ԿարևորՏնտեսական

Արժեզրկումից արժևորում․ հայկական դրամն ամրացնում է դիրքերը

Նախորդ 7 ամիսներին հայկական դրամը հակասական վարքագիծ է դրսևորել․ տարեվերջից սկսվել է դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը՝ ապրիլին հասնելով առավելագույն սահմանագծին, իսկ այժմ հակառակ գործընթացն  է՝ հայկական դրամը արժևորվում է և  ամրացնում իր դիրքերը։ Մասնագետներն ունեն երկու իրավիճակների բացատրություններն էլ․ արժեզրկումը հետպատերազմական իրողությունների և դրանցով պայմանավորված ճգնաժամային սպասումների հետևանք էր, արժևորումը տնտեսական դրական ազդակների արձագանքն է։ 

Դրամ–դոլար «մենամարտում» այս պահին հաղթում է դրամը՝ ուժեղացնելով դիրքերը փոխարժեքի շուկայում։ Վերջին օրերին հայաստանյան բանկերից մեկ դոլարը հնարավոր է գնել միջինում 495 դրամով, մինչդեռ  մայիսին մեկ դոլարն արժեր շուրջ 520 դրամ, իսկ ապրիլին հասել էր մինչ այժմ գրանցված առավելագույն՝ 535 դրամի սահմանակետին։

Դրամը դոլարի նկատմամբ սկսեց արժեզրկվել նախորդ տարեվերջին։ Մասնագետներն այդ միտումը պայմանավորեցին հետպատերազմական իրողություններով։ Ճգնաժամային իրավիճակներում քաղաքացիներն իրենց խնայողությունները վերածում են դոլարի,  ներդրողներն ավելի շատ են դոլար գնում։

Վերջին 2 շաբաթներին  դրամը արժևորվում է։  Ըստ մասնագետների՝ տնտեսությունը վերականգման ազդակներ է դրսևորում, ինչն էլ  բերում է դրամի կայունացմանն ու դրա արդյունքում՝  նաև  ներմուծվող ապրանքների գների նվազմանը։ 

Ընդհանուր առմամբ, մասնագետները դրամի արժևորման մի քանի գործոն են մատնանշում` հղում անելով  տնտեսագիտական պարզ՝ առաջարկի ու պահանջարկի կանոնին։ Մեկ այլ գործոն էլ մատնանշում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը․ արտաքին հատվածից եկող  դրական ազդակները, մասնավորապես, Հայաստանի գործընկեր երկրներում տնտեսական աճի միտումներն օգնում են իրավիճակին։    

«Տրանսֆերտների քանակն ավելացել է, տուրիզմի ոլորտում արձանագրվել է փոքր-ինչ աշխուժացում։ Իսկ ամենակարևոր գործոնը պղնձի գնի՝ պատմական մաքսիմումին մոտ մակարդակն է»։

Այս տարվա առաջին չորս ամիսներին (2021 հունվար-ապրիլ) բանկերի միջոցով ֆիզիկական անձինք արտասահմանից Հայաստան են ուղարկել 573.5 մլն դոլարին համարժեք գումար: 2020 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստան հոսող գումարներն աճել են 129 մլն դոլարով կամ շուրջ  30%-ով: Դրամական փոխանցումների էական աճ է նկատվել  ԱՄՆ-ից, ՌԴ-ից ու եվրոպական մի քանի երկրներից  (Գերմանիայից, Ֆրանսիայից)։ Պղնձի համաշխարհային գները բարձրացել են։ Այս մետաղը  շարունակում է մնալ Հայաստանից արտահանվող խոշորագույն ապրանքախումբը (խտանյութ, կոնվերտորային, թափոն և ջարդոն)։  ՊԵԿ տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում այն կազմել է Հայաստանից ամբողջ արտահանման 23.5%-ը։

Տնտեսագետ Արմեն Քթոյանը վերջին տասն օրերին դրամի արժևորումն օբյեկտիվ է համարում։  

«Տարբեր գործոններով պայմանավորված՝ մենք ունենք իրավիճակ, երբ հետպատերազմյան շրջանում դրամը թուլացել էր։ Այդ միտումն ավելի ընդգծվեց խուճապային տրամադրությունների ֆոնին։ Այժմ տնտեսությունը կարողացել է որոշակիորեն զսպել խուճապային տրամադրությունները, ինչ արդյունքում  դրամն ամրապնդվում է»։

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն արձանագրում է՝  դրամի արժևորումը կարճաժամկետ հատվածում դրական ազդեցություն է ունենալու, սակայն երկարաժամկետ հեռանկարում խնդիրներ է առաջացնելու։  

«Պղնձի գների, տրանսֆերտների վերականգման հետևանքով մեծ ծավալի արտարժութային ներհոսք է սկսվել։ Միաժամանակ սա սկսում է արտահանվող ապրանքների մրցունակությունը ճնշել։ Փոխարժեքի ամրացման պարագայում կորցնում ենք մեր մրցակցային դիրքերը արտասահմանյան շուկաներում»։

Արդյո՞ք ներքաղաքական զարգացումներն նույնպես նպաստեցին դրամի արժևորմանը։ ԿԲ նախագահն արձագանքում է՝ քաղաքական գործոնները վերջին ամիսների անորոշության հիմնական բաղադրիչն էին։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո զարգացումների  հարթ ու սահուն ընթացքը որոշակիորեն նվազեցրեց անորոշությունը  և նպաստեց  ավելի կայուն  տրամադրությունների ձևավորմանը։

Back to top button