ԿարևորՀասարակություն

Տաթևիկ Հայրապետյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է հայ ռազմագերիների թեման

Տաթևիկ Հայրապետյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է հայ ռազմագերիների թեման: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

«Ցանկանում եմ բառացի մեջբերել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսակցությունը Էրդողանի տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հետ, որը տեղի է ունեցել մոտավորապես մեկ շաբաթ առաջ օկուպացված Շուշի ուղևորվելու ճանապարհին:

Էմինե Էրդողանը հարց է ուղղում Ալիևին, թե արդյոք դեռ շա՞տ հայ ռազմագերիներ կան՝ Բաքվում պահվող: Հարցին ի պատասխան՝ Ալիևը ուրախությամբ նշում է՝ այո՛, շատ: Էմինե Էրդողանն ասում է՝ շատ լավ է, վերադարձրու նրանց փոքր «պորցիաներով»: Սա բառացի նրանց խոսակցությունն է, տեսանյութը հասանելի է Յութուբով:

Ադրբեջանն ու Թուրքիան Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ են, իսկ նրանց առաջնորդներն իրենց այսպես են պահում: Սա ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի տրամաբանությանը, այլև սա ուղղակի աննորմալ և անմարդկային մի բան է: Եվ ամեն անգամ, երբ մենք գալիս ենք այստեղ, ռազմագերիների հարազատները մեզ հարցնում են՝ ի՞նչ է Եվրոպան անում, որ օգնի վերադարձնել մեր հարազատներին:

Մենք պատասխանում ենք՝ քննարկում են, դատապարտում են, և արդյունքում մենք ունենք ռազմագերիների՝ փոքր «պորցիաներով» վերադարձ, մինչդեռ Բաքվում բազմաթիվ գերիներ կան, իսկ նրանց ընտանիքները տառապում են: Ավելի քան կես տարի է անցել, ինչ Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը զինադադարի հայտարարություն են ստորագրել: Հայաստանն իրագործել է իր պարտավորությունները, Ադրբեջանն է, որ հրաժարվում է դա անել, և հետո գալիս են այստեղ ու ասում՝ գիտե՞ք, մենք 15 ռազմագերի ենք վերադարձրել:

Շատ շնորհակալ ենք, բայց ես ցանկանում են ձեզ հիշեցնել, որ դա ձեր պարտավորությունն է անհապաղ վերադարձնել բոլոր ռազմագերիներին՝ համաձայն եռակողմ հայտարարության:Ես ցանկանում եմ ասել, որ խաղաղությունը զուտ գեղեցիկ բառ չէ, մենք արժևորում ենք խաղաղությունը ավելի, քան ցանկացած այլ ժողովուրդ, քանի որ մենք գիտենք, թե ինչ է դա՝ կորցնել թանկ մարդկանց, լինել պատերազմի մեջ, բայց խաղաղությունը ենթադրում է գործողություն, համառ աշխատանք, իսկ խաղաղության ադրբեջանական ձևը նշանակում է՝ ներթափանցել Հայաստանի ինքնիշխան տարածք, գերի պահել հայ ռազմագերիներին, պետական մակարդակով ապամարդկայնացնել հայ ժողովրդին, իսկ հետո գալ այստեղ և գեղեցիկ ձևով խոսել խաղաղության մասին: Ադրբեջանցի՛ գործընկերներ, եթե խաղաղություն եք ուզում, վերադարձեք ձեր երկիր և հարկադրեք ձեր բռնապետ Ալիևին գործել համաձայն միջազգային իրավունքի՝ վերադարձնել հայ ռազմագերիներին և դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից: Մենք պատերազմ չենք ուզում, ոչ ոք չի ուզում պատերազմ, բայց եթե խաղաղություն եք ուզում, ուրեմն՝ գործե՛ք»,- ասել է Հայրապետյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button