ԿարևորՄշակույթ

«Թռիչքը» Երևանում է․ փախստականների մասին ֆիլմը կցուցադրվի հունիսի 23-ին

«Ֆիլմում հանդիպում եմ փախստականների հետ, «հանդիպել» բայը առանցքային նշանակություն ունի, որովհետև ֆիլմը դիտողներն էլ են հանդիպում այդ մարդկանց, և հանդիսատեսը կարողանում է եզրակացություն անել՝ թե ինչպիսի՞ն է փախստականի կացությունը, իսկ ֆիլմը հենց արտացոլում է այդ իրավիճակը»,-ասում է Վոն Փիլիկյանը։

Հայկական ծագումով անգլիացի կինոռեժիսոր Վոն Փիլիկյանը Հայաստանում է երրորդ անգամ։ «Ռադիոլուր»-ին պատմում է իր «Թռիչք» ֆիլմի մասին, որի հայաստանյան պրեմիերան կլինի օրերս։ Ֆիլմը  նկարահանվել է 2015-2016 թթ․, վավերագրական կադրերում ռեժիսորը հանդիպում է Ավստրիայում, Հունգարիայում, Հունաստանում և Ֆրանսիայում ապրող փախստականների հետ։ Նրանք Սիրիայից են, Պակիստանից, քրդեր են ու աֆղաններ։ Իրավիճակն իրենց երկրներում այդ մարդկանց ստիպել է հարկադրակաբար բռնել գաղթի ճանապարհը,-ասում է Փիլիկյանը։

«Ամեն մի փախստականի պատմություն կարող է դառնալ մի գրքի նյութ, մի առանձին ֆիլմի սյուժե»,-ասում է Արծվի Բախչինյանը։

Բանասեր, հայագետ Արծվի Բախչինյանը դիտել է ֆիլմը։ 80 րոպեն դիտել է լարված։ Ասում է ՝ հուզիչ և մտահոգիչ էին բոլոր կադրերը, որևէ փախստականի պատմություն առանձնացնել չեմ կարող։ «Ֆիլմը կարևոր ուղերձ է նաև այս օրերին Հայաստանում բնակվողների համար»,- ասում է Բախչինյանը, օտարությունը չի կարող լինել քաղցր, այն բերում է միայն դժվարություններ, ուստի, չպետք է հրաժարվել մնալ-պայքարելուց։

«Կարող եմ ասել, որ այս թեմայով մինչև օրս դիտած ֆիլմերի մեջ սա ամենատպավորիչն է, 80 րոպե այդ մարդկանց աշխարհում ես գտնվում»,-նշում է Բախչինյանը։

Բախչինյանը թարգմանել է նաև Փիլիկյանի բանաստեղծությունները։ Վոն Փիլիկյանը ոչ միայն կադրի սիրահար է, այլ նաև բառի, նա սանսկրիտի մասնագետ է, 2006-ին Նյու Յորքում լույս է տեսել Փիլիկյանի թարգմանած և խմբագրած «Մահաբհարաթա. գիրք 7»-ի առաջին հատորը: Բախչինյանի խոսքով, Վոնը այն արվեստագետներից է, որոնք ինքնարատահայտնվելու մի քանի ճանապարհ են ընտրում, իր պարագայում՝  կինո, գեղարվեստական թարգմանություն, պոեզիա։ Նրա դեպքում, ըստ Բախչինյանի, մեծ դեր ունեն նաև գեները․ Փիլիկյանը ռեժիսոր, գրող, մշակութաբան Հովհաննես Փիլիկյանի և ամերիկացի գրող Գեյլ Ռայդմախերի որդին է:

Վոն  Փիլիկյանի՝ փաստականների մասին պատմող ֆիլմը՝ «Թռիչքը», հանդիսատեսը կարող է դիտել հունիսի 23-ին, Կինեմատոգրաֆիստների միության փոքր կինոսրահում։ Կինոդիտումից հետո ներկաները կարող են ժապավենը քննարկել կինոռեժիսորի հետ:

Back to top button