Սփյուռքի ձայնը

Ինչն է աշխատավայրում զարմացրել սփյուռքահայ երիտասարդներին․ «Սփյուռքի ձայնը»

Հայաստանում ապրելը դժվար է, բայց՝ պարտադիր, համոզմունք են հայտնում Սիրիայից և Ֆրանսիայից Հայաստանում գտնվող կամավորները, որոնք մի քանի ամիս կաշխատեն հայաստանյան կազմակերպություններում: Նրանք հայրենիքում են «Դեպի Հայք» կազմակերպության նախաձեռնությամբ, որի նպատակն է սփյուռքահայ երիտասարդին Հայաստան բերելը: Իսկ այդ գործն սկսելու լավագույն միջոցը նրանց գործով ապահովելն է:

Արդյո՞ք սփյուռքահայերը կարողանում են աշխատել և ընտելանալ հայկական աշխատավայրերի կանոններին և չգրված օրենքներին, հարմարվո՞ւմ, թե՞ փոխում են այդ բարքերը. կամավորական աշխատանքներով մի քանի ամիս առաջ Հայաստան եկած Սարգիս Գալիկյանը՝ Սիրիայից ու Դավիթ Սապոնջյանը՝ Ֆրանսիայից, նկատում են` հայը, որտեղ էլ լինի՝ դժվարությամբ է համակերպվելու նոր միջավայրին:

«Հայաստանյան աշխատանքային միջավայրը ունի հետաքրքիր, տարբերվող առանձնահատկություններ. Օրինակ, երբ աշխատանքի սկիզբը հայտարարվում է ինչ որ ժամի, սակայն այն սկսվում է մեկ այլ ժամի և ավարտվում բոլորովին այլ ժամի: Նման իրավիճակների չեմ հանդիպել որևէ եվրոպական երկրում»,- ասում է Դավիթ Սապոնջյանը:

Երիտասարդները համոզված են, որ Հայաստանում կարող են շարունակել իրենց կյանքը, ինչի համար նախ պետք է ծանոթություն հայաստանյան միջավայրին: «Սիրիայում շատ բան ունեինք. աշխատանք, ունեցվածք, հնարավորություններ, սակայն շատերը պատերազմի պատճառով թողեցին ամեն բան ու հեռացան Սիրիայից:

Հայաստանում էլ ժամանակ առ ժամանակ դժվար իրավիճակներ են լինում: Մենք՝ սիրիահայերս, վախենում ենք, որ այստեղ էլ տուն ու ապրուստ կստեղծենք և ինչ-ինչ պատճառներով կթողնենք ու կհեռանանք»,- ցավով նշում է սիրիահայ Սարգիս Գալիկյանը, որը Հայաստանում ապրելու լուրջ մտադրություններ ունի: Երիտասարդ սփյուռքահայերը կայացել են իրենց գործում, ստացել են լավ կրթություն և ուզում են այն հօգուտ Հայաստանի օգտագործել: Կամավորների մասին այլ հետաքրքիր մանրամասներ հարցազրույցի ընթացքում:

Back to top button