ԿարևորՔաղաքական

Վարչական ռեսուրսը միայն իշխանության «մենաշնորհը» չէ․ դիտորդական առաքելության տվյալները

Արտահերթ ընտրություններ՝ հերթական ընտրախախտումներով։ «Ականատես» դիտորդական առաքելությունն ամփոփել է արտահերթ ընտրություններն ու արձանագրել հիմնական խախտումները․ ուղղորդման փորձեր, կողմնակի անձանց ներկայություն, հայտարարվող քվեարկություն։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ ընտրական գործընթացը սահունէ անցել՝  առանց լայնածավալ կոպիտ խախտումների, բայց լարվածություն նկատվել է։ Խախտումների առյուծի բաժինն, ըստ դիտորդական առաքելության տվյալների, «Հայաստան» դաշինքն է արել, հաջորդում են «Պատիվ ունեմ» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» «Զարթոնք», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները։ Վարչական ռեսուրսն էլ կիրառվել է ոչ միակողմանիորեն,-ասում է Սոնա Այվազյանը․

«Այսինքն, նախկինում հիմնականում իշխող կուսակցությունը մոնոպոլ կերպով տիրապետում էր տարբեր իշխանական լծակների և գիտեինք՝ եթե վարչական ռեսուրս է՝ ով է կիրառում։ Հիմա, երբ օգտագործում ենք վարչական ռեսուրսի կիրառություն տերմինաբանությունը, կարծում եմ՝ պետք է հստակեցնենք, թե կոնկրետ ո՞վ է կիրառել, ո՞ր պաշտոնյան և ո՞ր կուսակցությունից, որովհետև միանշանակ չի հասկացվում։ Կարծես, ենթագիտակցորեն կապում ենք իշխողի հետ, բայց երբ փորձում ենք ուսումնասիրել, հասկանում ենք, որ երբեմն եղել են նաև այլ քաղաքական ուժերի համակիրներ, որոնք պաշտոն են զբաղեցնում և իրենց չափով վարչական ռեսուրս են կիրառում»։  

Դիտորդական առաքելության տվյալներով՝ ընտրատեղամասերում գրանցվել են վստահված անձանց, օրենքով սահմանված թվից, ավելի մեծ ներկայություն։ Երբեմն էլ առանձին թեկնածուներ հրաժարվել են  դուրս գալ ընտրատեղամասից։ Նման դեպքեր գրանցվել են «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների, «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ընտրատեղամասերից մեկում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ունեցել է երեք վստահված անձ, որոնցից մեկն ավելի ուշ հեռացվել է տեղամասից։ «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ նախագահ Լևոն Բարսեղյանը առավել հաճախ գրանցված խախտումներն է նշում․ապօրինի կերպով վերահսկվող քվեարկություն, ուղղորդում ամենատարբեր հնարքներով, հայտարարվող քվեարկություն, մեքենայով ընտրողներին տանել–բերել, քվեախցին մոտ կանգնել։ Զինծառայողների ուղղորդման առանձին դեպքերի հետ կապված  «Ականատես» դիտորդական առաքելությունը ևս ստացել է նման ահազանգեր, սակայն դրանք չեն եղել հօգուտ միևնույն քաղաքական ուժի։ Վարչական ռեսուրսն, ըստ Բասեղյանի, բազմազան էր ու տարբրակված․

«Դրությունը խստորեն տարբերվում է 2017–ին և նախկինում եղած ընտրությունների ժամանակ կիրառված, օգտագործված կամ չարաշահված վարչական ռեսուրսի դեպքերի փիլիսոփայությունից։ Այն ժամանակ անհնար էր պատկերացնել, որ ինչ-որ համայնքապետ բացահայտ դեմ կգնա գործող իշխանությանը, կոչ կանի իր համայնքի ընտրողներին քվեարկել նրա դեմ։ Հիմա չգիտեմ՝ լավ է, թե վատ, բազմազանացված է այդ վարչական ռեսուրսը, դիվերսիֆիկացիա է տեղի ունեցել»։

«Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»-ի ներկայացուցիչ Գենյա Պետրոսյանի խոսքով՝ խախտումների մի մասը կապված է եղել դիտորդական առաքելություն իրականացնող անձանց իրավունքների հետ։ Գրանցվել է դեպք, երբ դիտորդին թույլ չեն տվել նկարել արձանագրությունը, վստահված անձանց գրանցման էջերը։ Կամ՝ դիտորդի նկատած խախտումը չի գրանցվել գրանցամատյանում։ Այս խախտումներով պայմանավորված՝ հայցադիմուներ են ներկայացվել դատարան՝ վարչական պատասխանատվության ենթարկելու համար։ 

«Դեպքերը, վարչական պատասխանատվության կոնտեքստում, դեռ պետք է դառնան քննության առարկա։ Ենթադրվում է, որ իրավասու Ընտրական հանձնաժողովը, նաև դիտորդական կազմակերպությունները, որոնք վարչական դատավարության օրենսգրքով անմիջապես դատարան դիմելու իրավունք ունեն ՝ վարչական իրավախախտումների և օրենսգրքով սահմանված պատասխանատվության ենթարկելու պահանջով, մեղավոր անձանց հայցերը կներկայացնեն և ընթացք կտրվի այդ դեպքերին»։

Թեև հանրային դաշտում աղմուկը մեծ էր էլեկտրաէներգիայի անջատումների հետ կապված, այդուհանդերձ, դրա պատճառով խախտումներ չեն գրանցվել։ Անջատումները չեն ազդել հաշվարկի որակի վրա, թեև գրանցվել են քվեաթերթիկների հաշվման գործընթացի ժամանակ՝ 5-ից մինչև 16 րոպե տևողությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button