ԿարևորՀասարակություն

Հայաստանից ապաստան հայցողների թիվն աճում է, նրանց թվում՝ ադրբեջանցիներ

Հայաստանն ապաստան հայցողներից տարեկան ստանում է 200-ից ավելի դիմում՝ հիմնականում Սիրիայից, Լիբանանից ու Իրաքից, «Ռադիոլուրին» ասում է Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Միայն այս տարեսկզբից մինչ օրս ստացվել է ապաստան ստանալու 76 դիմում։  Մինչև հաջորդ տարեվերջ շահագործման կհանձնվի ապաստան հայցողների ժամանակավոր կացարանը: Շինարարությունն Աբովյան քաղաքում մեկնարկել է ապրիլից, այդպիսով նախատեսվում է ունենալ հատուկ կացարաններ մինչև 120 հոգու համար։

Ծրագիրն իրականացնում է Միգրացիոն քաղաքականության մշակման կենտրոնը Հայաստանի կառավարության հետ, բյուջեն 1,3 միլիոն եվրո է՝ դրամաշնորհ Դանիայի, Նիդեռլանդների ու Գերմանիայի կառավարություններից։ Այդ երկրների պատվիրակություններն այցով եղել են շինհրապարակում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին: 

Ազգությամբ քուրդ իրաքցի զրուցակցիս ճանապարհները երկու տարի առաջ Հայաստան բերեցին։ Իրաք, Նիդերլանդներ,  նորից Իրաք, Իրան։ Հետո հասավ Հայաստան։ Հայերեն խոսել սովորեց, բայց գրել ու կարդալ չգիտի, ժամանակ չունի։

«Առաջին բառը, որ սովորեցի հայերենով՝  «խնդրում եմ»-ն է»։

Հայաստանը երբեմն Քուրդիստանի հետ է համեմատում, բայց գերադասում է ապրել հենց այստեղ։ Փախստականի կարգավիճակ  ստանալու հայցը միգրացիոն ծառայությունը մերժել է, այժմ բողոքարկման հայցով դատարանում է։

«Եկա Թեհրան, երեք երեխաներիս հետ սոված, դրսում էինք, մեզ Կարմիր Խաչը օգնեց,  տվեցին մի սենյակ։ Փոքր է, բայց ոչինչ»։

Մուրադ Աբդուլիի  (անունը փոխված է)  ընկերը  հարևանները չեն, փոխարենը հարևանի շունը՝ Սևոն է ուղեկցում մեզ զրույցի ողջ ընթացքում։ Ինչպե՞ս է ապրում Հայաստանում ապաստանի թույլտվության սպասողը։ Սննդի փաթեթ՝ ամիսը երեք անգամ,  ամիսը մեկ՝  հիգիենայի պարագաներ՝ լվացքի փոշի, օճառ, անձեռոցիկ, ատամի մածուկ։  Կարիքի դեպքում՝ առողջապահական ծառայություններ։ Հայաստանը տարեկան 200-ից ավելի ապաստանի հայց է ստանում՝ «Ռադիոլուրին» ասում է Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Միայն այս տարեսկզբից  76 դիմում է ստացվել։  Հայաստանում իրենց  հետագա կյանքը դասավորելու թույլտվության ու հնարավորության սպասում է  63  մարդ։

«Հիմնականում դիմում են Մերձավոր Արևելքի երկրներից՝ Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, այն տեղերից, որտեղ ընթանում են ռազմական գործողություններ, որտեղ մարդկանց կյանքին վտանգ է սպառնում»։

Պետությունն ապաստան հայցողին նախ ժամանակավոր կացարան է տալիս։ Երբեմն  տարբեր ազգությամբ մարդիկ նույն սենյակը կարող են կիսել։ Կենսապայմանները միջազգային ստանդարտներին մոտեցնելու քայլեր են ձեռնարկվում․ միգրացիոն ծառայության պետն է մանրամասնում։ Աբովյանում հատուկ կացարան է կառուցվում Դանիայի, Նիդերլանդների ու Գերմանիայի 1,35 հազար եվրո դրամաշնորհով։ Արդեն հաջորդ տարի այն կդառնա  100-120 անձի կացարան։ Դանիայի միգրացիոն հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Նիկոլայ Ռուջին։

«Երբ մենք 2018թ  Հայաստան այցելեցինք, հասկացանք, որ  այս ոլորտում ձեր երկիրը աջակցության կարիք ունի, որպեսզի կարողանա դիմակայել այդ մարտահրավերներին։  Շատ կարևոր է նմանատիպ կացարանի կառուցումը, քանի որ այժմյան շենքը շատ հին  է, ժամանակակից ստանդարտներին չի համապատասխանում, ուստի հարցը արդիական է ու կարևոր»։

Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան  Նիկո Սխերմերսը  խոստովանում է՝  Հայաստանին աջակցում են՝ առանձնակի կարեւորելով այս խնդրի լուծումը։

«Սովորաբար Նիդերլանդների Թագավորությունը  նման ծրագրերի չի աջակցում,  սակայն, քանի որ Հայաստանի հետ համագործակցությունը  ամուր հիմքերի վրա է,  որոշեցինք ֆինանսավորել ծրագիրը»։  

Վերջին տարիներին Հայաստանում ապաստան փնտրողների թիվն ավելանում է։ Իրանից, Սիրիայից, Լիբանանից դիմում են ամենաշատը։ Ինչո՞ւ հենց Հայաստան։ Նախ՝ հարեւան երկրներից են գալիս, մոտիկ է։ Երբեմն տարածաշրջանային պատերազմներն են բերում։ Երբեմն Եվրոպա են ձգտում, բայց Հայաստան են հասնում։ Մեր երկրի պայմանները կատարյալ չեն, բայց, ի տարբերություն շատ երկրների, Հայաստանում  ապաստան հայցողները նաև աշխատելու հնարավորություն ունեն։  Ապաստան հայցողների  մի մասին պետությունը մերժել է, 57-ի դեպքում  մերժման որոշումը վիճարկվում է դատարանում։Միգրացիոն ծառայությունն անհատական տվյալներ չի կարող տրամադրել, սակայն վիճակագրության մեջ  մի դրվագ է առանձնացնում՝ միայն 2020-ին 5 ադրբեջանցի է դիմել  Հայաստանին՝ ապաստանի խնդրանքով։

Back to top button