Մոռացված ֆիլմերի ստվերները

ԽՍՀՄ փլատակների տակ մնացած «Գաղտնի խորհրդականը»․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Արձակագիր և սցենարիստ Աղասի Այվազյանի ֆիլմերը միշտ են հաջողություն ունեցել, սակայն կինոռեժիսոր Այվազյանի «Գաղտնի խորհրդականի» անհաջողությունն այդպես էլ անբացատրելի մնաց։ Բրեժնևյան շրջանում արգելված, վերակառուցման շրջանում վերակառուցված և նկարահանված ֆիլմը մնաց Խորհրդային Միության փլատակների տակ։

Աղասի Այվազյան

«Եռանկյունի» , «Խաթաբալա» , «Հայրիկ» , «Բաղդասարը բաժանվում է կնոջից» և հանրահայտ բազմաթիվ այլ ֆիլմեր նկարահանվել են արձակագիր, դրամատուրգ Աղասի Այվազյանի սցենարով: Թեև այդ ֆիլմերի ռեժիսորը անձամբ ինքը չի եղել, բայց մտովի զուգահեռ միշտ կառուցել է իր ռեժիսորական պլանը, և հենց այդ ֆիլմերից էլ սկսել է աշխատել նրա ռեժիսորական միտքն ու երևակայությունը։

 «Ճանապարհորդություն իր շուրջը» երգիծական պատմվածքների ժողովածուով գրականություն մուտք գործած Աղասի Այվազյանը Խորհրդային Միությունում մտավորականի անցանկալի տեսակներից էր։ Սկզբունքային էր, ազնիվ և այդ պատճառով հաճախ էր թիրախավորվում։

Գրականագետ Անի Փաշայանը բնորոշում է ՝ Աղասի Այվազյանը ողջ կյանքում դեգերում էր, փնտրտուքները նրան տանում էին գրականությունից կինո, կինոյից գեղանկարչություն։ «Ծնունդով թիֆլիսցի էր Աղասի Այվազյանը, բայց Թիֆլիսը նրա համար կարծես նեղ էր և նա եկավ Երևան, բայց այստեղ էլ ամեն ինչ հարթ ընթացք չունեցավ»,- ասում է Անի Փաշայանը։  

Անի Փաշայան

Անցյալ դարի 70-ականներին Աղասի Այվազյանը «Ֆաբրիկանտը» կինովիպակը ձեռքին շրջում էր տարբեր թերթերի ու ամսագրերի խմբագրություններում՝ հուսալով, որ այն կտպագրվի։  Սակայն  ոչ մի ամսագիր կամ թերթ չտպագրեց այն։ «Սովետական գրականություն» ամսագրում էլ  տպարանում շարված վիպակի շարվածքը քանդեցին։

Պատճառը՝ քաղաքական էր։ Խորհրդային   ժամանակներում գրականության մեջ իրականության անգամ այլաբանորեն պատկերումը սարսափեցնում էր  գլխավոր խմբագիրներին։ Այվազյանն իր վիպակում ֆաբրիկա էր անվանել այն երկիրը, որտեղ արժեզրկվում, ոչնչանում էր մարդը, անհատը։ Այս վիպակը գրողին անախորժությունների առջև կանգնեցրեց։ «Ֆաբրիկանտը» կինովիպակը այնպիսի գործ է, որտեղ կան հատուկ նախանշումներ։ Սա առաջին հերթին քաղաքական  ուղղվածության գործ է, որտեղ պատկերված է տաղանդավոր մարդու անհատականության ոչնչացման երևույթը, որը փորձում է փրկել իր երկիրը»,- նշում է Անի Փաշայանը։  

16 տարի  պահանջվեց որպեսզի «Ֆաբրիկանտը» կինովիպակը նորից հիշեցնի իր գոյության մասին։ 1986 թվականին Աղասի Այվազյանը կինովիպակը վերածում է «Գաղտնի խորհրդականը» կինոսցենարի։ Եվ հայաստանյան, և մոսկովյան խմբագրական կոլեգիաները դրական  գնահատականով հաստատում են այն, և սկսվում է դերասանական կազմի  ընտրությունը։ Հրավիրված անվանի դերասաններից ոմանք ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են նկարահանվել։

