ԿարևորՎերլուծական

Եռակողմ դիմադրության հարթակ՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական հավակնությունների

Սյունիքով Նախիջևանը Ադրբեջանին կապելու թուրք–ադրբեջանական գաղափարը իրականում այլ նպատակներ է հետապնդում, այն ուղղված է ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի ու նաև Ռուսաստանի դեմ՝ կարծում են քաղաքագիտական շրջանակներում։ Դրան զուգահեռ՝ հարևան Իրանն այսպես ասած ճանապարհային միջանցքի մասով վերջերս իր նոր առաջարկն է ներկայացրել՝ որոշակի առումով որպես այլընտրանք Մեղրիով անցնելիք ենթակառուցվածքին։  

Սյունիքով Նախիջևանն Ադրբեջանին կապելու ադրբեջանաթուրքական տանդեմի ձգտումները հավակնություններ են ինքնիշխան Հայաստանի նկատմամբ՝ ասում են իրանագետները՝ վերլուծելով Իրանի տրանսպորտի ու քաղաքային զարգացման նախարար Մոհամմադ Էսլամի օրեր առաջ արած հայտարարությունը, թե Թեհրանը պատրաստ է իր տարածքը տրամադրել Նախիջևանն Ադրբեջանին կապող նոր ճանապարհի համար։  Նա այս մասին ասել էր Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ, անգամ  նշել, որ այդ տարածքը կարող է լինել իրանական Թավրիզը։

Շատ վերլուծաբաններ Թեհրանի այս հայտարարությունը տպավորիչ, ուժեղ քայլ են որակում, անգամ  դրանով են պայմանավորում մայիսին  հավանական համարվող եռակողմ համաձայնագրի չստորագրումը, որի մասին խոսել էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Հաջորդիվ Ադրբեջանում Իրանի դեսպանը հայտարարեց, թե Թեհրանը դեմ է սահմանների փոփոխությանը և ոչ հաղորդակցության ուղիների բացմանը։ Միջանցքների գոյությանը կողմ արտահայտվեց նաև Իրանի հոգևոր առաջնորդը։ Այդուհանդերձ,  իրանագետ Վարդան Ոսկանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հստակեցրեց՝ մեր հարավային հարևան երկրում լավ հասկանում են ադրբեջանաթուրքական տանդեմի հավակնությունները և երբեք թույլ չեն տա, որ այդ մղումները վտանգեն Իրանի հյուսիսային թյուրքաբնակ հատվածները․

«Միջանցք կոչվածն իրականում թուրանական միջանցք է, Թուրքիայի 100–ամյա երազանքն է, որը պետք է կապի  Թուրքիան Ադրբեջանի, այնուհետև Թուրքիան Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հանրապետությունների հետ։ Սա համաթուրանական գաղափարախոսության մեջ վտանգում է Իրանի հյուսիս արևմուտքի անվտանգությունը, որտեղի բնակիչները հիմնականում թյուրքախոս են, թեև իրենց շատ հաճախ չեն նույնացնում ադրբեջանցիների հետ։ Սակայն ակնհայտ է, որ թուրք–ադրբեջանական այդ ծրագիրը որքանով ուղղված է Հայաստանի դեմ, նույնքան էլ Իրանի դեմ է»։

Իսկ հարցին ավելի գլոբալ աշխարհաքաղաքական տեսանկյունից նայելու դեպքում ըստ իրանագետի, կտեսնենք, որ դրանք ուղղված են նաև Ռուսաստանի դեմ, ինչը հաշվի առնելով՝ Վարդան Ոսկանյանն առաջարկում է եռակողմ դիմակայության հարթակ ստեղծել և «ատամներով» պահել Հայաստանի ինքնիշխան տարածքը․

«Զանգեզուրյան «միջանցքը» վտանգելու է Սյունիքի մարզի գոյությունը ու հնարավորություն է տալու Թուրքիային ու Ադրբեջանին ցամաքային կապ ունենալ, ինչը չի ենթադրում ուժեղ Հայաստան, այլ ընդամենը Արարատյան Հայաստան։ Հետևաբար, ՀՀ-ն պետք է անի հնարավորն ու անհնարը, որպեսզի ձևավորվի եռակողմ դիմադրության շարժում, հարթակ, որը միտված կլինի տապալել թուրք–ադրբեջանական ծրագրերը, քանի որ դրանում շահագրգռված են թե ՌԴ-ն, թե Իրանը»։

Իրանագետ Արմեն Վարդանյանը մի նկատառում էլ է անում՝ Սյունիքով «միջանցքի» հնարավոր գոյությունը կախվածության մեջ կդնի Իրանը Թուրքիայից, ինչը ձեռնտու չէ Թեհրանին, իսկ Իրանի տարածքով Նախիջևանն Ադրբեջանին կապող միջանցքի տրամադրումը զգալիորեն կթեթևացնի Իրանի առանց այդ էլ պատժամիջոցների պատճառով բարդ վիճակը։

«Էրդողանը նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո  բանաստեղծություն ասաց Արաքսի ափերի մասին, և դա լավ հասկացան Իրանում, հասկացան հավակնոտ նպատակները նաև Իրանի նկատմամբ։ Իսկ այդ միջանցքի առկայությունը կաշխուժացնի Իրանի տնտեսությունը»։

ՀՀ-ն տարբեր առիթներով շեշտում է՝ Նախիջևանն Ադրբեջանին Հայաստանի տարածքով կապելու որևէ միջանցքի մասին որևէ խոսք չկա՝ անգամ ապաշրջափակման սցենարների համատեքստում։ Իրանագետներն իրենց հերթին  նկատում են՝ պատահական չէր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի այցը Սյունիք, դա մեսիջ էր, որ Վաշինգտոնն էլ է հետաքրքրված Սյունիքով նոր ուղիների հարցով։

Back to top button