ԿարևորՀասարակություն

2287 մահացած անձի անուն՝ ընտրացուցակներում

Ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ  Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ստացել է 5 ահազանգ։ Սակայն քաղաքացիների ընտրության իրավունքը միայն ցուցակներում անճշտությամբ չէ, որ խախտվում է։ Հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում այդ իրավունքը հաճախ խախտվում է ընտրատեղամասերի մատչելի չլինելու պատճառով․ խախտում, որն արձանագրել են նաև դիտորդները։

Մի խումբ քաղաքացիներ այդպես էլ չկատարեցին իրենց ընտրությունը, ու խնդիրը չկողմնորոշված լինելը չէր։ Պարզապես ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 6 %-ի համար ընտրատեղամաս հասնելը իսկական փորձություն է։ Տեղամասային կենտրոնների մատչելիության գնահատումը ցույց է տալիս՝ ավելի քան  2000 ընտրատեղամասերի կեսից ավելին մատչելի չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց։ «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ» դիտորդական կազմակերպության տնօրեն Գենյա Պետրոսյանը «Ռադիոլուր»-ին հայտնեց, որ դիտարկված ընտրատեղամասերի ավելի քան 27 տոկոսը դժվարամատչելի են եղել․

«Ընդհանուր առմամբ՝ դիտարկվել է 300 ընտրատեղամաս։ Առանձին դեպքերում բացակայել են թեքահարթակները, կամ տեղամասն է անհարմար դիրքում՝ երկրորդ հարկում տեղակայված եղել։ Դրանով պայմանավորված՝ արձանագրվել է տեղամասերի դժվարամատչելիություն։ Այս խնդիրը արձանագրվում է մշտապես, բոլոր ընտրությունների ժամանակ և, ցավոք, այդպես էլ համակարգային լուծում չի ստանում։ Քանի որ ընտրատեղամասը դժվարամատչելի է, ընտրողները պարզապես չեն գալիս ընտրության՝ ի սկզբանե իմանալով, որ հնարավորություն չեն ունենալու մուտք գործել համապատասխան տեղամասային կենտրոն։

Փաստորեն, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մեծամասնությունը ոչ թե չի ցանկացել մասնակցել ընտրություններին, այլ մի որոշակի տոկոս պարզապես դրա հնարավորությունը չի ունեցել։ 

Հատկանշական է, որ ավելի վաղ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը,  անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման հնարավորություններին, նշել էր, որ ավելի լավ պայմաններ են ստեղծվել նրանց համար։

«Նախ, ավելի մեծ ուշադրություն ենք դարձրել տեղամասային կենտրոնների մատչելիությանը։ Անգամ բանավոր կերպով պայմանավորվել ենք մրցույթ կազմակերպել, թե որ համայնքը իր մոտ տեղամասային կենտրոնները կահավորելուց կվերափոխի այնպես, որ այն ավելի հարմարավետ լինի, և հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան ինքնուրույն քվեարկել։ Կույր ընտրողների համար  քվեարկության կարգի մասին նաև բրալյան այբուբենով ենք տպագրել»։

Օրենսդրությամբ ընտրելու իրավունք ունեն նաև բուժհաստատություններում ստացիոնար բուժում ստացող քաղաքացիները, զինվորները, ձերբակալվածները։ Նրանք ընտրում են շրջիկ քվեատուփի միջոցով։ Թեև այստեղ էլ կարող են տեխնկական խնդիրներ առաջանալ, օրինակ, անճշտություններ ցուցակներում, ինչպես եղել է «Ռադիոլուրին» դիմած քաղաքացու պարագայում։  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Սուսաննա Սմբատյանն ընտրատեղամասում պարզել է, որ իր անունը չկա ցուցակում․

«Ինձ համար անակնկալ էր, որ անունս չկար։ Ասացին, թե անձնագրային բաժնից պետք է ճշտենք՝  որն է պատճառը։ Դա իրենց թերությունն է եղել։ Առանց ընտրելու եկել եմ տուն։ Նույնիսկ աղջիկս գրանցված է և 12 տարի է այստեղ չի ապրում, բայց իր անունը չկար։

Ավելի ուշ Ոստիկանության անձնագրային վարչությունից պարզվել էր, որ քվեարկության վայրը փոխվել է բուժհաստատության   ցուցումով, որտեղ Սուսաննան բուժում ստանում է, բայց ոչ ստացիոնար։ Իսկ որ ամենաուշագրավն էր, քաղաքացուն ոչ ոք դրա մասին չի տեղեկացրել։ Արդյունքում՝ քաղաքացին փաստացի զրկվել է ընտրելու հնարավորությունից։  

Ոստիկանությունից «Ռադիոլուր»-ին հայտնեցին, որ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ընտրությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված  է 1505 անձ։ Ընդհանուր առմամբ՝ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստեղծված «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 350 զանգ, որից 344–ը՝ տեղեկատվական բնույթի, 5-ը՝ ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ, 1-ը՝ օտարերկրյա պետությունում մահացած անձի: Հայտնաբերվել են 2287 մահացած անձի վերաբերյալ տվյալներ, որոնք գրանցված չեն եղել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից: Հաստատված մահվան փաստով քաղաքացիների տվյալները հանվել են ընտրողների ցուցակներից: Ներկայումս ընտրացուցակներում առկա են քաղաքացիների  կրկնվող տվյալներ՝ ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ․ նրանք նույն տվյալներով այլ անձինք են։

Ցուցադրել ավելի
Back to top button