ԿարևորՀասարակություն

Հայաստանի առաջին ԱԹՍ-օդանավակայանը՝ բացառիկ ճախրանքների խաչմերուկ

Երկնքում Շահեն 001-ն է։ Ծնվել է 3 տարի առաջ՝ Շիրակի մարզում։ Հիմա ճախրում է Լոռվա երկնքում մոտ 300 մետր բարձրությամբ ու 130 կմ/ժամ արագությամբ։ Շահենը գյումրեցի երեխաների ստեղծագործությունն ու լոռեցի թռչունների նոր մրցակիցն է․ նրանց հետ սավառնելու է Լեռնապատի երկնքում։

Վանաձորից 5 կմ հյուսիս–արևմուտք գտնվող, ընդամենը 52 կմ2  մակերես զբաղեցնող Լեռնապատն արդեն բացառիկ է․ այնտեղ օդանավակայան կա՝ Հայաստանում առաջինը՝ անօդաչու թռչող սարքերի համար։

Օդանավակայանի հիմնադիրը Սուրեն Վարդանյանն է․ եղբոր՝ Կարեն Վարդանյանի գործն ու գաղափարները նաև այս կերպ է շարունակում։ Ասում է՝ Վանաձորում Կարեն Վարդանյանի ԱԹՍ կրթական կենտրոն ստեղծելու մտքից հետո հաջորդը հարցն էր՝ երեխաները որտե՞ղ են փորձարկելու իրենց ստեղծած մոդելները․

«Լեռնապատ գյուղում որոշել ենք ստեղծել Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ օդանավակայան, որտեղ երեխաները գալու են, փորձարկելու են իրենց ինքնաթիռները, նաև որոշել ենք, որ լինի ճամբար ամառային արձակուրդներին երեխաները գան և մնան էդ ճամբարում և փորձարկեն իրենց ինքնաթիռները»։

Օդանավակայանի 80 մետրանոց թռիչքուղին կառուցված է հատուկ տեխնոլոգիայով՝ ունի տարբեր մանրաքարերի ու ավազի 7 շերտ։ Վարդանյանի հեղինակած՝ ավանդական բետոնե թռիչքուղիներից տարբերվող տեխնոլոգիան հատուկ նպատակ ունի՝ ավելի փափուկ վայրէջք ապահովել երեխաների ինքնաթիռների համար։ Յուրահատուկ են ոչ միայն թռիչքուղին, այլևս կառուցողները․

 «Գլուխներս կախ աշխատում էինք, երկու անծանոթ երեխա հեծանիվով էնտեղից իջնելով եկան, բա՝ բիձիկ, ի՞նչ եք անում, ասի՝ դե տղերք ջան, ԱԹՍ օդանավակայան ենք սարքում, փորձարարական ճամբար, մեկ էլ ասեցին՝ բիձիկ, կարա՞նք ձեզ օգնենք։ Հեծանիվները դրեցին, ստեղ մեծ ավազի կույտ էր,  ավազը սկսեցին բարձել ու կաշկաներով կրել: Իրանք 12 տարեկան երեխաներ էին»,– պատմում է Վարդանյանը։

Մարտունն ու Լեռնիկը Լեռնապատի «Արմաթ» խմբակի աշակերտներ են։ Դեռ ԱԹՍ պատրաստել չեն կարողանում, բայց անում են ամեն ինչ, որ այդ օրը շուտ գա։ Փոքրիկ շինարարներն ասում են՝ օդանավակայանը սարքել են, որ հյուրընկալեն ավելի փորձառուներին, նրանց նայելով, հարցուփորձ անելով սովորեն՝ մինչև հասնի ճախրելու իրենց հերթը․

«Մենք իմացել էինք, որ ստեղ բան պիտի պատրաստվի, անօդաչու թռչող սարքի տեղ, որ մենք գանք պատրաստենք, հետո էլ եկանք ստեղի մարդկանց հետ ծանոթացանք  ու որոշեցինք, որ անընդհատ գանք։ Իրանք լավ մարդիկ էին, մեզ հասկացան՝ ինչ էինք ասում, ըտենց խոսացինք։ Իրանք մեզ հարցեր տվեցին՝ մատոռը ոնց ա աշխատում, պլյուս–մինուսը, չռթիկ ոնց ենք դնում, ու տենց իրանք հասկացան, որ մենք կարողանում ենք ու ասեցին՝ երբ ուզում եք եկեք»,– շինարարական աշխատանքների սկիզբը ներկայացնում է Լեռնիկը։

