ԿարևորՏնտեսական

Տնկարաններ` սեփական հողակտորներում

Արմավիրի մարզում այս տարի հիմնվել է ավելի քան 180 հա կորիզավոր պտղի  նորատունկ  այգի: Տնկանյութերը ձեռք են բերում անհատ հողօգտագործողներից, որոնք զբաղվում են դրանց արտադրությամբ: Մարզում պետական տնկարանները փակվել են դեռ խորհրդային տարիներին: Պատվաստման հմտությունները փոխանցվել են սերնդե սերունդ ու այսօր էլ զարգանում են։

Արամ և Վարուժան Խալաթյաններն Արմավիրի մարզի Լենուղի համայնքում արդեն մի քանի տարի զբաղվում են տնկանյութերի արտադրությամբ: Արամն ի սկզբանե որոշել էր ժողովրդական երգիչ դառնալ:  Վոկալիստի  մասնագիտական կրթություն ստանալուց հետո, սակայն,  դիպլոմը դրեց դարակում ու փոխեց որոշումը։

«5 տարի սովորեցի, դիպլոմը վերցրեցի, բայց թեքվեցի դեպի գյուղատնտեսություն: Այս աշխատանքն ավելի սիրեցի՝ դու ես քո գլխի տերը, դու ես քո վերադասը, քո աշխատողը, մի խոսքով՝ ամեն ինչը դու ես»:

Հողն ու բնությունն ավելի զորեղ գտնվեցին․ մնաց գյուղում ու մտածեց սեփական հողը բիզնեսի միջոց դարձնելու մասին: Լենուղին ու հարակից գյուղերը զբաղվում են պտղաբուծությամբ: Գյուղը ծիրանի, դեղձի, սալորի, կեռասի ու խաղողի այգիներ ունի: Նորատունկ այգիներում իրենց տնկիներն են:

«Այս հողամասը 1000 քմ է, բայց տնկարանի տարածքը մի քիչ պակասում է, քանի որ տնկիները երբեմն հիվանդանում են, չորանում: 700-800 քմ տարածքում 10-12 հազար հատ տնկի է աճում : Հողի որակը կարևոր է: Այս հողը խոնավությունը լավ է պահում, մենք 15 օր մեկ անգամ ենք ջրում, խոնավություն ապահովում, որպեսզի  արմատները կարողանան աշխատեն»:

Նոր հիմնվող այգիների տնկանյութերն ապահովում են անհատ հողօգտագործողները: Արմավիրի մարզում պետական տնկարաններ չկան, դրանք փակվել են  խորհրդային կարգերի փլուզումից հետո: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Մարտիրոս Սարիբեկյանն ասում է՝ այգեգործները  տնկիներն աճեցնում են սեփական հողատարածքներում.

«Անհատ գյուղացիական տնտեսություններն են զբաղվում այդ գործով: Իրենց հողակտորում աճեցնում են ծիրանի, սալորի, դեղձի, կեռասի տնկիներ: Մյուս գյուղացիական տնտեսություններն օգտվում են այդ տնկիներից և հիմնում են նոր տնկարքներ, որոնց քանակն Արմավիրի մարզում տարեցտարի մեծանում է: Նախկինում պետական մակարդակով էր այդ հարցը լուծվում:  Տնկիները հուսալի են, իրենք պատվաստում են, ստանում տնկանյութն ու վաճառում»:

Վանանդում 10-ից ավելի հողօգտագործողներ տնկարաններ ունեն: Նրանք այս գործում մասնագիտացել են դեռ խորհրդային տարիներին, երբ գյուղում դեռ գործում էին պետական տնկարաններ: Վանանդ համայնքի ղեկավար Ջիվան Մանուկյանը նույնպես զբաղվում է տնկանյութերի արտադրությամբ: Համայնքի բյուջեի հաշվին հաճախ լաբորատոր հետազոտության է ենթարկում տնկարանի համար նախատեսված հողերը։

«Երկու տարին մեկ անգամ անալիզներ ենք անում ու տեղեկացնում հողօգտագործողներին, թե հողն ինչով է հարուստ, ինչով աղքատ, որպեսզի կարողանանք անհրաժեշտ  պարարտանյութը տանք՝ ֆոսֆորական, կալիումական, թե ազոտական»։

Գոմաղբով էլ են պարարտացնում: Մասնագետները խորհուրդ են տալիս տնկանյութերի  արտադրությունից հետո նույն տարածքն այդ նպատակով այլևս չօգտագործել և  այդ հողերում այլ բույսեր մշակել: Սա արվում է  արմատային հիվանդությունների զարգացումը կանխելու նպատակով: Ջիվան Մանուկյանի տնկարանում նաև պատվաստված նշի տնկիներ կան։

 «Իմ արտադրածը սեղանի սորտ է՝ շատ խոշոր: Հարակից տարածքների խոշոր հողատերերը հիմնականում ինձնից են վերցնում: Զգալի քանակությամբ տնկիներ տարել են  նաև Արտաշատ, այնտեղ հիմնել»:

Համայնքի ղեկավարն ասում է, որ Վանանդում պատվաստողները հիմնականում կանայք են: Այս հմտությունը ժառանգաբար է փոխանցվել: Պատվաստել սովորել են պետական տնկարանի գիտաշխատողից: Հիմա հանրապետության տարբեր գոտիներում տնկիներ են պատվաստում։

Ցուցադրել ավելի
Back to top button