Ժամանակի վկան

Կրասնոդարի «Արմատ» դպրոցը՝ հայկականը սնուցող արմատ․ «Ժամանակի վկան»

Սույն թվականի մայիսի 20-24-ին Կրասնոդարի հայ համայնքից հրավեր ստանալով՝ կարճատև այցով առիթ ունեցա առաջին անգամ այցելելու Կրասնոդար։ Տպավորիչ էին հանդիպումները Հայ Առաքելական եկեղեցու Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանի, Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն ավագ քահանա Բայադյանի, «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնի «Արմատ» լրացուցիչ կրթության և Հայկական ազգային-մշակութային ինքնավարության Հովհաննես Թումանյանի անվան դպրոցների ուսուցիչների ու աշակերտության, Կրասնոդարում 1991թ․ ապրիլի 30-մայիսի 8-ը բռնագաղթի հետևանքով բնակություն հաստատած գետաշենցիների, մասնավորապես, ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի աշակերտների ու աշակերտուհիների և նրանց ընտանիքների հետ։


Այս հաղորդումը «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնի «Արմատ» լրացուցիչ կրթության դպրոց կատարածս այցելության և տպավորությունների մասին է։ Հաղորդմանը մասնակցում են «Արմատ» լրացուցիչ կրթության դպրոցի փոխտնօրեն Արտյոմ Մինասյանը և ուսումնական հարցերով փոխտնօրեն, միջոցառումների կազմակերպիչ Կարինե Եղիկյանը։ «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնը, որտեղ գործում է նաև «Արմատ» լրացուցիչ կրթության դպրոցը, ներառված է Հայ Առաքելական եկեղեցու Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցական համալիրի տարածքում։

«Արմատ» դպրոցի ուսումնական հարցերով փոխտնօրեն Կարինե Եղիկյանը սիրով ուղեկցեց մեզ դպրոցի դասարաններով, ծանոթացանք երեխաների ու ուսուցիչների հետ, փոքրիկները մեզ համար հայերեն արտասանեցին ու երգեցին։ Նա ներկայացրեց նաև դպրոցում անցկացվող լրացուցիչ կրթության հիմնական ուղղությունները։ Սովորաբար մեզանում ընդունված մոտեցում կա, որ ծնողներն են ճանապարհ հարթում երեխաների համար։ Բայց Արտյոմ Մինասյանի պարագայում՝ իր բալիկի հայեցի կրթությունը նպաստեց նոր աշխատանքի անցնելուն։


Արդեն 2 տարի է, որ փոխտնօրենի պարտականությունները իրականացնող Արտյոմ Մինասյանը զբաղվում է «Արմատ» դպրոցի կրթական ծրագրերի մշակմամբ ու նոր նախագծերի կյանքի կոչմամբ։ 2021 թվականից «Արմատ» դպրոցին կից բացվել և գործում է ՌԴ-ում առաջին հայկական ամենօրյա մանկապարտեզը։
Բազմազան են իրականացվող ծրագրերը, որոնցից մի քանիսը ուսմասվարի բնութագրմամբ նորույթ են։ Խոսքը ռադիոհեռուստատեսային լրագրության նախագծերի մասին է։ «Կարդում ենք միասին»-ը և «Կարդալով դեպի աստղեր»-ը «Արմատ» լրացուցիչ կրթության դպրոցի հետաքրքիր նախաձեռնություններից են։

«Արմատ» դպրոցում ուսուցիչները բարձրագույն կրթություն ունեն, դասավանդման ընթացքում մասնակցում են նաև վերապատրաստման դասընթացների։ Արցախյան վերջին պատերազմի պատճառով հայրենիքին օգտակար լինելու ձգտումը համախմբեց նաև Կրասնոդարի հայ համայնքը։ «Արմատ» դպրոցի աշակերտությունն իր վերաբերմունքով բացահայտեց հայրենասիրական այն ներուժը, որը ձևավորվել է նաև դպրոցում ստացած կրթության ու դաստիարակության շնորհիվ, չնայած որ դպրոց հաճախողների թիվը անհամեմատ փոքր է հայ համայնքի թվաքանակի հարաբերակցությամբ։


Պատերազմի օրերին ուսուցիչները ստիպված էին լինում պատասխանել աշակերտների հարցերին, բացատրել հայրենիքում կատարվող դեպքերը։ Թե՛ ուսուցիչները և թե՛ աշակերտներն ուզում էին հնարավորինս անմասն չմնալ և օգտակար լինել սարսափելի փորձության մեջ հայտնված Արցախին ու Հայաստանին։ Հաղորդումը ձայնագրվել է Կրասնոդարի «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնի «Արմատ» դպրոցում 2021 թ․ մայիսի 23-ին։

Back to top button