«Աղասի Այվազյանը այլ դերասանական կազմով պիտի նկարահաներ այս ֆիլմը։ Գլխավոր հերոսի՝ Միլիտոնի դերում պիտի հանդես գար Սոս Սարգսյանը, բայց այդ դերը մարմնավորեց Կարեն Ջանիբեկյանը։ Գլխավոր խորհդականի դերը նախատեսված էր դերասան Ալեքսանդր Լեբեդևի համար, սակայն նրա փոխարեն հանդես եկավ Իգոր Կվաշան, Լեոնիդ Կուրավլյովն էլ պիտի մարմնավորեր Իվանին, բայց Թիֆլիսի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Յուրի Արոնյանը մարմնավորեց այդ հերոսին »,- ասում է Անի Փաշայանը։

«Գաղտնի խորհրդականը» ֆիլմի հերոսները շինարարներ են։ Նրանք պատահաբար մի դագաղ են հանում, որի մեջ գաղտնի խորհրդականի աճյունն է։ Խորհրդականը, հարություն առնելով, հեշտությամբ կողմնորոշվելով, յուրացնում է նոր ժամանակների կանոնները և, կյանքի աստիճաններով բարձրանալով, մի շարք տհաճություններ պատճառում իր փրկարարներին։

«Աղասի Այվազյանը հայ գրականության մեջ ուրվատեսլական և ցնորամտական գրի՝ ֆանտասմագորիայի հիմնադիրներից է։ Ինչպե՞ս կարող է այդքան տարի շատ լավ պահպանվել մահացած մարդու մարմինը։ Դա իսկապես ֆանտասմագորիա է և մենք հասկանում ենք, որ դրանք մետաֆորներ են և դրանք Աղասի Այվազյանի հիմնական մետաֆորներն են», -ասում է  Անի Փաշայանը։

Ֆիլմի նկարահանումներն ավարտելուց և մոսկովյան պետկինոյում այն հաստատելուց հետո 1989 թվականի հունիսի 23-ին տեղի է ունենում ֆիլմի պրեմիերան, որին հաջորդում է քար լռությունը։ Ոչ մի արձագանք. դա դառնում է ֆիլմի ճակատագիրը։ Մեկ տասնամյակ անց միայն՝ 1998 թվականին, տեղի ունեցավ ֆիլմի երկրորդ և դարձյալ վերջին հեռուստապրեմիերան։ Տարիներ անց այսպես կարելի է բնորոշել ֆիլմի այդ ցուցադրությունը։ 

«Կարևորություն չէին տալիս այս ֆիլմին և ուշադրության չէին արժանացնում ֆիլմում առկա հաղորդագրությունները։ Աղասի Այվազյանը չէր էլ ուզում այս ֆիլմի մասին շատ խոսել, որովհետև ինքը շատ մեծ միտք էր դրել, սակայն մինչև օրս էլ այն տեղ չի հասել »,- նշում է Անի Փաշայանը և կարծում, որ «Գաղտնի խորհդականը» ֆիլմը այսօր կինոգետների, գրականագետների ու նաև պատմաբանների ուսումնասիրության կարիք ունի։

Աղասի Այվազյանն իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ դեռ չի նկարահանել իր լավագույն ֆիլմը։ Ցավոք, այդպես էլ չնկարահանեց այն։ Ֆանտասմագորիկ ժանրում նկարահանված միակ հայկական՝  «Գաղտնի խորհրդականը» ֆիլմը մի շարք բախտակից ֆիլմերի նման անծանոթ մնաց հայ հանդիսատեսին։ Այս ֆիլմի նկարահանումից հետո փլուզվեց Խորհրդային Միությունը, ապա` «Հայֆիլմ»-ը։ Ժամանակները փոխվեցին, սակայն «չգաղտնազերծվեցին» ոչ Աղասի Այվազյանի «Գաղտնի խորհրդականը», ոչ էլ հայկական կինոդարակներում անարդարացիորեն հայտնված մյուս ֆիլմերը։

Back to top button