ԿարևորՏնտեսական

Պանրագործներն ահազանգում են․ պանրի արտադրության ու պահեստավորման ծավալները նվազել են

Պանրի արտադրության ու պահեստավորման լավագույն շրջանը ամռան երեք ամիսներն են, սակայն  չոր եղանակի պատճառով արոտներում խոտ չկա ու պակասել է կովերի կաթնատվությունը: Խնդրի կարգավորման լուծումներից է խոսել պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը:

Օդի բարձր ջերմաստիճանի և տեղումների սակավության պատճառով  դաշտերում գրեթե խոտ չկա, և  խոշոր եղջերավոր անասունների կաթնատվությունը պակասել է 10 տոկոսով, ինչը նշանակում է, որ ձմռանը պանրի սղությունը նկատելի կլինի։ Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյան․

 «Պանիրն  արտադրվում և պահեստավորվում է ամռանը: Այս պահին արդեն նկատվում  է պահեստավորման դինամիկայի նվազում: Տարին չորային էր, այս ամսվա համար խոտն ավելի շուտ է սկսել չորանալ, քան նախորդ տարի կամ մի քանի տարի առաջ»:

Արագածոտնի մարզի համայնքների մեծ մասում զբաղվում են անասնապահությամբ: Արոտավայրերում խոտ չկա: Արտենի համայնքից Փայլուն Հովհաննիսյանն ասում է՝ օր-օրի պակասում է  կովերի կաթնատվությունը.

 «Անցած տարի այս ժամանակ 10-11 լ կթում էի, այս տարի 5-6լ, արոտ չկա: Անձրև չի եկել, չորային է տարին, երաշտ, խոտ չկա»:

Հայաստանի ամենացուրտ հյուսիսում՝ Աշոցքում, մենամեծ արոտավայրերն են:  Այստեղ  10-15 տոկոսով նվազել է պանրի արտադրությունը:  Աշոցքի պանրի գործարանի տնօրեն Գեորգի Բաղդասարյանն ասում է՝ տարին չորային է, կաթը՝ քիչ. անասնապահներից  1լիտր կաթը 140 դրամով են գնում.

«Խոտ ընդհանրապես չկա, աշնանն էլ չգիտենք ինչ կլինի: Ժողովուրդը կարող է անասունները կոտորեն՝ մորթեն: Ընդհանրապես խոտ չկա, անցյալ տարվա կեսն էլ չկա»:

Արմավիրցի Հապետ Պողոսյանը ավելի թանկ է վճարում.1լիտր կաթը գնում է 170 դրամով, առաջ օրական 3տ, այսօր հազիվ 900լ են կարողանում գտել։ Երաշտի պատճառով Արմավիրի գյուղերում անասունների անկման դեպքեր են գրանցվել.

«Մեզ մոտ կաթը 2 ամիս առաջվա համեմատությամբ 3 անգամ պակասել է: Դա մասամբ  պայմանավորված է անասուններին լեռնային շրջաններ տեղափոխելով, մասամբ՝ չորային եղանակով. անասնակերը՝ խոտը,  շատ  է թանկացել  և արդեն անասունների մորթ կա: Կթու կովերը մորթում են»:

Որպեսզի ձմռանը տեղական պանիրը չպակասի, պետք է արտադրության մանրամասն պլանավորում, ժամանակակից տեխնոլոգիաներ, հարկային դաշտի վերանայում: Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյան դիտարկմամբ՝ այս կարևոր խնդիրը լուծելու համար հստկեցումներ պետք է անի կառավարությունը.

