

Արցախի պետական համալսարանի ուսանողուհի Սոֆի Աբրահամյանը ընկերների հետ էքսկուրսիայի ճանապարհին էր, երբ իրենց խաղաղ զրույցներն ու հիշողություններն ընդհատվեցին պատերազմով:
Այդ օրերից շատ բան չի հիշում. մի քանի օր ապաստարանում, բազմոցին հանգիստ քնել՝ լիովին չգիտակցելով, թե ինչ է կատարվում հրետակոծվող Ստեփանակերտում։
Սոֆին դեմ էր Երևան գնալուն, բայց ծնողներին խղճալով՝ տեղի տվեց: Երևանում հյուրընկալվեց Ալվինայի՝ ընկերուհու մոր տանը, որն իր սեփական միջոցներով մեքենա էր վարձել ու Ստեփանակերտից տարհանել տասնվեց երեխայի՝ հյուրընկալելով իր տանը:
Հոկտեմբերի 10-ին տիկին Ալվինան դարձավ Սոֆիի կնքամայրը: Պատերազմի դադարից անմիջապես հետո Սոֆին ընտանիքի հետ գնաց Ստեփանակերտ, որտեղ լույս չկար, համացանց ունենալու հնարավորությունը զրո էր, բայց իր Ստեփանակերտն էր և ուրեմն՝ ավելի ապահով ու ջերմ: