ԿարևորՀասարակություն

ԿԸՀ-ն բավարարել է ընտրակաշառք տալու համար ձերբակալված պատգամավորության թեկնածուի վերաբերյալ միջնորդությունները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) բավարարել է ընտրակաշառք տալու համար ձերբակալված պատգամավորության թեկնածուի վերաբերյալ միջնորդությունները, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Դատախազությունը հաղորդում է, որ ԱԱԾ-ից տվյալներ էին ստացվել այն մասին, որ հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուն, նախնական համաձայնության գալով Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչների հետ, արտահերթ ընտրություններին մասնակցելու և նշված դաշինքի ու դրա ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար նույն մարզի ընտրական ցուցակներում ընդգրկված 28 ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով հունիսի 4-ից 14-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել, խոստացել և տրամադրել են 20 հազարից մինչև 40հազարական դրամ կաշառք:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ ՀՔԾ-ում շարունակված նախաքննությամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էր 3 անձ, որոնցից մեկը՝ նշված դաշինքի պատգամավորության թեկնածու:

«Հաշվի առնելով վերոնշյալը՝ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից սահմանված կարգով ՀՀ ԿԸՀ միջնորդություններ էին ներկայացվել՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Այսօր կայացած նիստի արդյունքում ՀՀ ԿԸՀ-ն նշված անձի վերաբերյալ դատախազի երկու միջնորդությունները բավարարել է», — ասված է հաղորդագրությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button