Մոռացված ֆիլմերի ստվերները

Գորիսի պատմական նկարագրի աղճատումը. Մանարյանի՝ մոռացված ֆիլմը․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Արման Մանարյանի «Կապիտան Առաքել» ֆիլմը չանցավ միութենական Պետկինոյի քննությունը։ Մինչ այդ՝ Հայկինոյի չինովնիկները հասցրել էին անճանաչելիորեն փոխել ֆիլմի սցենարը, որպեսզի դրանում բարձրացված սուր հարցերը հանկարծ Մոսկվայի դժգոհությունը չհարուցեին։ Իսկ ֆիլմը այն մասին էր, թե ինչպես ռազմաճակատից վերադարձած չորս ընկերները պայքարում են հայրենի քաղաքի պատմական ու բնական հուշարձանների պահպանման համար։

Ռեժիսորի Արման Մանարյանի ստեղծագործական հետաքրքրությունները ներառում էին  սոցիալ-հրապարակախոսական, էկոլոգիական խնդիրներին նվիրված թեմաներ, որոնց անդրադառնալով՝ Մանարյանը փորձում էր դասական գրական արժեքների էկրանավորման կողքին ներկայացնել նաև օրախնդիր հարցեր:

Ռեժիսոր՝ Արման Մանարյան

Անցյալ դարի 80-ականներին Խորհուրդների երկրում թափ առած լայնածավալ շինարարական աշխատանքների արդյունքում աղճատվում և հողին էին հավասարեցվում պատմական նշանակություն ունեցող շինություններ, փոխվում էին գետերի հուներ, ոչնչացվում անտառներ։ Այս աղետալի երևույթները, ինչպես իրավացիորեն նշում է «Կապիտան Առաքել»  ֆիլմի օպերատոր Վրեժ Պետրոսյանը, անտարբեր չէին կարող թողնել Արման Մանարյանին։

«Ի՞նչ է նշանակում մտավորական։ Մտածող մարդ է, մտահոգ մարդ է, որն իր մաշկի վրա է զգում երկրի հետ կատարվող ամեն մի բացասական երևույթ։ Եվ շատ լավ է, որ Մանարյան եղբայրները հասկացան, որ մարդիկանց ուշադրությունը այդ խնդիրների շուրջ կետրոնանցնելու համար հարկավոր է մտավորականի խոսք», -ասում է Վրեժ Պետրոսյանը։

Կինոօպերատոր՝ Վրեժ Պետրոսյան

«Կապիտան Առաքել» ֆիլմի նկարահանումից տասը տարի առաջ Արման Մանարյանն իր եղբոր՝ Երվանդ Մանարյանի կինոսցենարի հիման վրա նկարահանեց Սևանա լճի էկոլոգիական խնդիրներին նվիրված «Սպիտակ ափեր» հրապարակախոսական ֆիլմը։ Էլեկտրաէներգիայի պակասը լրացնելու նպատակով կառուցվող ՀԷԿ-երը Սևանը կանգնեցրել էին բնապահպանական աղետի առաջ։ Դա էր պատճառը, որ Մանարյան եղբայրները որոշեցին ֆիլմի միջոցով հասարակության ավելի լայն զանգվածների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա։

Հաջորդ, ոչ պակաս մտահոգիչ խնդիրը մայրաքաղաքի ու մարզային քաղաքների պատմական դիմագծի աղճատումն էր։ Հետաքիքրիր պատմություն ունեցող քարե փոքրիկ շինությունները փոխարինվում էին նորակառույց բազմահարկ շենքերով։  Արման Մանարյանը իր առջև խնդիր դրեց այս հարցն էլ բարձրացնել  ֆիլմի օգնությամբ «Խորհրդային տարիներին ակտիվ բնապահպանական շարժումներ չկային։ Եվ դա էր պատճառը, որ Արման Մանարյանը ֆիլմի միջոցով ներկայացնում էր խնդիրը»,- նշում է կինոօպերատորը։

