Էվոլյուցիա

Բա՞նտ, թե՞ ազատություն. ապագայի պատիժը․ «Էվոլյուցիա»

Դեռևս հին համայնակարգերում  հանցանք գործելը պատժելի էր՝  ընդհուպ մինչև գլխատում, քառատում, քարկոծում, այրում և այլն։ Փոխվեցին ժամանակները և մարդը սկսեց համակարգել պատիժն ու դրա տեսակները, հստակեցվեցին, թե որ հանցանքի դեպքում մարդն ի՞նչ պատիժ պիտի կրի, որտեղ պիտի կրի։ Ձևավորվեց բանտ հասկացությունը, և եթե առաջ բանտ բառը մարդկանց հիշեցնում էր սարսափելի մի վայր, ապա այսօր կալանավորն ունի կրթության և վարձատրվող աշխատանքի հնարավորություն։

Բանտախցիկ՝ Շվեդիայում, բանտը գտնվում է Ստոկհոլմի Լենի համայնքներից մեկում

Քրեական գործերով փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Ղազարյանն ասում է, որ մահապատիժ սահմանելու դեպքում բացառվում էր դատական ակտում սխալի առկայությունը, հետագայում հնարավոր էր լինում ակտի վերանայում, հանցանքի արդարացում, սակայն մարդուն կյանքը վերադարձնել բնականաբար հնարավոր չէ, սակայն միաժամանակ ցմահ ազատազրկումը, որը Հայաստանում տրվում է 18 տարին լրացած անձանց՝ մասնագետը համարում է դանդաղ մահ։

Նրա կարծիքով ապագայում կարելի է վերանայել ՀՀ օրենսգիրքը, առավելագույն պատժի սահմանումը 20 տարուց դարձնել 30-35 տարի՝ մարդուն հնարավորություն տալով ապագայում վերասոցիալականացվել: Մարդիկ իրենց պատիժը սկսել են կրել բանտերում դեռ վաղ ժամանակներից, ցայտուն օրինակ է Գրիգոր Լուսավորիչը, որը 13 տարի անցկացրեց վիրապում։  Հիմա արդեն աշխարհում կան նաև մասնավոր բանտեր, ասում է Տիգրան Ղազարյանը, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք չափանիշներ է սահմանում, որոնց պետք է համապատասխանի բանտախցիկը։


Մահապատիժն է ավելի ծանր պատիժ, թե՞ ցմահ ազատազրկումը, ես կարծում  եմ, որ որոշ դեպքերում մահապատիժն ավելի մեղմ պատիժ է, իսկ ցմահ ազատազրկումը դանդաղ մահ է։ Քրեակատարողական հիմնարկներն իմ ընկալմամբ չպետք է լինեն այնպիսին, որ մարդը չձգտի ազատության, որովհետև եթե մարդը ազատության մեջ չկարողականա կենսամակարդակ ապահովել, չի գնահատի ազատությունը, որոշ դեպքերում չի էլ ձգտի դրան:

Պատմաբան Գուրգեն Մուրադյանը հիշեցնում է՝ հայոց պատմության մեջ քիչ չեն դաժան պատիժների օրինակները, օրինակ Արտավազդի դաժան պատիժը բանտում՝ իր խոսքերով, ավերակ երկրի կառավարումից հրաժարվելու կամ Մերուժան Արծրունու շիկացած թագը՝ երկրի կառավարումն ամեն գնով իր ձեռքը վերցնելու համար։ Հայաստանում պատժի մեխանիզմները սկսեց կարգավորել Մխիթար Գոշը, որի «Դատաստանագիրք»-ը այնքան կանոնակարգված էր, որ սկսեց օգտագործվել նաև այլ երկրներում:


Գոշը նախատեսում էր երկու բնույթի պատիժ՝ մարմնական և հոգևոր եկեղեցական, առաջինի դեպքում աշխարհիկ դատարաններն էին դատեր անցկացնում, երկրորդի դեպքում՝ եկեղեցիները։ Առհասարակ սա շատ կարևոր իրադարձություն էր, առաջին անգամ եկեղեցական բարձրագույն դատարանները զիջեցին որոշ չափով իրենց տեղը աշխարհիկ դատարաններին։

Շավարշ սարկավագի կարծիքով՝ կրոնով պայմանավորված հալածանքների հիմքում ծայրահեղականությունն է, որն այսօր օրինակ ցայտուն արտահայտված է Մերձավոր Արևելքում։ Կվերանա՞ արդյոք ապագայում ծայրահեղականությունը, սարկավագը վստահ չէ․


Իմ կարծիքով, կլինեն, ծայրահեղական գաղափարներով մարդիկ միշտ լինելու են, նույն օրինակը հենց քրիստոնյաների պարագայում կարող եմ օրինակ բերել, քրիստոնեության ծայահեղականությունը բերել է նրան, որ քրիստոնյաներն են հալածել ու տանջել օրինակ հեթանոսներին, բայց յուրաքանչյուր ոք պետք է հարգի դիմացինի դավանած արժեքները։
Ցուցադրել ավելի
Back to top button