ԿարևորՀասարակություն

Հանցագործության 124 դեպքից 30-ը գրանցվել է Երևանում․ ոստիկանություն

Հունիսի 20-ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը, ժամը 12.00-ի դրությամբ, Ոստիկանությունում ստացվել է 21 հաղորդում, որոնցից 7-ին ընթացք է տրվել Քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների հատկանիշներով, իսկ 14-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։  Ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանի փոխանցմամբ՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերից 1-ը գրանցվել է Երևան քաղաքում, մնացած 6 դեպքերը՝ հանրապետության մարզերում:

«Ստացված հանցագործությունների վերաբերյալ 7 հաղորդումները վերաբերվել են մեկից ավելի անգամ քվեարկելուն (4 դեպք), քվեարկության գաղտնիությունը խախտելուն (1 դեպք), գույքը դիտավորությամբ վնասելուն (1 դեպք), մարմնական վնասվածք հասցնելուն (1 դեպք): Ոստիկանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ, և այս պահին մենք ունենք 24 ահազանգ, որոնք վերաբերել են ընտրակաշառքի, ընտրատեղամասերում կուտակումների, տեխնիկական բնույթի խնդիրների։ Բոլոր ահազանգերն ուղորդվել են տարածքային ստորաբաժանումներ, ներկայումս ստուգման փուլում են»։

Ոստիկանության ներկայացուցիչն անդրադարձել է նաև նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում Ոստիկանությունում իրավախախտումների վերաբերյալ հաղորդումներին։ Ըստ այդմ՝ արձանագրվել է 246 դեպք, որից 124-ին ընթացք է տրվել։  Մնացածը առերևույթ հանցագործության հատկանիշներ չեն պարունակել, ստուգվում են ոպես պատահար։ 124 առերևույթ հանցագործության դեպքերից  30-ը գրանցվել են Երևանում։

Հանցագործության վերաբերյալ ստացված հաղորդումները հիմնականում վերաբերել են ընտրակաշառք ստանալուն, առաջարկելուն, խոստանալուն, տրամադրելուն, ընտրողի ազատ կամքին ընդդիմանալուն, խոչընդոտելուն, լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, գույքը դիտավորությամբ վնասելուն, խուլիգանության, ծեծի, սպառնալիքի և այլ դեպքեր։ Ոստիկանությունում հարուցվել է 9 քրեական գործ, 25-ը ուղարկվել է նախաքննության, մնացածով նախապատրաստվում են նյութեր։ Քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ առավել մանրամասն Ոստիկանությունը կտեղեկացնի ընտրությունների ավարտից հետո։

Back to top button