Ծովահայեր

Սևանի անվանի իշխանը վերակենդանացնում են. Գիտնականներն առանձնացնում են գենը․ «Ծովահայեր»

Հայկական ապարների մշակմամբ՝ Սևանը ցիանոբակտերիաներից մաքրելու մեթոդներ են մշակվել:

Տարածաշրջանի մարգարիտը՝ Սևանա լիճն աշխարհում միակ վայրն էր, որտեղ ապրում ու բազմանում էր ազնվական ձկնատեսակը։ Գրեթե անփուշ, համեղ, օգտակար մսի ու ազնվական կենդանուն բնորոշ վարքագծի շնորհիվ հայ ժողովուրդը սաղմոնազգի այդ ձկնատեսակին անվանեց Իշխան։ Սևանում իշխանավայել ապրում էր Իշխան ձկան 4 ենթատեսակ․ ամառային իշխան, գեղարքունի, ձմեռային իշխան և բոջակ։ Ոչ վաղ անցյալում ձկան պաշարը գնահատվում էր 30 000 տոննա, այսօր՝ շուրջ 300-400 տոննա։

Երկու տասնամյակում սպառեցինք ոչ միայն ձկնապաշարը, նաև մեր անհետևողական ու անսրտացավ մոտեցման արդյունքում անհետացան Ձմեռային բախտակն ու Բոջակը։ Հայ և ռուս գիտնականներն առաջին անգամ գենային ինժեներիայի օգնությամբ փորձում են կենդանություն տալ ազնվական անհետացած ենթատեսակին։

«Վերացած ենթատեսակներից «Բոջակը» եղել է փոքր տեսակ, իսկ «Ձմեռային բախտակը»  իսկական Իշխանն է՝ կարմիր մսով։ Լճի մակարդակն իջնելու պատճառով այս երկու ենթատեսակի ձվադրավայրերը չորացել են։ Քանի որ ենթատեսակը պակասել էր, գինն էլ՝ բարձրացել՝ շատացավ նաև որսագողությունն, ու այս ենթատեսակները վերացան։ Հիմա աշխատանքներ ենք տանում, որ «Ձմեռային բախտակ» ենթատեսակը վերականգնվի»,- պատմում է ՀՀ ԳԱԱ Հիդրոէլոկոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։

Առաջին քայլով գիտնականները բացահայտելու են Իշխանի գենոմը։ Դա անելու են ռուս գործընկերների հետ, Ռուսաստանի Կուրչատովի անվան ինստիտուտում։ Ձկան գենոմի հայտնաբերումը բավականին ծախսատար աշխատանք է և առաջին անգամ ձկան այդ գենոմը բացահայտվել է։ Ինչն է հետաքրքիր, որ այդ գենոմը լիովին  հայտնաբերվել է սաղմոնի մեջ։ «Սյոմգա», որ ասում են, նախահայրն է համարվում բոլոր սաղմոնազգի ձկների։ Երկրորդ քայլով պետք էր առանձնացնել այն յուրահատուկ գեները, որոնք պատկանում են հե՛նց ձմեռային բախտակին»,- ասում է Գաբրիելյանը։

Ինչպե՞ս են առանձնացվելու գեները, ի՞նչ կենդանուց են այն առանձնացնելու: Հարցերի պատասխանը լսեք հաղորդման մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button