«Սկզբից պատկերացնում էինք, որ անօդաչու թռչող սարքերը շատ մեծ են, բայց հետո հենց որ «պոիսկ տվեցինք»՝ տեսանք, որ իրանք էդքան էլ մեծ չեն, մոտավորապես ա՜յ էս չափի։ Մենք պատկերացրել ենք գույները՝ դեղին ու կանաչ։ Դեղինը պետք է լինեն թևերը, իսկ կանաչը մնացած մասը։ Մենք որոշել ենք նաև կամեռաներ դնենք, որ կարողնանք երկնքից նկարել մեր գյուղը։ Ու հետո որոշեցինք, որ մեկս պիտի զբաղվենք դիզայնով, իսկ մեկս էդ ամենը պատրաստելով»,– հավելում է Մարտունը։

Լոռու մարզի օդանավակայանի առաջին թռիչքը Շիրակի մարզին էր վստահված․ առաջին հյուրերը Գյումրու ավիամոդելավորման խմբակի աշակերտներն են։ Խմբակի ղեկավար Խաչատուր Թադևոսյանը նշում է՝ սրա կարիքը վաղուց կար։ Երեխաները թև են տալիս ԱԹՍ–ին, ԱԹՍ–ն ճախրելիս տեսնելը՝ երեխաներին․

«Իրենք 10, 12,14 տարեկան երեխեք են, հնարավորություն են ունենում իրենց ձեռքով սարքած մոդելները օդ հանել։ Հետո ամբողջ կյանքում մոդելներ սարքելն իրենց զգացում է տալիս, որ ամեն ինչ կարող են ու ավելի մեծ խնդիրներ են կարողանում լուծել։ Տեսնում են, որ ամբողջ աշխարհով մեկ իրենց հասակակից շատ քիչ մարդիկ էդ ամեն ինչը կարան, արդեն ոգևորվում են, հասկանում են, որ եթե սա կարող են, արդեն ավելի մեծ բաներ էլ կկարողանան»։

Տանը հեռախոսային խաղերի միջոցով ինքնաթիռ վարելու փոխարեն նրանք արդեն սեփական օդանավակայան ունեն։ Մինչև թռիչքը օդանավի տեխնիկական վերջին զննումն են իրականացնում։ Գիտեն՝ «ավիակատաստրոֆաներ» ևս կարող են լինել։ Ասում են՝ հաճախ է իրենց պատրաստած մոդելը կոտրվել, բայց նման դեպքերում գործելու բանաձև ունեն․ «Ջարդենք կը, սարքենք կը, սովրինք կը»։

2020-ի հունվարի դրությամբ Հայաստանի, այդ թվում՝ Արցախի և Վրաստանի տարածքում գործում է  «Արմաթ» ինժեներական 575 լաբորատորիա, որտեղ շուրջ 15 000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։ Գյումրիում, Երևանում և Վանաձորում գործում են ավիամոդելավորման խմբակներ։ Հանրապետության ողջ տարածքում երեխաներն ունեն ինժեներական միտքը զարգացնելու հնարավորություն։ Սուրեն Վարդանյանը տեսնում է նաև ցանկություն․

«Դրա համար նախատեսել ենք, որ ԱԹՍ օդանավակայան լինի ոչ միայն Լեռնապատում,  որ Հայաստանի բոլոր մարզերում գործեն ԱԹՍ կենտրոններ ու ԱԹՍ-օդանավակայաններ»։

Լեռնապատի օդանավակայանը շուտով կունենա նաև ենթակառուցվածքներ, ճամբարում հնարավոր կլինի երկար ժամանակով հյուրընկալել և անհրաժեշտ պայմաններով ապահովել միաժամանակ 50-60 երեխայի։

Back to top button