Ծովահայեր

Սևանի գիտական ու զբոսաշրջային գրավչությունը․ «Ծովահայեր»

Ցամաքային երկիր, որտեղ զարգանում է ստորջրյա հնագիտությունը։ Նման բան պատկերացնո՞ւմ եք։ Իսկ մեր Սևանը Հայաստանին նման հնարավորություն տալիս է։ Հայաստանի միակ ու անկրկնելի Սևանա ծովակն իր ստորջրյա գազի ու ջրի աղբյուրներով, միլիարդավոր տարիների գոյացություններով, հնագույն կենցաղի վկայություններով, ֆլորայուվ ու ֆաունայով ուսումնասիրության ահռելի նյութ է գիտնականների համար, իսկ հասարակության ավելի լայն շերտի համար՝ ժամանցի սիրված հասցե։

Սևանի տակից դուրս եկող ջրի ու գազի աղբյուրները հայ և ֆրանսիացի գիտնականների ուշադրության կենտրոնում են։ Երկրաբան Արա Ավագյանը Հայ-ֆրանսիական սուզորդական ընկերության հետ միասին տևական ժամանակ հետազոտում է լիճը։ Սևանի հատակից ջրի երես են դուրս գալիս մաքուր ջրի աղբյուրներ, ածխաթթու գազի պղպջակներ։ Վերջին նորույթը՝ մեթանի պղպջակների հայտնաբերուն էր։ Վերջին տարիներին բուսաբանների ուշադրութան կենտրոնում էր Սևանի ֆլորան։

Ջրային բույսերը սկսեցին դիտարկել հենց ջրի հատակին։ ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Իվան Գաբրիելյանի խումբը մեր երկրի ֆլորայի հիմնական պահոցը հարստացրեց ջրային նոր բույսով՝ «Ռուպիացեյով»։ Հայաստանում հայտնաբերված նոր ընտանիքի նոր ցեղի նոր տեսակի ջրային բույսը 196 156-րդն է մատյանում և առաջին հայտնությունը 80-ականներից ի վեր։ Սևանի ավազանի ջրավչությունը առանձնակի է ընդգծվում հնագիտական տեսանկյունից։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը ուսումնասիրող գիտնականներին ու կարևոր գտածոների տարեգրությունը լավ է հիշում։ Լճաշենի հնավայրի գտածոներն արդեն կես դարից ավելի հարստացրել են Հայաստանի պատմության թանգարանի մի ամբողջ սրահ ու պահոցներ։ Հնագետ Լևոն Պետրոսյանը ոչ միայն ցուցադրվող, նաև պահոցի ցուցանմուշներն է լավ հիշում, հատկապես այն ցուցանմուշները, որոնք անձամբ է պեղել, օրինակ՝ Սևանի ավազանի դամբարանից հայտնաբերված ոսկե թագը, ինչը ներկայացվում է է ոչ թե սրահում, այլ հատուկ պահոցում։

Սևանի ավազանը մեր երկրի պատմության փառահեղ էջերի մասին դեռ պատմելու շատ բան ունի, վստահ է գիտնականը, իսկ սուզորդները Սևանի հատակից պարբերաբար նոր գտածոներ են ջրի երես դուրս բերում՝ մեր պատմության հետ։ Հայաստանում կզարգանա՞ ստորջրյա հնագիտությունը, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա։ Եվ չնայած առկա ու սպասվելիք խնդիրներին՝ Սևանն այս տարի էլ նոր բացահայտումներ է խոստանում՝ երկրաբանության, բուսաբանության, կենդանաբանության ու հնագիտության ոլորտներում։ Իսկ մինչ այդ՝ արձակուրդների շրջանն է, ժամանակն է Սևանա լճի օգնությամբ թոթափելու ամբողջ տարվա աշխատանքային լարվածությունը, ժամանակավորապես կտրվելու շրջապատող լրահոսի ու իրականության սթրեսային ներգործությունից։

Ցուցադրել ավելի
Back to top button