Էվոլյուցիա

Ի՞նչ կանեն մարդիկ աղբի հետ․ «Էվոլյուցիա»

Աղբը բոլորովին էլ աղբ չէ, եթե տեսակավորվի և վերամշակվի՝ ստանալով երկրորդ կյանք։ Աղբի, այսպես ասած, ռեինկարնացիան ճապոնացիները սկսել են իրականացնել դեռ 11–րդ դարից,  այսօր էլ եվրոպական մի շարք երկրներում աղբի տեսակավորումը վաղուց արդեն ընդունված պրակտիկա է, սակայն զուգահեռ իրականությունում տարեկան ավելի քան 8 միլիոն տոննա պլաստիկ թափոն է շարունակում կուտակվել միայն ծովերում և օվկիանոսներում: 

Հայաստանում էլ աղբի կուտակումը, տեսակավորումը և վերամշակումը շարունակում է մնալ խնդիր, մասնագետներից ոմանք կարծում են, որ հնարավոր է անել այնպես, որ ապագայում աղբավայրերը ոչ թե լինեն բարեկարգ, այլ չլինեն առհասարակ։ Հնարավո՞ր է այնպես անել, որ աղբը երբեք չվերածվի աղբի, չդառնա հանրային առողջության և էկոլոգիական խնդիրների առաջացման պատճառ։

Նուբարաշենի աղբավայրը՝ Երևանում

Աղբահանությունը, ոչ բարվոք աղբավայրերն ու դրանց սխալ տեղակայությունը խնդիր են ՀՀ ողջ տարածքում։ Պարզվում է՝ անգամ սխալ են ընտրված արդեն իսկ տեղադրված աղբամանների չափերը, որոնք հաշվարկվել են ըստ քաշի, պետք էր՝ ըստ ծավալի լինեին «Գեոռիսկ» ընկերության փորձագետ Արմեն Բոդոյանն է ասում։ Հայաստանում առաջին անգամ մշակվել է կոշտ թափոնների կառավարումը մոդելավորող ծրագրային համակարգ։ Կոշտ կենցաղային թափոնների քարտեզում հնարավոր է ընտրել համայնքի աղբահանության ամենաարդյունավետ մոդելը։

Արմեն Բոդոյանն ասում է. «Չի լինելու աղբավայր հասկացողությունը, այլ լինելու է թափոնների կուտակման վայրեր և տեսակավորման մասեր, որոնք պետք է վերածվեն արտադրամասերի, ինչ վերաբերում է կենսաքայքայվող նյութերին, դրանք կարող են դառնալ բնական գազի արտադրության հումք»։

Իսկ ահա ԵՊՀ-ում՝ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում օրգանական թափոնների վերամշակման արդյունքում ստանում են կենսաջրածին, Կենսաբանական գիտությունների թեկնածու Սաթենիկ Միրզոյանն ասում է.

«Առաջարկում ենք արտադրություններին իրենց թափոնները վերամշակեն կենսաբանական ճանապարհով, ջրածնային վառելիք կարող ենք ստանալ տարբեր եղանակներով, օրինակ էլեկտրոլիզով և այլն, բայց սա բարդ է և ծախսատար, օրինակ 1կգ կենսաջրածինը էլեկտրոլիզի ճանապարհով ստանալիս արժե 16 դոլար, իսկ այսպես 1,5 դոլոր կարժենա, իսկ եթե գենետիկական ճարտարագիտության միջոցով բակտերիաներ կիրառենք, արժեքը կէժանացնենք մինչև 20 ցենտ՝ 1 կգ կենսաջրածնի համար»։

Աղբը համաշխարհային խնդիր է ողջ մոլորակի համար, կենդանիներ են մեռնում, աղտոտվում է բնությունը, վտանգվում հանրային առողջությունը, մարդն անվերջ մտնում է սպառողական ցիկլի մեջ  և գնում իրեր, որոնք կամ ընդհանրապես կամ շատ կարճ ժամանակ անց դառնում են ոչ պիտանի, ասում է բնապահպան Անի Խաչատրյանը։ Այն վարկածի շուրջ՝ արդյոք հնարավո՞ր է աղբի խնդիրը լուծել մոլորակից դուրս, օրինակ տիեզերքում, բնապահպան Անի Խաչատրյանն իր կարծիքն է հայտնում․

«Մեր մոլորակը աղտոտենք հետո անցնենք տիեզերք, ուղարկենք տիեզերք, որպես ինչ, ավելի հեշտ չի խնդիրը լուծենք, մարդկությունը իր գոյության շատ կարճ ակնթարթում հասցրել է վնասել, աղտոտել երկիրը, օգտագործել ռեսուրսենրը, մենք մեզ պետք է վերանայենք, այս մոլորակը մեզ չի հերիքում, ըստ գիտական հաշվարկների մեզ 1 ու կես մոլորակ է պետք, իսկ արդյունաբերական թափոններն ի՞նչ ենք անելու, էլի տիեզերք ենք ուղարկելո՞ւ, մանավանդ, որ տիեզերքում արդեն իսկ տիեզերական աղբ կա։»

Բնապահպանի կարծիքով, մարդը պետք է վերանայի իր ապրելաոճը, մեծ ընկերությունները պետք է սկսեն աշխատել այսպես ասած «էկոֆռենդլի» սկուզբունքով՝ արտադրելով ավելի բնական և երկար կյանք ունեցող ապրանքներ։ Կենսաբան Սաթենիկ Միրզոյանը կարծում է, որ եթե օրգանական թափոնները սկսեն վերամշակվել կենսաբանական ճանապարհով, աղբի մեծ քանակ կարող է ստանալ երկրորդ կյանք, հաջորդ բանախոսիս՝ Արմեն Բոդոյանի համոզմամբ էլ, իրենց ծրագրի բարեհաջող ներդրմամբ, եթե չլինեն ֆինանսական խնդիրներ, ապա հնարավոր կլինի առաջիկա տասը տարում Հայաստանի փոքր համայանքներում ստեղծել աղբավայր-արտադրամասեր, չթողնելով, որ աղբը վերածվի աղբի։

Ցուցադրել ավելի
Back to top button