ԿարևորՀասարակություն

Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ձեր խղճին. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 20-ի ընտրությունների հետ կապված ուղերձ է հղել, որում կոչ է անում ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, պատգամավորության բոլոր թեկնածուներին, որ իրենց գործողություններում և գործելակերպում լինեն զուսպ և կշռադատված, զսպվածության կոչեն նաև իրենց համակիրներին ու կողմնակիցներին, լինեն հանդուրժող ու հարգալից:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավարտվեց նախընտրական քարոզարշավը։

Քաղաքական ուժերը հնարավորություն ունեին, ավելի քան 10 օրվա ընթացքում ներկայացնել այն ծրագրերն ու նպատակները, որոնք պատրաստվում են իրականացնել ձեր քվեները ստանալուց հետո:

Ցավոք, այս ընթացքում եղան նաև անհանդուրժողականության, վիրավորանքի, սպառնալիքի դրսևորումներ, եղան նաև միջադեպեր, որոնք հարիր չեն ժողովրդավարության ձգտող կամ ժողովրդավարությունից խոսող որևէ քաղաքական ուժի կամ գործչի։

Անթույլատրելի, անընդունելի և խստորեն դատապարտելի են իրավական ու բարոյական սահմանները հատելը, իրավիճակը լարելը, առավել ևս՝ ատելություն և թշնամանք հրահրելու բոլոր փորձերը։

Կոչ եմ անում ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, պատգամավորության բոլոր թեկնածուներին, որ իրենց գործողություններում և գործելակերպում լինեն զուսպ և կշռադատված, զսպվածության կոչեն նաև իրենց համակիրներին ու կողմնակիցներին, լինեն հանդուրժող ու հարգալից, հանուն քաղաքական նպատակների չխախտեն բարոյականության սահմանները։

Իրավապահ մարմիններից պահանջում եմ, որ նրանք խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, լինեն անաչառ, դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, գործեն օրենքին հավատարիմ։

Այս ընտրությունները տեղի են ունենում բարդ, ճգնաժամային իրավիճակում և վճռորոշ նշանակություն ունեն մեր պետության ու ժողովրդի համար։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր լռության օր է։ Իսկ կիրակի՝ հունիսի 20-ին, յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը:

Որ քաղաքական ուժին էլ նախապատվություն տաք, ինչպիսին էլ լինի ձեր որոշումը, հիշեք, որ դա որոշում է՝ հանուն Հայրենիքի, հանուն մեր պետության, հանուն ձեր և ձեր ընտանիքի վաղվա օրվա։

Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ու միա՛յն ձեր խղճին։

Հաջողություն և ամենայն բարիք…»,- ասված է ուղերձում:

Ցուցադրել ավելի
Back to top button