Ստարտափ Հայաստան

Չօգտագործված հինը լավագույն նորն է․ «Ստարտափ Հայաստան»

Երբևէ մտածե՞լ եք, որ ձեր չօգտագործված կամ հին հագուստները կարող են նոր կյանք ստանալ, վերամշակվել և վերավաճառվել։ Եթե մինչ այս պահը չեք մտածել դրա մասին, Նունեն կպատմի, թե ինչպես կարելի է Ձեր հին հագուստը մեկ ուրիշի համար դարձնել նոր և օգտագործվող։

Նունե Ալավերդյանը Սպիտակ քաղաքից է։ 28 տարեկան է, անգլերենի մասնագետ։ Դասավանդում է օնլայն դպրոցում։ 2021 թվականի մի օր Նունեի համար կարելի է ասել ճակատագրական դարձավ․ վաղուց ունեցած գաղափարներն իրականացնելու շանս ստեղծվեց։ Իսկ Նունեին մնում էր մի նոթատետրում գրել բոլոր խենթ գաղափարներն ու վազել հաջողության հետևից։

Նունեն ռիսկի դիմեց ու որոշեց, որ հագուստի վերամշակման իր բիզնես գաղափարը պետք է հայտնի դառնա Հայաստանում։ Կանաչ զգեստապահարան ծրագրում էլ ներկայացրեց իր տարբերվող և ռիսկային գաղափարը։ Նունեն չի պատկերացրել, որ ընթացքը դժվար կլինի, բայց հետ չի կանգնել։ Փաստորեն, նոր հագուստ ստանալն ավելի հեշտ է, քան` եղածը նորից վերամոդելավորելը․ https://www.facebook.com/cashmere.clothing.1/

Նունեն թիմ չունի, բայց մի քանի մասնագետի հետ է համագործակցում։ Արդեն համոզվել է, որ մշտական թիմ ունենալն անհրաժեշտություն է, որպեսզի ոչ միայն ֆիզիկապես օգնեն և աջակցեն, այլև գաղափարապես, որովհետև Հայաստանում հեշտ չէ մարդկանց կարծրատիպերը միայնակ կոտրել։

Բիզնեսում ֆինանսական մեծ ներդրումներ չի արել, ինչ էլ արել է, եղել է ծրագրի օգնությամբ, բայց հիմա գիտակցում է, որ այս աշխատանքն, այս գաղափարն ապրեցնելու համար պետք են հավելյալ ներդրումներ, ինչի համար պետք է շատ աշխատել։

Նունեն վստահ է, որ մարդկանց մոտ վերամշակված հագուստի հանդեպ վերաբերմունքը փոխելու համար ճիշտ կլինի մի այնպիսի տարածք ունենալ Սպիտակ քաղաքում, որը ոչ թե բնակարան կլինի, այլ օֆիս։ Բայց դե դրա համար էլ են ներդրումներ պետք։ Նման տարածք ունենալու պարագայում իրենք կսկսեն աշխատանքային ժամեր հաստատել, ինչը թույլ կտա մարդկանց գալ և տեղում ծանոթանալ, թե ինչով են զբաղվում և ինչ են առաջարկում։

Նունեն այնքան է խորացել իր բիզնեսի մեջ, որ արդեն հասցրել է ունենալ նախ 3 տարվա, հետո հինգ տարվա տեսլական։ Սա Հայաստանն է, որտեղ երիտասարդները մարզիկին հատուկ բնավորություն են ձեռք բերել. վազում են ու վազում, ճանապարհի հանդիպած հաջողություններն էլ իրենց հետ վերցնում։

Back to top button