ԿարևորՔաղաքական

Կոալիցիա՝ իշխանությունից դուրս․ քաղաքական «ձեռքսեղմման» նոր ավանդույթ կձևավորվի՞

Անկախ Հայաստանի տարբեր շրջաններում եղել են քաղաքական տարբեր կոնսուլտացիաներ։ Որպես կանոն դրանք կազմակերպվում էին իշխանական կոալցիա ձևավորելու համար։ Հայաստանում արդեն երկրորդ օրն է, ինչ կառավարության շենքում կրկին կոնսուլտացիաներ են, բայց այս անգամ վարչապետի պաշտոնակատարի հետ բանակցում են ոչ թե ընտրությունների ընթացքում հաջողություն գրանցած ուժերը, այլ՝ անցողիկ շեմը չհաղթահարածները։

Քաղաքական այս կոնսուլտացիաների 2 հիմնական նպատակ ունեն՝ համերաշխության մթնոլորտի ձևավորում և պետության զարգացման կիրառելի ծրագրերի «հավաքագրում»՝ հետագայում օգտագործելու նպատակով։ Մինչ որոշ քաղաքական ուժեր ընդառաջ են գնացել Փաշինյանի հրավերին՝ անցկացնելու քաղաքական կոնսուլտացիաներ, մի քանիսն էլ կտրուկ մերժել են քաղաքական «ձեռքսեղմման» տարբերակները։

Քաղաքական կոնսուլտացիաների առաջին օրը Կառավարության շենք գնաց 7 քաղաքական գործիչ։ Այս փուլում քննարկումները վարչապետի պաշտոնակատարի հետ առանձին հանդիպումների ձևաչափով են։ Յուրաքանչյուրը գնացել է իր առաջարկով։

Իսկ ի՞նչ է առաջարկել Փաշինյանը Աժ–ից դուրս մնացած քաղաքական ուժերին։ Հանդիպումից մանրամասներ փոխանցում է Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, որը սկսված կոնսուլտացիաները դրական երևույթ է համարում։

«Երկրում փոփոխություններից շատ բաներ կիսատ են մնացել, այսինքն՝ հեղափոխությունը շարունակվում է։ Երկրորդը՝ լուստրացիա եղավ, որոշ ուժեր չեն գնում, իրենց գործն է, բայց անհասկանալի է պատճառը, որովհետև նշանակում է ապակայունության որոշակի տարր է մնում երկրում։ Եղել է ընդհանուր քննարկում երկրի ներքին վիճակի և արտաքին միջավայրի վերաբերյալ։ Առաջարկվել է, որ ստեղծվի մի խորհուրդ, որտեղ ոչ խորհրդարանական ուժերը կունենան հնարավորություն տեսակետ հայտնելու, սինթեզել, փոխանցել կառավարությանը կամ վարչապետին։ Եթե հարցը լուրջ դրվի, լուրջ վերաբերմունք լինի, դա պետական խորհրդի նման մարմին կարող է դառնալ։ Շատ երկրներ ունեն ոչ սահմանադրական, բայց պետական խորհրդի կարգավիճակին մոտիկ  մարմին։ Եթե դա եղավ՝ պետությունը կշահի»,- ասաց Շիրինյանը։

Ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած ուժերից Փաշինյանի հետ  խորհրդակցության հրավերն արդեն մերժել են «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունը և Կարին Տոնոյանի գլխավորած «5165» շարժումը։ «Բևեռը նպատակահարմար չի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել»,- նշված է ԱԺԲ-ի հաղորդագրության մեջ։ Իսկ «5165» շարժումը նաև տեղեկացնում է՝ ոչ միայն մերժել է Փաշինյանի, այլև ընդդիմադիր որոշ ուժերի առաջարկը։ Նրանք առաջարկել էին միասնական հարթակով ընտրությունների բողոքարկման համար Սահմանադրական Դատարան դիմել։

Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերից «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները դեռ առանձին-առանձին են դիտարկում ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու հարցը։ Որևէ հարցի շուրջ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցելու հեռանկարն այս պահից արդեն այս ուժերը մերժում են։ Ի տարբերություն «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի՝ «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համար Արթուր Վանեցյանը չի պատրաստվում իր թիմին միայնակ թողնել խորհրդարանում, եթե, իհարկե, որոշեն մանդատները վերցնել։    

