ԿարևորՀասարակություն

Բաքվում հայ ռազմագերիներին կայցելի ԵԽԽՎ հատուկ զեկուցողը

Գերիների վերադարձի հարցը պետք է քննարկվի առանց նախապայմանների, միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում։ ԵԽԽՎ-ում Հայաստանի  պատվիրակությունն առաջնորդվել է այս մոտեցմամբ՝ ամփոփելով աշխատանքի արդյունքներն ասել են  պատվիրակության անդամները։  

Ադրբեջանցիները ԵԽԽՎ-ում խոսել են վստահության մթնոլորտի մասին, մինչդեռ, ակնհայտ է, որ առանց գերիների վերադարձի, դա անհնար է։ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը Վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովում բարձրացրել է Ադրբեջանի՝ Հայաստան տարածքներ ներխուժելու հարցը։ Դրա մասին խոսվել է, երբ հանձնաժողովը քննարկելիս է եղել Միջերկրական ծովում Թուրքիայի ռազմատենչ գործողությունների խնդիրը՝  ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը։

«Մենք զուգահեռներ անցկացրինք Ադրբեջանի հետ այն տեսակետից, որ Ադրբեջանը ևս նախ՝ ներխուժում է, ապա ասում` եկեք բանակցենք։ Ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հարցում մեր գործընկերները ԵԽԽՎ–ում հարց բարձրացրին, որ ցանկացած բանակցություն անհնար է, երբ առկա է ռազմական ներխուժում»։

ԵԽԽՎ-ն պատժիչ լծակներ չունի, բայց հայանպաստ այդ մթնոլորտը տեղափոխվում է այլ երկրներ՝ ասում է Հովհաննես Իգիթյանը։ Նույն մթնոլորտը, ըստ նրա,  ձևավորվել է  նաև Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերադարձի հարցի շուրջ։ Սոս Ավետիսյանի կարծիքով նույնպես՝ ԵԽԽՎ-ում դրական ընկալում կա այն  հարցերի շուրջ, որոնք մեզ են հուզում։

«Ես լիահույս եմ, որ մյուս պատվիրակությունը կկարողանա շարունակաբար այս աշխատանքը տանել, որովհետև սա մի աշխատանք է, որը ընդհանուր և ընդհանրական ջանք է պահանջում»։

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներից Նաիրա Զոհրաբյանը զրուցել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովի հետ և հասկացել, որ Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ անհանդուրժելի: Ըստ Զոհրաբյանի՝ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հստակ նշել է, որ գերեվարված անձանց վերադարձի մասին քննարկում հայկական կողմի հետ կարող է լինել միայն այն դեպքում, երբ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի գրավյալ տարածքներով հանդերձ: Զոհրաբյանն այս խորհրդարանին առաջարկեց հանդես գալ նոր նախաձեռնությամբ։

«Միասնական հայտարարությամբ դիմել միջազգային կառույցներին և նշել կոնկրետ պատժամիջոցները, որոնք պիտք է կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ։ Օրինակ՝ ԵԽ-ում պիտի կասեցվի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունը։ Նավալնու պրիչոսկան խառնվում է, ԵԽ-ն Ռուսաստանի հանդեպ պատժամիջոց է կիրառում, զրկում ձայնի իրավունքից։ Ավելին՝ կալանքներ պիտի դրվեն Ալիևի, նրա կլանի և նրա ընտանիքի բանկային հաշիվների վրա։ Դա մենք կարող ենք անել, այլապես շատ երկար են սպասելու մեր տղաներին»։

Արձագանքելով Զոհրաբյանի հայտարարությանը վերաբերող հարցին՝ իմքայլական պատգամավոր Սոս Ավետիսյանն ասաց, թե իրենք ադրբեջանցի պատվիրակների հետ որևէ քննարկում չեն ունեցել, ապա հավելեց, որ ռազմագերիների հարցը բացառապես հումանիտար հարց է, ու չի կարող կապված լինել որևէ այլ թեմայի հետ։

«Սա է եղել ՀՀ դիվանագիտական ուղղությունը, ինչպես նաև՝ խորհրդարանական դիվանագիտության ուղղությունը։ Եվ մեր եվրոպացի գործընկերները հստակ արձանագրում են, որ չի կարելի էս հարցերը ինչ-որ սակարկության առարկա դարձնել»։   

Տաթևիկ Հայրապետյանի դիտարկմամբ էլ՝ եվրոպացի գործընկերներն ունեն այն ընկալումը, որ գերիների հարցով Ադրբեջանի վտանգավոր գործելաոճ է որդեգրել։

«Իրենք փորձում են գերիների թեման դարձնել սակարկման առարկա, իսկ դա անընդունելի է և հակասում է ոչ միայն  միջազգային իրավունքին, այլև՝ ընդհանրապես մարդկային տրամաբանությանը, որովհետև կա հստակ հայտարարություն, կան ստորագրություններ, կա պարտավորվածություն և իրենք պարտավոր են դա իրականացնել»։ 

Ռազմագերիներին առանց նախապայմանների և անհապաղ վերադարձնելու մասին բոլոր միջազգային ատյաններում միշտ է հիշատակվել՝  հավելում է Հովհաննես Իգիթյանը։ Ըստ նրա՝ չի կարող լինել այն, ինչի մասին մտահոգություն է հայտնել Զոհրաբյանը, այսինքն՝ տարածքային ամբողջականության ճանաչման դիմաց գերիների վերադարձ։ Իշխանական պատգամավորը կարևորեց, որ գերիների հարցով միատեղվեն ամբողջ հայության ջանքերը։

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակները տեղեկացրին նաև, որ հումանիտար հարցերով ԵԽԽՎ-ում առանձին զեկույց է պատրաստվում, որտեղ ներառվելու է նաև ռազմագերիների վերադարձի հարցը։ Բաքվում հայ ռազմագերիներին, նրանց խնդրանքով, կայցելի ԵԽԽՎ հատուկ զեկուցող Փոլ Գավանը։ Նա է հեղինակելու «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» խորագրով զեկույցը։

Կարդացեք նաև
Close
Back to top button