ԿարևորՀասարակություն

Արտահերթ ընտրության բացառիկ կողմերը

Անկախության 30 տարվա ընթացքում Հայաստանն տարատեսակ հերթական և արտահերթ ընտրություններ անցկացրեց, բայց 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները բացառիկ են մի քանի պատճառով ու մի շարք ուշագրավ երեւույթներով։  

Քվեարկություն՝ առանց գրիչի․ Հայաստանի քաղաքացիներն այսօր առաջին անգամ կիրառեցին ընտրության այդ ձևը։ Այն հատկապես խորթ էր տարեց ընտրողներին։ Շատ դեպքերում նրանք քվեախցերում գրիչ էին փնտրում և դժգոհում՝ կարծելով, թե քվեաթերթիկի վրա անպայման նշում պետք է անեն։ Գրիչի բացակայությունն այս անգամ ավելացրեց  տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների գործը։

Այս անգամ գրիչ չկա։

Դեպքեր եղել է, որ մարդիկ գրիչ են ուզում, մենք պարզաբանում ենք, պատրաստակամ բացատրում ենք, պետք է լինում՝ մեկ անգամ էլ չէ, մի քանի անգամ։

Համաճարակային և հետպատերազմական իրավիճակում  այս ընտրություններն անցկացվում են հանրության համար հատկապես դժվար իրավիճակում ու ծանր մթնոլորտում։ Վերջին 3 տարում արդեն երկրորդ անգամ արտահերթ ռեժիմով քաղաքացիները փորձում են ձևավորել խորհրդարան՝ ակնկալելով, որ այն կայունություն ու համերաշխություն կբերի պետությանը։ Բայց այս ընտրությունը իր մի քանի բացառիկ եւ ուշագրավ դրսեւորումներով ավելի բարդացրեց քաղաքացու կյանքն էլ, ընտրություն կատարելն էլ։

Այս ընտրությունը ունեցավ Հայաստանի պատմության մեջ ամենակարճ քարոզարշավը՝ 2 շաբաթ ընդամենը։ Ընտրապայքարին կողքից հետևողները՝ դիտորդները, քաղաքագետերն ու իրավապաշտպանները, պարբերաբար ահազանգել են ձևավորվող մթնոլորտի՝ անհանդուրժող, վրավորական, հայհոյախառն դրսեւորումների մասին։ Արդեն քարոզարշավի կեսից ահազանգերն ու մտահոգություններն ավելանում էին։

«Կուսակցությունները կարծես մոռանում են, որ ընտրությունները տեղի են ունենում հետհակամարտային, ճգնաժամային և շատ զգայուն պայմաններում։ Մեր դիտորդները 150–ից ավելի համայնք են այցելել, և բնակչության 60 տոկոսից ավելին արձանագրել է, որ քաղաքական ուժերը թշնամանք են քարոզում հասարակության մեջ։ Այսինքն՝ նաև ընտրողներն ունեն այդ տպավորությունը, որ համատարած ատելության խոսույթ է, ինչը բերում է պառակտման, ունի նաև հենց ֆիզիկական բռնության տանելու վտանգ, հոգեբանակն բռնության և այլն։ Արձանագրված դեպքերը շատ շատ են»,-ասում է «Ականատես» դիտորդական առաքելության համակարգող Մարիամ Հովեյանը։  

Ընտրությունը բացառիկ էր նախ աննախադեպ թվով քաղաքական ուժերի մասնակցությամբ, ինչը, սակայն, քարոզարշավին ամեն դեպքում չապահովեց պայքարի գաղափարական մասը։ Ընտրողներն այդպես էլ չհասցրին հանգամանորեն ծանոթանալ, թե քաղաքական ուժերից ով ինչպես է ծրագրում լուծել դժվարագույն  խնդիրները և հետպատերազմական շրջանում ամուր պետություն ստեղծել։ Եվ անգամ այս պայմաններում այս ընտրությունները բացառիկ են դրանց ընտրողների ակտիվ մասնակցությամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվերը վաղ առավոտից սկսած արդեն փաստում են՝ ընտրողները շատ ակտիվ են։

Բայց այս անգամ ընտրություն կատարողների համար ծրագրերը կարծես առանձնապես  կարևոր չէին։ Ակնհայտ է, որ ցանկություններն ավելին են, քան եղած ծրագրերը։

Ապագա ենք ցանկանում Հայաստանին։

Հանուն ազատության, հանուն խաղաղության, հանուն լավ ապրելակերպի։

Ընտրել եմ հանուն մեր երկրի ազատության, խաղաղության, որպեսզի պատերազմ չլինի էլ։

Արդարություն որ լինի՝ մեկ, երկրորդը, որ Հայաստանը լինի։

Դա գաղտնիք է, չեմ ասելու։

Այս ընտրությունները քաղաքացիների հիշողության մեջ կարող են մնալ նաև քվեախցիկներում բավականին երկար մնալու պատճառով։ Այդպես էլ չի հաշվարկվել, թե որքան ժամանակ էր հարկավոր ընտրողին քվեաթերթիկների տրցակից իր նախընտրած թերթիկը գտնելու համար։ Բայց փաստ է, որ նաև այդ գործոնն էր կուտակումների պատճառ դառնում։

Այս ընտրությունների բացառիկ կողմերից է նաև խորհրդարանի ձևավորման կարգը։ Առաջին անգամ Աժ-ն ձևավորվելու է ամբողջությամբ համամասնական ընտրակարգով՝ անցյալում թողնելով մեծամասնական ընտրակարգը և «բոնուսային» կոչվող համակարգը։ 

Խորհրդարանն այս անգամ հավակնում է ձևավորվել 25 քաղաքական ուժ։ 21 կուսակցության և 4 դաշինքի ընտրացուցակներում ընդհանուր առմամբ ընդգրկված է 2 510 թեկնածու։ Վերջին ցուցանիշի մասով եւս բացառիկություն կա։ Երբեք քաղաքական դաշտում հայտնվելու հավակնություն ունեցողների մեջ ոչ քաղաքական անցյալով այսքան մադ չի եղել։ Ու անկախ ընտրության արդյունքներից՝ կարելի է փաստել նաեւ, որ այսքան բուռն եւ այսքան շիկացած մթնոլորտում դեռ որեւէ ընտրություն չի անցել, երբ մարդիկ ընտրում են հանուն ընդդեմի։

Back to top button