ԿարևորՀասարակություն

Տեսնել նոտաներով՝ առանց լույսի․ Լուսինեն նոր բեմերի է ձգտում

Լուսինե Սարգսյանը ջութակի լարերը ոչ թե տեսնում է, այլ զգում։ Տեսողության կորուստը  թույլ չտվեց նրան դառնալ նկարիչ, բայց երաժշտական կարիերային չխանգարեց։ Տեսնում է ամենակարևորը՝ առաջիկա հաղթանակները բեմում։

Ջութակահարուհին մտադիր է զբաղվել նաև քաղաքականությամբ, ու որոշել է սկսել նախ տեսականից․ ընդունվել է Կառավարման ակադեմիա, ուսումնասիրում է քաղաքագիտություն։

Լուսինեն շոշափում է դարակը, վրան շարված գրքերը, հետո՝ ջութակը։  Գործիքը վերցնելու պահից ձեռքն արդեն չի խարխափում․վստահ լարում է ջութակն  ու սկսում է նվագել։

Բակում բոլոր երեխաները խաղում էին, Լուսինեն՝ նայում գույներին։ Գիտեր՝ արդյունքում կամ նկար կծնվի, կամ երաժշտություն։ 6 տարեկանում որոշեց՝ ջութակահար է դառնալու, 8-ում արդեն՝ իր առաջին մենահամերգին, կատարում էր առաջին հեղինակային ստեղծագործությունը։ Երաժշտական դպրոցում սովորելուց հետո ընդունվեց Կոնսերվատորիա, միաժամանակ սովորեց լարային և կոմպոզիցիայի բաժիններում, հետո՝ մագիստրատուրայում։

«Մագիստրատուրայում էի սովորում։ Լավ հիշում եմ այդ օրը, տիկին Չալոյանի դասն էր, ու մթնեց միանգամից, սկզբից մտածեցի, որ ինչ-որ սթրեսսային իրավիճակի հետ ա կապված, բայց հետո հասկացա, որ չէ»։

Ջութակահարուհի Լուսինե Սարգսյանը 21 տարեկանում նախ կորցրեց հորը, հետո՝ մորը, հետո՝ սթրեսից, նաև աչքի լույսը․

«Այդ ողբերգությունը իմ վրա անջնջելի հետք թողեց, ես կորցրեցի տեսողությունս գրեթե ամբողջությամբ, բայց դա չխանգարեց»։

«Քեռիս՝ անվանի նկարիչ Կարեն Դավթյանը՝ Կապոն, գտնում էր, որ իր նկարելու գեներն ինձ են անցել։ Յուղաներկ, գուաշ, մատիտ խենթանում էի նկարչության համար։ Ես գույները երազում եմ տեսնում հիմա»։

Լուսինեն կյանքի գույները չի տեսնում, բայց ասում է՝ իր կյանքը եռագույն է՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն։ Հիմա՝ կյանքն ու նպատակները, մանկության ու դեռահասության տարիներին՝ նկարները կապված էին հայրենիքի ու հասարակական-քաղաքական կյանքի հետ։ Նկարել է մարդկանց բազմություն, առաջնորդներ, հաղթանակ։ Դրանք ինձ ցույց տալ չի կարողանում․

«Կան տատիկիս մոտ՝ Վանաձորում։ Ինքն արդեն 83 տարեկան է։ Ասում է՝ երբ տեսողությունդ կվերադառնա՝ նկարներդ կուղարկեմ»։

«Շատ դասախոսներ կոնսերվատորիայում ասում էին՝ ինչպե՞ս է լինելու, իր կարիերան ավարտված է, կկորցնի իր տաղանդը և այլն, և այլն։ Պետք է երազել, ունենալ նպատակներ ու գնալ էդ նպատակների հետևից»։

Լուսինեն սովորեց ջութակի լարերը զգալ առանց տեսնելու, շարունակեց ուսումը, ավարտեց նաև ասպիրանտուրան։ Չդադարեց ունենալ մենահամերգներ, մասնակցել միջազգային մրցույթների։ Մեր զրույցի ընթացքում էլ հեռախոսի զանգերը չեն դադարում՝ ուսուցչին է սպասում, որ պատրաստվեն առաջիկա միջազգային մրցույթին․

«Ես հիմա գրում եմ նոր պիես ջութակի և դաշնամուրի համար, որը կոչվում է «Արցախյան շարժում 2025»։ Այդ ստեղծագործությունը պետք է կատարեմ աշնանը՝ հոկտեմբերի 1-10 կայանալիք Օվերի միջազգային ջութակահարների մրցույթին, որը կայանալու է Պետերբուրգում։ Այդ ստեղծագործության մեջ ես պատկերում եմ մեր հաղթանակները, որովհետև ես չեմ կարողանում համակերպվեմ, սա պարտություն չէր, սա ուղղակի․․․ գիտե՞ք պատերազմից հետո Չերչիլին լրագրողները հարցնում են՝ Դուք համակերպվու՞մ եք Ձեր պարտության հետ (սառը պատերազմի մասին էր խոսքը Միացյալ Նահանգների և Անգլիայի), ինքը պատասխանում է՝ սա պատերազմի պարտություն չէր, սա ընդամենը փոքրիկ մենամարտ էր։ Կարծում եմ, որ իրոք սա փոքրիկ մենամարտ էր ու դեռ հաղթանակները մեզ կսպասեն»։

Կոնսերվատորիան հասարակության սիրտն է, համալսարանը՝ բանականությունը։ Սիրտն արդեն ճանաչում է, հիմա հերթը երկրորդինն է։ Համավարակի ընթացքում, երբ համերգային գործունեությունն ընդհատվել էր, որոշեց իրագործել նպատակներից ևս մեկը՝ ավելի մոտենալ հասարակական-քաղաքական կյանքին․

«Ընդունվեցի Պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանություն ֆակուլտետը, սակայն այս մի քանի ամսվա ընթացքում հասկացա, որ իմ ֆակուլտետը քաղաքագիտությունն է, որովհետև ես փոքրուց հետապնդել եմ մի միտք, գաղափար, որ, այո, արվեստագետները պետք է զբաղվեն քաղաքականությամբ, պետք է լինեն շատ ակտիվ»։

Հիմա մրցույթներին պատրաստվելուց բացի՝ քննություններին է պատրաստվում։ Հավատում է և՛ «Արցախյան շարժում 2025»–ի հաղթանակին՝ Սանկտ Պետերբուրգի բեմում, և՛ Արցախյան շարժմանն ու հաղթանակին՝ կյանքում։

Back to top button