Մանարյան եղբայրներ

Սցենարը ամբողջացնելուց  հետո այն ներկայացվեց սցենարական կոլեգիայի դատին։ Հայաստանյան խմբագրական կոլեգիան որոշակի մտահոգություններ հայտնեց:  Քննարկումներից ու բանավեճերից հետո ստեղծագործական խմբին կարծես հաջողվեց  կոլեգիայի անդամներին համոզել, որ իրենց անհանգստացնող այդ տեսարանների առկայությունը ֆիլմում այնքան էլ վտանգավոր ու անընդունելի չէ, որից հետո  սցենարն ուղարկվեց Մոսկվա՝ հաստատման: Մոսկվան, սակայն, պահանջեց  որոշակի սցենարական շտկումներ: Սցենարում ներառված առաջին հայացքից սովորական թվացող տեսարանները անդրոպովյան ժամանակահատվածում ուղղակի անթույլատրելի էր էկրանավորել։

«Որպես կանոն Արման Մանարյանի բախտը դրամատուրգիայի առումով չի բերել։ Ֆիլմում մի տեսարան կա, որտեղ Երվանդ Մանարյանը օղու տակառը ձեռքին քայլում է փողոցում, ընկերը հարցնում է լավ օղի է, երբ պիտի վայելենք ու քանի որ անտիալկահոլային տարիներ էին Մոսկվայից այդ տեսարանը հրահանգվեց կրճատել և ասել, որ տակառի մեջ դեղաբույսերից պատրաստված թուրմ է»,- ծիծաղը չզսպելով պատմում է Վրեժ Պետրոսյանը։

Ֆիլմի նկարահանումներում ներգրաված էին բազմաթիվ դերասաններ։ Գլխավոր հերոսուհուն մարմնավորեց Վանաձորի թատրոնի երիտասարդ դերասանուհի Հասմիկ Ալեքսանյանը։  Թատրնում գեղեցիկ և կանացի դերեր մարմնավորած դերասանուհու համար այս դերակատարումը մուտք էր հայ կինոյի աշխարհ։ «Քանի որ ես առաջին անգամ էի նկարահանվում ինձ համար ամեն ինչ նոր ու տարօրինակ էր թվում, բայց ընթացքում այդ զգացողությունն անացավ ու ես լիովին ինտեգրվեցի նկարահանաման պրոցեսի մեջ, -այսպես է տարիներ անց վերհիշում ֆիլմի նկարահանումները Հասմիկ Ալեքսանյանը։

Ֆիլմի նկարահանումներն ավարտելուց հետո՝ ըստ կարգի, ֆիլմն ուղարկվեց Մոսկվա հաստատման: Առաջին դիտումը թեժ էր։ «Կապիտան Առաքել» ֆիլմը  մոսկովյան հանձնաժողովի քննադատությանն արժանացավ։ Պատճառը՝  սցենարական կոլեգիայի շտկումներն էին, որոնց արդյունքում կինոնկարը կորցրել էր իր դիմագիծը։ «Մոսկովյան պետկինոյի կրճատումները հանգեցրին նրան, որ ֆիլմի ամբողջական ասելիքը աղճատվեց։ Արման Մանարյանն էլ իր բնույթով պայքարող չէր, ինչպես օրինակ Տարկովսկին, որը ընդիմանում ու պայքարում էր ֆիլմի ամեն մի բառի, կադրի համար»,-պնդում է Վրեժ Պետրոսյանը։

83 րոպե տևողությամբ «Կապիտան Առաքել» ֆիլմը  խորհրդային տարիներին այդպես էլ չներկայացվեց հանդիսատեսի դատին։ Խորհրդային Միության փլուզումից հետո բնապահպանական խնդիրները, պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի  ձևափոխումն ու քանդումը էլ ավելի մեծ թափ ստացան։ Սակայն այլևս գեղարվեստական կինոյում այս թեման չշոշափվեց, եղածն էլ ավելի խորը մոռացվեց։

Ցուցադրել ավելի
Back to top button