ԿարևորՀասարակություն

ԵՊՀ-ում անվճար թափուր տեղեր կան․ ընդունելությունը բուհերում շարունակվում է

Բուհական ընդունելությունը շարունակվում է։ «Մեկ բուհ, մեկ մասնագիտություն» սկզբունքով անցակցվող քննությունները վերահաստատում են ամենապահանջված բուհերի ու  մասնագիտությունների ցանկը, թեպետ անգամ այս ցանկում շատ թափուր տեղեր են մնացել։  Միայն Մայր բուհում թափուր տեղեր կան ավելի քան 30 մասնագիտություններով։

Ընդունելության քննությունները շարունակվում են, և ոլորտի պատասխանատուներն այս փուլում դժվարանում են ասել, թե որքանով է արդարացված «Մեկ բուհ, մեկ մասնագիտություն» ձևաչափը։ Հայտնի է միայն, որ  թե 2020-ին, թե  2021-ին ընդունելության քննությունների առարկայական միջինը հիմնականում նույնն է, ինչը որոշակի կայունություն է խոստանում, -նկատում է ԿԳՄՍ ԳԹԿ քննությունների կազմակերպման բաժնի պետ Էդվարդ Սանթրոսյանը․

«Հիմնական փուլի անցկացումից և մրցույթի հրապարակումից հետո պարզ կդառնա, թե ինչքանով է արդարացված այս համակարգը, ինչքանով է համապատասխանում դիմորդների շահերին։ Մեկ բան ակնհայտ է․ դիմորդը  նախընտրած մասնագիտության գծով իր գիտելիքների սահմանում  կարող է բուհ ընդունվել»։

Դիմորդների շրջանում դարձյալ պահանջված են ԵՊՀ-ն, ՀՊՏՀ-ն և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Մայր բուհն այս տարի առաջարկում է  380 անվճար, 2466 վճարովի տեղ՝ 56 կրթական ծրագրերով։ «Եթե թվերի վերածենք, ապա առաջին և երկրորդ փուլերով ընդհանուր առմամբ մայր բուհն ունեցել է ավելի շատ դիմորդ, քան ընդունելության տեղերն են, բայց եթե այդ թիվը բաժանենք ըստ մասնագիտությունների, ապա կունենանք ֆակուլտետներ, որոնք թափուր մնացին»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանը․

«Թափուր տեղեր ունենք ավելի քան 30 կրթական ծրագրերում։ Դրանք և՛ բնագիտական ուղղության են, և՛ հումանիտար։ Երբ լրացուցիչ փուլից հետո, հուլիսի 18-ին ցուցակները հրապարակվեն, թափուր տեղերի ընդունելություն է կատարվելու։ Եվ այն մասնագիտություններով դիմած դիմորդները, որոնք դրական միավորներով դուրս կմնան մրցույթից, կարող են նշել մինչև 6 մասնագիտություն և ընտրել այն թափուր տեղը, որտեղ կցանկանան ընդունվել։ Այդ ժամանակ միգուցե պատկերը կփոխվի դեպի լավը»։

2019-ի համեմատ մի քանի հարյուրով նվազել է դիմորդների թիվը։ Ինչո՞ւ․Արմեն Սարգսյանը դժվարանում է ասել։ Ի դեպ, պակասել են ոչ միայն ԵՊՀ–ի դիմորդները։ Միտումը նկատելի է բոլոր բուհերում․

«Տարի ենք ունեցել, որ դիմորդների 92 տոկոսն ընդունվել է համալսարան, տարի ենք ունեցել, 85 տոկոսն է ընդունվել, այսինքն, տատանվում է։ Հիմա 3075 դիմորդ ունենք, այսքանից ենթադրում եմ մոտավորապես 2800-ը գոնե կընդունվեն, շատ դուրս չեն մնա։ Բայց այդ ամեն ինչը կերևա 18-ին, երբ ցուցակները հրապարակվեն»։

«Մեկ բուհ, մեկ մասնագիտություն» ձևաչափով անցակցվող քննական գործընթացում կլինեն դիմորդներ, որոնք դուրս կմնան մրցույթից անգամ բարձր միավորներ հավաքելու դեպքում․

«Քանի որ դիմորդների շարժը տարիներ շարունակ նույն մասնագիտություններով  է եղել, այդ կրթական ծրագրերից դուրս մնացողները շատ կլինեն։  Եթե իրավագիտությունից բարձր միավորներով դուրս մնան, թափուր մնացած տեղերում քննությունները չեն կրկնվում, իսկ դա նշանակում է, որ այս դիմորդները կարող են դիմել միայն միջազգային հարաբերություններ կամ արևելագիտության ֆակուլտետ, բայց քանի որ այդ ֆակուլտետներում թափուր տեղեր երբեք չեն մնում, այս դիմորդների միակ հնարավորությունը ուժերը հեռակայում փորձելն է»։

Անկախ քննությունների արդյունքներից, մրցութից դուրս չմնալու համար ևս մեկ կարևոր պայման կա։ Տեխնիկական հարց է, բայց կարող է ճակատագրական դառնալ․

«Երբ շրջանավարտները դիմում–հայտերը լրացրել են, նշել են, որ դեռ չունեն ավարտական փաստաթուղթ։  Այժմ ժամկետ է ֆիքսված․ հուլիսի 12-ին, մինչև 18։00-ն լրացնել այդ փաստաթղթերի տվյալները համակարգում։ Հակառակ դեպքում մրցույթից դուրս կմնան դիմորդները»։

Միասնական քննությունները կավարտվեն հուլիս 8-ին։ Հուլիսի 18-ին կհրապարակվեն մրցույթի երկու փուլերի արդյունքները, ու պարզ կդառնա, թե ովքեր են ընդունվել մեկ մասնագիտություն–հայտով։   Հուլիսի 19-26 –ը կանցկացվի մրցույթ թափուր տեղերի համար։

Ցուցադրել ավելի
Back to top button