Մտքի ուժը

Ինչպե՞ս և ինչո՞ւ են սարդերը սարդոստայն հյուսում. Սարդերի հետազոտության մեկնարկը տրված է․ «Մտքի ուժը»

Երբ ասում են սարդ, օրինակ դուք ի՞նչ եք պատկերացնում․ ես՝ հիմնականում սարդորստայն, որից հատկապես նյարդայնանում եմ, երբ տան կամ աշխատասենյակի որևէ անկյունում եմ այն տեսնում։ Իսկ ինչու՞ են սարդերը սարդոստայն հյուսում․ պարզվում է՝ սա այս հոդվածոտանուն բնորոշ խորամանկությունն է։ Ոստայնագեղձերի հեղուկ արտազատուկը ձգվելով առաջացնում է օդում արագ պնդացող բարակ թելեր։

Կազմությամբ նման է շերամի մետաքսին, հիմնականում կազմված է ջրում չլուծվող, ամուր ֆիբրոինից։ Կենդանիներն իրենց սարդոստայնն օգտագործում են որսացանցեր, բներ և ձվաբոժոժներ պատրաստելու, որսին խճճելու համար։ «Զոհ»–ի մարմինն են փաթաթում սարդոստայնի մեջ, մարսողական հյութը թափում զոհի մարմնի վրա, այն փափկում է ու հեշտ մարսվում։ Սնվում են միջատներով։

Հայաստանում կա գիտական մի խումբ, որը սկսել է զբաղվել սարդերի ուսումասիրությամբ։ Արմինե Քոսյանը գիտնական է, գիտական այդ խմբի ղեկավարը։ Աշխատում է ԵՊՀ-ում և ագրարային ազգային համալսարանում։ Սկսել է ուսումնասիրել Հայաստանի սարդերը։ Ասում է, որ մեծ հետաքրքրություն կա այդ ոլորտում, քանի որ սարդաբանությունը ուսումնասիրված չէ, տվյալները քիչ են։ Մեր երկրում կա 163 տեսակ սարդ, սակայն չունենք սարդերով զբաղվող մասնագետ։ Արմինեն որոշեց ինքը զբաղվել հոդվածոտնիներով։ Քար, թուփ, բույս ու խոտ․ մի խոսքով բոլոր այն վայրերից, որտեղ կարող են սարդեր լինել, հավաքում են, տեղադրում 96 %-անոց սպիրտի մեջ ու սկսում հետազոտել։ Սարդերի հավաքը սկսվել է 2020 թվականին։

Արմինեն ասում է, որ սկզբում դժվար էր, չէր պատկերացնում, թե ինչպես կարելի է աշխատել սարդերի հետ։ Սակայն սերը դեպի գիտական հետազոտությունները, դրանց արդյունքները տեսնելն ու մեկտեղելն ավելի մեծ է, քան բոլոր վախերը, անհանգստություններն ու անհարմարության զգացողությունը։ Ամեն ինչ անցնում է, երբ գիտնականը հայտնվում է իր միջավայրում՝ դաշտային աշխատանքներում։

Ինչպես ցանկացած գիտական հետազոտության, այս մեկի համար նույնպես գումար էր անհրաժեշտ։ Հատկապես, որ այն դեռ նոր-նոր է սկսվել։ Դեռ դաշտային աշխատանքների համար ժամանակ կպահանջվի։ Գիտական խումբը զգուշությամբ է մոտենում ուսումնասիրության «առարկային», մարզերում երեխաները մոտենում են, փորձում օգնել ու սարդեր գտնել, սակայն Արմինեն ասում է, որ իրենք թույլ չեն տալիս, որ կենդանուն չվնասեն։

Հետազոտության համար գիտական խումբը շահել է ՀՕՖ-ի գիտության ու կրթության ազգային հիմնադրամի հայտարարած 5000 դոլար դրամաշնորհը։ Ծրագիրը մեկ տարվա համար է։ Հիմնադրամը գործում է արդեն 21 տարի։ Ստեղծվել էր աջակցելու հայ գիտնականներին, որպեսզի գիտական մտքի արտահոսքը դադարեցվի, հայ գիտնականները կարողանան հետազոտություններ կատարել հայրենիքում։

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, գիտական ու կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանն ասում է, որ որոշակի առաջխաղացում եղավ, մեծ թվով երիտասարդ գիտնականներ գիտական այս դրամաշնորհների օգնությամբ հետազոտություններ արեցին։ Այս անգամ 160-ից ավելի հայտ են ստացել, 28-ին դրամաշնորհ տրամադրել։

Չնայած գիտության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին, հատկապես երիտասարդ գիտականները շարունակում են գիտությամբ զբաղվել հենց Հայաստանում։ Նրանց մեծ մասն անգամ արտերկրում սովորելուց հետո էլ վերադառնում է ու հենց այստեղ շարունակում գիտական աշխատանքը։ Պետական աջակցության կարիք՝ իհարկե կա։ Գումարներ հատկացվում են։ Միայն թե դեռ պարզ չէ՝ իրականում ավելի շատ գումարներն են հատկացվում, թե՝ խոստումներ տրվում։

Ցուցադրել ավելի
Back to top button