ԿարևորՀասարակություն

Երեխան եղել է հողոտ, վրան՝ խոտի մնացորդ․ Գյումրիում գտնված անօգնական փոքրիկը հիվանդանոցում չի՞ ծնվել

Դեռ առանց անվան ու առանց ծնողների․ իրավապահ մարմինները փորձում են պարզել՝ ի՞նչ հանգամանքներում է Գյումրիի Շահումյան փողոցում հայտնվել անօգնական թողնված նորածին տղան։ «Ռադիոլուրն» այցելել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, ծանոթացել նորածնի առողջական վիճակին ու փորձել մանրամասներ պարզել։

Գյումրիի մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում մի փոքրիկ «բարձրագույն արժեք» է կյանքի համար պայքարում, սեռը՝ արական, քաշը՝ 3 կիլոգրամ 100 գրամ։ Անվան փոխարեն գրված է «ընկեցիկ երեխա»։ Ծնողները հայտնի չեն դեռ։ Հիվանդանոցի բուժական գծով փոխտնօրեն Հասմիկ Խաչատրյանը մտահոգ, բայց արդեն փոքր-ինչ հանգիստ է նայում փոքրինին․ նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում՝ ասում է «Ռադիոլուրին»։ Երեխային բերել են ծանր վիճակում, հիմա վիճակը բավարար է, սկսել է կերակրվել։ Երեխայով հետաքրքրվողներ առայժմ չկան։

Փոքրիկին գտել են հունիսի 3-ին՝ առավոտյան 10-ի սահմաններում։ Ահազանգով եկած ոստիկանությունը հաստատել էր տվյալը՝ երեխան ողջ է։ Բախտի քմահաճույքին թողնված նորածինը տեղափոխվել է հիվանդանոց։

«Երեխան սառած եր, մոտ 4-5 ժամ մնացել էր դրսում՝ բարակ սավանով փաթաթված, կեղտոտ։ Պորտից ինֆեկցիա ուներ, ինչի համար ստանում է բուժում։ Եկած պահից սպասում էիք, որ ամենավատ ելքը կարող էինք ունենալ, որովհետև նորածին երեխաներն անկանխատեսելի են, բարեբախտաբար՝ երեխան շատ արագ կազդուրվեց, հիմա վիճակը բավարար է»։

Հիվանդանոց տեղափոխված նորածինը եղել է հողոտ ու կեղտոտ, մարմնին՝ խոտի մնացորդներ։ Քանի դեռ նախաքննական մարմինները փորձում են պարզել հանգամանքները՝ ծնողների անձը, երեխայի ծնվելու վայրը, բժշկները ենթադրում են, որ երեխան ծնվել է արտահիվանդանոցային պայմաններում։ Գյումրիի մանկական հիվանդանոցի բուժգծով փոխտնօրեն Հասմիկ Խաչատրյան։

«Դա մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ ոչ մաքուր պայմաններում է ծննդաբերել, հավանաբար՝ դաշտային պայմաններում»։

Բժշկուհուն իր պրակտիկայից էլի են նման դեպքեր հայտնի, նկատում է՝ գուցե  ծննդաբերողը նորածնին հատուկ է իր բնակավայրից հեռու բերել՝ Գյումրի՝ տեղյակ լինելով, որ այստեղ մանկատուն կա։ Փոքրիկը դեռ անուն չունի։ Առողջական լուրջ խնդիրներ էլ չեն նկատվել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից նորածին երեխային սպանության փորձ կատարելու հատկանիշերով՝ հայտնել է Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։ Փոքրիկի մայրը դեռ չի հայտնաբերվել։ 

Back to top button