ԿարևորՔաղաքական

Հարավային Կովկասը` «համագործակցային հակամարտության» տարածաշրջան․ ԵՄ նախարարները գալիս են Հայաստան

Հարավային Կովկասում խաղացողները հին են, իրավիճակը՝ նոր։ Քաղաքագետ Նարեկ Գալստյանը չի կարծում, որ ԵՄ նախարարները Հայաստան են գալիս պատրաստի առաջարկներով։ Այցը տարածաշրջանային է և միտված ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարներին։

«Ուստի ինչ-որ լուրջ ակնկալիքներ այդ այցի արդյունքների հետ կապված ես չունեմ։ Այս պահին ինչ-որ էական ակնկալիքներ՝ համագործակցության ձևաչափի փոփոխություն, խորացում դժվար թե լինի։ Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ԵՄ-ն կփորձի որոշակի ինտենսիվությամբ մասնակցել տարածաշրջանային գործընթացենրին, բայց էլի իր նախկին սահմաններում, այնպես չէ, որ նոր և լուրջ դերակատարում կարող է ստանձնել»,- կարծում է Գալստյանը։

ԵՄ նախարարների այցը կապ ունի տարածաշրջանային վերադասավորումների, բայց ոչ՝ արտահերթ ընտրությունների արդյունքների հետ՝ կարծում է Նարեկ Գալստյանը։ Մինչդեռ, ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի, հունիսի 20–ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքերը խթան են Եվրամիության համար՝ ավելի ակտիվ աշխատելու։ ԵՄ-ն, ըստ Գրիգորյանի, մեծացնելու է աջակցության մասշաբները։

«Հաշվի առնելով վերջին ընտրությունների արդյունքները, երբ ժողովուրդը հստակ ցույց տվեց, որ ուզում է զարգանալ ժողովրդավարական ճանապարհով, ԵՄ-ն համարեց, որ ավելի ուժեղ պետք է աջակցի,  և հենց այդ պատճառով ԵՄ ղեկավարության անունից Եվրոպական պետությունների երեք արտգործնախարարները այցելում են Հայաստան։ Այցելության գլխավոր նպատակն է քննարկել հայկական կողմի հետ՝ որ ոլորտներն են առավել կարևոր Հայաստանի համար, որ իրենք աջակցեն»,-ասում է Ստեփան Գրիգորյանը։

Տարածաշրջանում փոխվել է պետությունների կարգավիճակը, Հայաստանը զիջել է դիրքերը, Ադրբեջանը առաջատար եռյակում է՝ ասում է քաղաքագետ Նարեկ Գալստյանը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում ազդեցության համար պայքարում են Ռուսաստանն ու Թուրքիան՝ համագործակցային հակամարտությամբ։ Համագործակցում են Արևմուտքի դեմ, մրցակցում մյուս հարցերում՝ բացատրում է Գալստյանը և ավելացնում ՝ իրավիճակը նոր է, խաղացողները՝ հին։

«Նոր խաղացողներ այս պահին չեն ավելացել, պարզապես հին խաղացողների կարգավիճակն ու գործունեության հնարավորություններն են փոխվել, Թուրքիան ավելի ակտիվ է ներգրավվել։ Այսինքն՝  նոր խաղացող մեր տարածաշրջանում չկա և այդ հարցում կոնտկրետ ԵՄ-ն նոր հանձնառություններ չի կարող ստանձնել, նա չունի այդ կարողությունները, որոնք անհրաժեշտ են մեր տարածաշրջանում, նոր կարգավիճակ կամ նոր նիշա, նոր խոսք ձեռք բերելու համար»,- ասում է Գալստյանը։  

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այս հարցում այլ մոտեցում ունի։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն միշտ ուժեղ և տեսանելի խաղացող է եղել, թեև պանդեմիայի հետևանքով ստիպված է եղել ավելի պասիվ աշխատել։ Այժմ իրավիճակը փոխվել է, կառույցը  կարող է Հայաստանին լրջագույն աջակցություն ցույց տալ։ Քաղաքագետը  ԵՄ-ի վերադարձը տարածաշրջան միայն ողջունելի է համարում։

«Այո, վերադառնում է ԵՄ-ն, ես չէի ասի՝ նոր խաղացող է, բայց հիմա վերադառնում է մեծ գաղափարներով, մեծ առաջարկություններով, ու դա բխում է մեր շահերից։ Անկեղծ խոսենք, մեր տարածաշրջանը ռուս-թուրքական դաշինքին թողնելը, իրոք, հայ ժողովրդի համար հղի է լուրջ հետևանքներով»,- ասում է Գրիգորյանը։

Ռումինիա, Լիտվա, Ավստրիա․ պետությունների այս կազմը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը պատահական չի համարում։ Բալթյան երկներից Լիտվան մշտապես ուշադիր է եղել տարածաշրջանային զարգացումներին և միջտարածաշրջանային համագործակցության հակվածություն ուներ։ Ռումինան և Ավստրիան քաղաքական աջակցություն են ցույց տվել Հայաստանին,  վերջինը նաև Ցեղասպանության ճանաչման և Արցախյան հարցում։ ԵՄ պատվիրակության կազմում ընդգրկված պետությունների եռյակը քաղաքագետ Նարեկ Գալստյանը պայմանավորում է այն հանգամանքով, որ դրանք Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետություններ լինելով՝ շատ ավելի մոտ են մեր տարածաշրջանի պետություններին, քան արևմտաեվրոպական խոշոր պետությունները։

Back to top button