ԿարևորՎերլուծական

Գանգատ Ալիևի՞, թե՞ Ադրբեջանի դեմ․ միջազգային ի՞նչ պատժամիջոցներ կարող են կիրառվել Հայաստանի հայցով

44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ հարցադրումներ են հնչում` ինչու ՀՀ-ն բողոք չի ներկայացնում միջազգային ատյաններ՝ ընդդեմ Ալիևի, որն ակնհայտ ռազմական հանցագործություններ է թույլ տվել։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն այս հարցին ի պատասխան բացատրում է՝ նման մեխանիզմ գոյություն չունի, քանի որ ՀՀ-ն միջազգային քրեական դատարանի անդամ չէ։ Բայց այս ընթացքում պատգամավորներն են բարձրաձայնում միջազգային ատյաններում Ալիևի դեմ միջազգային պատժամիջոցների անհրաժեշտության և քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին։

Եթե միջազգային հանրությունն ազնիվ  է, պետք է դադարի սոսկ հայտարարություններ անելուց և դիմի կոնկրետ քայլերի, օրինակ՝ պատժամիջոցներ կիրառի ագրեսոր Ադրբեջանի նկատմամբ, կալանքներ դնի դրսում ալիևների ընտանիքի անդամների  հաշիվների վրա՝ պնդում է ԵԽԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Դիմում եմ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին՝ միասնական հայտարարությամբ կամ ուղերձով դիմել միջազգային կառույցներին և նշել այն կոնկրետ պատժամիջոցները, որոնք պետք  է կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ, օրինակ՝ Եվրոպայի խորհրդում պետք է կասեցվի ադրբեջանական պատվիրակության լիազորությունը։ Նավալնու պրիչոսկան խառնվում է՝ ԵԽ-ն ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում, զրկում է ձայնի իրավունքից։ Կալանքներ պետք է դրվեն Ալիևի, նրա կլանի ու նրա ընտանիքի բանկային հաշիվների վրա։ Դա մենք կարող ենք անել, այլապես մենք շատ երկար ենք սպասելու մեր տղաներին»։

Ադրբեջանն անհամարժեք զիջումներ է պահանջում․ Նաիրա Զոհրաբյանը մտահոգ է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հնարավոր ճանաչման մասին խոսակցություններով և հույս հայտնում, որ գործող իշխանությունը չի ընտրի Ադրբեջանի տարբերակը՝  կնքել ենթադրյալ «խաղաղության պայմանագիր»՝  ճանաչելով այդ երկրի տարածքային ամբողջականությունը»․

«Ադրբեջանը գերիների դիմաց պահանջում է անհամարժեք զիջումներ, որո՞նք են այդ զիջումները՝ անկլավների զիջու՞մն է, տարածքային ամբողջականության ճանաչու՞մն է։ Կարծում եմ՝ այդ մասին մենք կիմանանք սեպտեմբերի սկզբին»։

Զոհրաբյանը հիշեցնում է՝ շուրջ 2 տասնյակ հայ փաստաբաններ պատրաստակամ են մեկնել Բաքու և պաշտպանել հայ գերիների իրավունքները, սակայն դա ևս միջազգային կառույցների միջամտություն և օժանդակություն է պահանջում՝ իրականանալի դառնալու համար՝ ասաց պատգամավորը։

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի տեղեկացմամբ՝ ադրբեջանական հանցագործությունների, հայ գերիների և Արցախի ապագայի մասին հայտարարության տեքստ էր մինչ խորհրդարանական ընտրությունները ներկայացվել խորհրդարան, բայց այդ օրերին իշխող ուժը զբաղված էր քարոզարշավով և քվորում չլինելու պատճառով հայտարարությանն անդրադարձ չի եղել։ Այն չի հաջողվել օրակարգ,  ընդգրկել նաև ԱԺ  արտահերթ վերջին նստաշրջանում։ Ինչ քայլեր կձեռնարկի նոր խորհրդարանը՝ դեռ պետք է սպասել դրանց։  Իսկ այս ընթացքում ՄԻԵԴ-ն ուսումնասիրում է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գանգատը։

Եվրադատարանի հաղորդագրության մեջ գանգատի մասով, մասնավորապես, նշված է․

«Հայցվորները պնդում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում Մարդու իրավունքների կոնվենցիայի լայնատարած խախտումների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, ինչպես նաև քաղաքացիական և հանրային գույքի վրա հարձակումների, զինվորականների և քաղաքացիական անձանց մահապատիժների, խոշտանգումների և նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի, ռազմագերիներին չհանձնելու, մարտական գործողությունների շրջաններից քաղաքացիական բնակչության բռնի տեղահանման մասին»։

Ի դեպ՝ համանման գանգատ Հայաստանի դեմ ներկայացրել է նաև Ադրբեջանը։ 44–օրյա պատերազմից հետո փորձագիտական մակարդակով պարբերաբար հարց է բարձրացվում՝ ինչու ՀՀ-ն ռազմական հանցագործությունների համար բողոք չի ներկայացնում միջազգային ատյաններ՝ ընդդեմ Ալիևի։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը ճշտում է՝ անձնապես Ալիևի դեմ բողոք ներկայացնելու մեխանիզմ չկա։ Կա երկրի դեմ գանգատներ ներկայացնելու մեխանիզմ։

«Չկա նման մեխանիզմ՝ Ալիևի դեմ բողոք ներկայացնելու։ Գանգատը պետության դեմ է ներկայացվում։ Եթե լինեինք միջազգային քրեական դատարանի անդամ, ապա հնարավոր կլիներ որևէ դաշտային գեներալի դեմ բողոք ներկայացնել։ Սակայն հիմա մենք կարող ենք բողոք ներկայացնել կամ ՄԻԵԴ, կամ արդարադատության միջազգային ատյան։ ՄԱԿ–ում էլ մարդու իրավունքների կոմիտե կա։  Ի դեպ՝ հիմա մի քանի տասնյակ վարձկանների նկատմամբ է միջազգային հետախուզում հայտարարված»։

Միջազգային իրավունքի մասնագետը հիշեցրեց, որ 44–օրյա  արցախյան պատերազմի ժամանակ բազմաթիվ անթույլատրելի զինատեսակներ են կիրառվել թշնամու կողմից․

«Մասսայական ոչնչացման զինատեսակներ են կիրառվել․․․»։

ՄԻԵԴ-ում  Հայաստանի ներկայացուցիչն իր հերթին է ընդգծում և վերահաստատում՝  Բաքվի կողմից գերեվարված հայ անձանց դեմ հարուցված ցանկացած քրեական գործ զուրկ է որևէ իրավական հիմքից և բացահայտորեն հակասում է միջազգային իրավական նորմերին։ Այս խնդիրն իր բոլոր նրբություններով եւս պահանջում է միջազգային իրավական ատյանների ուշադրությունը։

Back to top button