ԿարևորՀասարակություն

Քարոզարշավի բառապաշարը՝ խնդիր դիտորդների համար

Մուրճի և մանգաղի, ծրագրերի փոխարեն անձնավորված վիրավորանքների և սպառնալիքների արանքում հայտնված ընտրողը 2 օր հետո կատարելու է իր ընտրությունը։  Ընտրապայքարի գրեթե բոլոր մասնակիցները համաձայն են մեկ հարցում ՝ հունիսի 20-ի վճռորոշ օր է Հայաստանի համար։ 12-օրյա քարոզարշավն աչքի ընկավ քաղաքական անհանդուրժողականությամբ՝  փաստում են քաղաքագետներն ու իրավապաշտպանները:

Քարոզարշավի բառապաշարը խնդիր է անգամ դիտորդների համար: «Ականատես» դիտորդական առաքելության համակարգող Մարիամ Հովեյանը խոստովանում է՝ դեռ չգիտեն, թե ինչ ձևակերպումներով են այդ խնդրին անդրադառնալու իրենց զեկույցներում:

«Մենք անգամ տատանվում ենք՝ արդյո՞ք կարելի է մեջբերումներ անել, օրինակ, նմանատիպ խոսույթից զեկույցներում: Չենք ուզում լեգիտիմացնել այդ բառերը, արտահայտությունները՝ հայհոյախառն, անպատկառ և բացարձակապես անտեղի բառապաշարը, որը լցվել է մրցապայքար: Եվ հենց դրանով են կարծես ուժերը մրցակցում, ոչ թե իրենց ծրագրերով ու գաղափարախոսություններով: Կուսակցություններն ու դաշինքները, կարծես մոռանում են, որ ընտրությունները տեղի են ունենում հետհակամարտային, ճգնաժամային և շատ զգայուն պայմաններում: Այս իրավիճակում օգտագործել այնպիսի բառապաշար, անել այնպիսի քարոզ, որ ներկայում անում են կուսակցություններն ու դաշինքները, ծայրահեղորեն անընդունելի ու դատապարտելի է դիտորդական առաքելության, նաև բնակիչների կողմից: Մեր դիտորդները 150-ից ավելի համայնքներն են այցելել, և բնակչության 60%-ից ավելին արձանագրել է, որ քաղաքական ուժերը թշնամանք են քարոզում հասարակության մեջ»: 

Դիտորդներն այս խնդիրը արձանագրել են հատկապես երկու քաղաքական ուժի կողմից:

Խնդրահարույց դրսևորումներն ու ահազանգերն արդեն շատ են: Ընտրակաշառքի փաստեր դիտորդները դեռ չեն արձանագրել, ասում են՝ քաղաքացիները շատ զգուշավոր են խոսում այդ ամենի մասին: Բայց հնչել է հրապարակային խոստում, որով ընտրակաշառքի տեսագրության համար պարգևատրում է նախատեսվում: «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»-ի իրավաբան Երանուհի Թումանյանցի մեկնաբանմամբ՝ տվյալ խոստումը ընտրակաշառքի պես խնդրահարույց է.

«Անհասկանալի է՝ ինչպես է այդ 500 հազար դրամը տրվելու, որ միջոցներից է տրամադրվելու և այլն: Այսինքն՝ բավականին հարցեր առաջացնող հայտարարություն է և, իհարկե, կարող է նաև լինել ուղղակի հայտարարություն հայտարարության համար»:

«Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում նույնպես շատ են  հարցերը նախընտրական շրջանի վերաբերյալ: Այստեղ հաշվարկել են, թե մոտավորապես որքան գումար է քողարկված ծախսվել՝ շրջանցելով օրենսդրական պահանջները: Խոսքը ժամկետից շուտ քարոզարշավ սկսելու, քարոզչության հետ որևէ կապ չունեցող, բայց քարոզարշավային ազդեցություն ունեցող գովազդային նյութերի մասին է: Դրանց ծախսերը ԿԸՀ չեն ներկայացվել, քանի որ քարոզարշավի սահմաններում չեն, բայց հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանի հավաստմամբ՝ ծախսվել են միլիոնավոր դրամներ: Այսինքն՝ քարոզչության ֆինանսավորման մի հատվածն  այս ընտրություններում այդպես էլ անվերահսկելի է մնացել:

«Մայիսի 11-ից մինչև հունիսի 7–ն ընկած ժամանակահատվածը բաց էր և կարգավորման ենթակա չէր: Այսինքն՝ մենք այստեղ հստակ կարող ենք արձանագրել թափանցիկության խնդիր և հաշվետվողականության, որովհետև դրանք սովորաբար չեն արտացոլվում հիմնադրամների կողմից հայտարարագրված ծախսերում: Դիտորդներն այցելել են մոտ 350 նախընտրական շտաբ տարբեր կուսակցությունների: Շտաբներում արձանագրել են ավելի քան 500 աշխատող և 4200 կամավոր: Եթե մենք փորձենք այդ ռեսուրսը վերածել գումարի, ապա մենք ունենք նախընտրական շտաբների համար տարածքային մասով գնահատված շուրջ 27 միլիոն դրամ, որոնք չեն հայտարարգրվում և շուրջ 380 միլիոն՝ մարդկային ռեսուրսների ծախսեր»:

Եթե «Ականատես» դիտորդական առաքելության համակարգող Մարիամ Հովեյանը խոսում է նախընտրական շրջանում հատկապես երկու քաղաքական ուժի կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին, ապա Ընտրությունների վերահսկման կոմիտեից Ռուբեն Մելիքյանն արդեն այսօր ահազանգում է կոնկրետ խնդիրների մասին:

Մարիամ Հովհեյան․ «Տարբեր մակարդակներ ունենք պարտադրանքի՝ ակնարկներից ընդհուպ մինչև աշխատանքից ազատման սպառնալիք: Ահազանգերը բազմաթիվ են, և քարոզարշավի ինտենսիվության հետ դեպքերը շատանում են և աշխարհագրությունն էլ մեծանում է: Բայց պետք է նշեմ, որ այն պատկերացումը, որ կա, թե վարչական ռեսուրսին տիրապետում է միայն իշխող ուժը, իրականում կան դեպքեր, երբ իշխող համայնքապետերը և ՏԻՄ ղեկավարները ռեսուրսներն օգտագործում են  հօգուտ ընդդիմադիր գործիչների, կուսակցությունների, դաշինքների»:

Ռուբեն Մելիքյան. «Քրեականատարողական հիմնարկներից մենք արդեն ստացել ենք մի քանի ահազանգեր այն մասին, որ կոնկրետ Վարդաշեն, Նուբարաշեն և Արմավիր քրեակատարողական հիմնարկներում սկսվել է աշխատանք դատապարտյալների հետ: Երկրորդ ահազանգը վերաբերում է այն փոքր ընտրատեղամասերին, հիմնական գյուղական համայնքներում, որտեղ տեխնիկական կահավորումն ապահոված չէ՝ տեսանկարահանման և հեռարձակման օնլայն ձևով, և այս պահին նախապատրաստվում են  բաց քվեարկության որոշակի ընթացակարգեր»:

«Ականատես» դիտորդական առաքելության երկրորդ զեկույցն արդեն հասանելի է հանրությանը։ Դիտորդների խոսքով՝ այնտեղ կան փաստեր, որոնք կարող են հետաքրքրել իրավապահ մարմիններին:

Back to top button