«Հայաստանում ազգային անվտանգոթյան դոկտրինայի շրջանակում, պարենային անվտանգության հետ կապված, չունենք հստակ, ճիշտ ձևակերպված  փաստաթուղթ: Դասակարգված չեն առաջնային անհրաժեշտության ապրանքների պահեստավորման, պլանավորման, արտադրման և այլ հարցեր: Առաջին հերթին մեզ պետք է անասնապահ գյուղացու և   ֆերմերի ստատուս, որպեսզի անասնապահ գյուղացին և ֆերմերն իրարից տարբերվեն»:

Պետք է մշակել կաթի արտադրության ռազմավարություն, որպեսզի տարվա ընթացքում ապրանքի դեֆիցիտ չլինի: Ժամանակակից ֆերմերային տնտեսություններում  ներդրված ստանդարտները չեն  ազդում  կաթնարտադրության վրա նույնիսկ երաշտի ժամանակ: Արմեն Գոգիյանը մեջբերում է Իսրայելի օրինակը.

«Եղանակով պայմանավորված խնդիրները խիստ նվազեցվում են: Շոգ երկրներում՝ Իսրայելում, տափաստան է, ոչ բարենպաստ վայր, բայց, քանի որ կիրառել են ստանդարտներ՝ ժամանակակից տեխնոլոգիաներով, ունենում են բարձր կաթնատվություն, պարենային անվտանգության շրջանակում  ներքին արտադրությունն ապահովում է բնակչության  կաթի պրոտեինը»:

Կաթ վերամշակող, արմավիրցի Հապետ Պողոսյանը եղել է Իսրայելում, հետևել անասնապահական ֆերմաներում աշխատանքի պլանավորմանը, կաթի վերամշակմանը: Ասում է՝ Իսրայելում ներդրվող տեխնոլոգիաների շնորհիվ կաթնամթերքի արտադրության  ծավալները կայուն են.

«Այնտեղ բոլոր ֆերմաների համար պլանավորումը կար՝ ամեն կովը պետք է այսքան կաթ տա՝ նշված յուղայնությամբ: Իրենք այդքան էլ ստանում էին, իսկ մենք դեռ 10-20 տարի հետո հազիվ հասնենք այդ մակարդակին»:

Ըստ վիճակագրության՝ մեր երկրում մեկ անձը սպառում է տարեկան 5-6 կգ պանիր: Սպառվող պանրի 5 տոկոսն արտադրվում է Հայաստանում, 5 տոկոսը ներկրվում է:  Աշոցքի պանրագործ Գեորգի Բաղդասարյանն ասում է, որ հարկային դաշտը կարգավորված չէ, իրենց պանիրը մրցակցությունից դուրս է մնում.

Պանիր արտադրողների 90 տոկոսը պարզեցված հարկով է աշխատում, 10 տոկոսը՝ ավելացած արժեքի հարկով: Դա արդեն մրցակցություն չէ: Պետք է բոլորին մի դաշտ բերվի, պանիր են արտադրում 1կգ, թե 1000 տ՝ պետք է նույն ձևով հարկվի, կամ էլ տարբերակվի՝  կաթի փոշիով է սարքված, յուղով, նորմալ մակնշվի, որպեսզի տարբերություն դրվի  մաքուր կաթով ու խառնուրդով  պատրաստված պանրի  միջև»:

Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանի խոքով՝ պանրի որոշակի քանակ արտահանվում է Ռուսաստան, որտեղ  հունիսի 1-ից ներկրվող պանրի վրա դրվում է   «Четный знак» որակի կոդը։ Սեպտեմբերի 1-ից այն կդրվի նաև մյուս կաթնամթերքների վրա.

 «Կառավարությունը մրցույթ էր հայտարարել, հաղթել է  «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն, որպեսզի ապահովի Հայաստանում «Четный знак»-ի գործառույթները: Մեր վերամշակողները, արտահանողները ոնց զանգում են, ոնց  փորձում են կապ հաստատել իրենց հետ՝ չի ստացվում: Չի արվել, չի կայացել,պատրաստ չեն եղել մինչև հիմա »:

Պանրագործներն ու կաթ վերամշակողները ցանկանում են երկխոսել կառավարության հետ, համատեղ ծրագրեր մշակեն՝ գործունեությունը խթանելու համար:  Ուզում են  նաև, որ նվազեցվի ներկրվող կաթի փոշու ծավալը, և ապահովվեն սննդի անվտանգության պայմանները:

Back to top button