող դերասանի։ Գուցե փնտրտուքը էլ ավելի երկար տևեր, եթե դերասան Վիգեն Ստեփանյանի հետ մի զրույցի ժամանակ չպատմեր դրա մասին։ Վիգեն Ստեփանյանը  Կեսայանցին առաջարկեց իր համակուրսեցի դերասան, բեմադրիչ Յուրի Կոստանյանին։  «Շատ հետաքրքիր ստացվեց մեր համագործակցությունը Կեսայանցի հետ։ Նկարահանման հրապարակում էլ  շատ մտերմիկ ու ջերմ մթնոլորտ էր»,- պատմում է Յուրի Կոստանյանը

Դերասան՝ Յուրի Կոստանյան

Նկարահանման հրապարակում տեղի ունեցող մի  դրվագ մինչև հիմա չի ջնջվել Յուրի Կոստանյանի հիշողությունից։ Սցենարում մի տեսարան կար, որտեղ ֆիլմի հերոսը պիտի սուզվեր գետի հատակը ու հաներ այնտեղից այն ատրճանակը, որով իբրև թե կրակել է իր կնոջ վրա։ Նկարահանումները կատարվում էին ուշ աշնանը, եղանակը սառն էր, և Դմիտրի Կեսայանցը կարծում էր, որ Յուրի Կոստանյանը չի խիզախի այդ ցրտին սուզվել գետի մեջ և նկարահանումները եղանակային պայմանների պատճառով կհետաձգեն մինչև գարուն։ Սակայն Յուրի Կոստանյանին բնավ էլ չվախեցրին եղանակային պայմանները։

«Հրազդանի կիրճում  էր նախատեսված նկարահանումը։  Գետն էլ բարակ սառցե շերտով էր ծածկվել։ Բայց դա ինձ համար բացարձակ խնդիր չէր, որովհետև ես լավ այսպես ասած «մարզավիճակում էին գտնվում» և շատ հանգիստ երկու դուբլից նկարահանվեց այդ տեսարանը», գոհունակությամբ պատմում է Յուրի Կոստանյանը։

Ֆիլմ- ժողովածուի երկրորդ ֆիլմը նկարահանում է կինոռեժիսոր Գենադի Մելքոնյանը։ 20 րոպե տևողությամբ «Խոսք» կարճամետրաժ կինոնկարի գործողությունները տեղի են ունենում ինքնաթիռում։ Թռիչքի պատրաստ օդանավում հնչում է ահավոր մի խոսք, որը վախեցնում է օդաչուներին. նրանք չեն կարողանում ինքնաթիռը օդ բարձրացնել։ Միայն ուշացած ուղևորին է հաջողվում առույգ պահվածքով ու բարի խոսքով ցրել բոլորի վախը։ Այս ֆիլմի նկարահանմանը ներգրաված էին բազմաթիվ հայտնի ու սիրված դերասաններ՝  Միքայել Պողոսյան, Լեոնիդ Սարկիսով, Կարեն Ջանիբեկյան, Թամար Հովհաննիսյան և ուրիշներ։

Ռեժիսորական հետաքրքիր ձեռագրով նկարահանված այս կարճամետրաժին հաջորդոմ է երրրոդ՝ 38 րոպե տևողությամբ «Գործողություն» ֆիլմը։ Այս նովելի նկարահանումը ստանձնում է ինքը՝ նովելների հեղինակը՝ Աղասի Այվազյանը։

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են տարօրինակ մի գյուղում, որտեղ արտասովոր դեպքեր են կատարվում։ Ֆիլմի՝ լեռներում թափառող հերոսը տեսնում է այն, ինչ չես նկատի սովորական աչքով։ Գլխավոր հերոսի դերում հանդես է գալիս երիտասարդ դերասան Գրիգոր Կարագյոզյանը։ Նա նշում է, որ այս կարճամետրաժ ֆիլմը մտավորականի յուրօրինակ ճիչն էր խորհուրդների երկրում տիրող տոտալ վերահսկողության դեմ։

Դերասան՝ Գրիգոր Կարագյոզյան

«Ֆիլմի հերոսի նախատիպը  Աղասի Այվազյանն է։ Մարդ, որը հայտնվել է խորհրդային իրականության մեջ, որտեղից ելք չկա. խոսքի ազատություն չկա, քաղաքական ազատություն չկա, բռնապետական տոտալիտար երկիր, որտեղից հերոսը չի կարողանում դուրս գալ»,- ասում է Գրիգոր Կարագյոզյանը։

Ակնհայտ է, որ դեռ անդրոպովյան ժամանակաշրջանում գրված այս ֆիլմ- ժողովածուի սցենարներն ու հատկապես վերջին՝ «Գործողություն» կարճամետրաժն ասելիքով հակասում էր խորհրդային գաղափարախոսությանը, ասում է Գրիգոր Կարագյոզյանը՝ դրանով բացատրելով, որ ժապավենը հայտնվեց «Հայֆիլմի» դարակներում։

Ցուցադրել ավելի
Back to top button