«Նիկոլ Փաշինյանի կողմից որևէ առաջարկ չեմ ստացել ու ստանալու դեպքում էլ չեմ կարծում, որ մենք կարող ենք հանդիպել և ինչ-որ բանի մասին զրուցել։ Ներկա իշխանությունների հետ համագործակցել չեմ պատրաստվում այս փուլում և չեմ կարծում, որ նման օրակարգ մենք կունենանք։ Եկեք սպասենք՝ որոշ ժամանակ թող անցնի, հասկանանք՝ ընտրությունների արդյունքներն ի վերջո ինչպիսին են լինում, եթե դիմում ենք՝ ՍԴ-ն ինչ է որոշում, վերահաշվարկի արդյունքում ինչ է գրանցվում, դրանից հետո կխոսենք ավելի կոնկրետ»,- ասաց Վանեցյանը։

Չնայած այսպիսի դիրքորոշումներին՝ կառավարության շենքում կրկին ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներ են։ Միքայել Հայրապետյանի գլխավորած Պահպանողական կուսակցությունը, Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմս վարչապետի իր թեկնածու Տիգրան Արզաքանցյանի, ընդունել են Փաշինյանից ստացված հրավերը։

Միքայել Հայրապետյան․ «Ընտրությունները ցույց տվեցին, որ ազգային համաձայնության անհրաժեշտություն կա։ Դրա հակառակը Հայաստանում քաոսն է, որը հայկական օրակարգ չէ, և մենք ոչ միայն չենք սպասարկի, այլ դեմ կգնանք քաոսին, որ ուժի կողմից էլ այն հրահրվի»։

Տիգրան Ուրիխանյան․
«Եթե կառավարությունը գտնի նպատակահարմար ականջալուր լինել, դա էլ կդառնա իմ կարծիքով այն հնարավորությունը, որը կբերի էլ ավելի արդյունավետ փոխգործակցության, իսկ եթե ոչ, ապա առնվազն ժողովրդի ու երկրի համար նպաստավոր վիճակին հասնելուն։ Մենք ցանկանում ենք, որ մարդիկ թևակոխեն արդն հարատև կայունության ընթացք»։

Տիգրան Արզաքանցյան․«Մեր կուսակցությունն ունի շատ լավ ծրագրեր։ Շատ կուզեի, որ նոր կառավարության հետ քննարկենք։ Ես ինձ համարում եմ հայրենասեր հայ, ուզում եմ, որ իմ գիտելիքներն ու ծրագրերը լինեն այսօրվա իշխանության հետ։ Մենք պատրաստ ենք համագործակցել ու քննարկել բոլոր արդյունավետ հարցերը»։

Այսօր հաջողվեց այն, ինչը չհաջողվեց նախընտրական բանավեճի ժամանակ։ Քաղաքական ուժերի դասավորվածությունն այն ժամանակ այնպիսին էր, որ «հեղափոխական» երբեմնի զինակիցներ Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Սանասարյանը այդպես էլ չբանավիճեցին։ Այսօր օրվա առաջին կեսին նրանց ձեռքսեղմումը կայացավ։ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանին շատ էր հետաքրքրում, թե ինչու հարուցված քրեական գործում Փաշինյանը հավատաց ուրիշներին, այլ ոչ թե իրեն։ Այս հարցն էր ցանկանում ուղղել նախընտրական բանավեճում։ Ընտրություններից հետո վարչապետի պաշտոնակատարին արդեն ներկայացնում է հավանական համագործակցության ծրագրերը։

«Մենք նաև մեզ համարում ենք 2018 թվի հեղափոխության կրողները, ամեն ինչ անելու ենք, որ հեղափոխության հարթակից այն, ինչ խոսք ենք տվել մենք և դուք, իրականություն դառնան»,- նշեց Սանասարյանը։

Անկախ Հայաստանի հետընտրական պատմության մեջ սա, թերևս, առաջին դեպքն է, երբ քաղաքական ուժերը քաղաքական կոնսուլտացիաների են մասնակցում ոչ թե իշխանական կոալիցիա ստեղծելու, այլ խորհրդարանից դուրս մնացած ուժերի ձայնը լսելի դարձնելու համար։ Այլ հարց է, թե գործող իշխանությանը եւ խորհրդարանից դուրս մնացած ուժերի գործակցության այս ձեւաչափը որքանով կենսունակ կլինի։

Back to top button