ԿարևորՀասարակություն

Սահմանագծումն ու սահմանազատումն անհրաժեշտ են, բայց ոչ հիմա

Դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ Կառավարության մոտեցումը վտանգավոր է երկարաժամկետ հեռանկարում՝  զգուշացնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Արման Թաթոյանի  համոզմամբ՝ Կառավարությունը պարտավոր է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի շուրջ քննարկումների հիմքում դնել ՀՀ բնակիչների, առհասարակ` մարդու իրավունքները:

«Չի կարելի պետական սահմաններին վերաբերող հարցերը քննարկել միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից` հատկապես պայմանավորված պատերազմի հետևանքներով ու ադրբեջանական թշնամանքի քաղաքականությամբ։ Դելիմիտացիան ու դեմարկացիան տասնյակ տարիներ կարող են տևել։ Մինչդեռ ՀՀ բնակիչների իրավունքները չեն կարող տասնյակ տարիներով մնալ խախտված, իսկ կյանքն ու անվտանգությունը՝ լրջորեն վտանգված», -նշում է Պաշտպանը և հիշեցնում՝  միջազգային ուղիղ պահանջ է, որ սահմանագծումն ու սահմանազատումը լեգիտիմ չեն, եթե խաթարում են սահմանային բնակչության բնականոն կյանքը, հաշվի չեն առնում մարդու իրավունքներն ու իրավունքի գերակայությունը։  

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Ռադիոլուրի»  հետ զրույցում նկատում է՝ իրականում սահմանագծումն ու սահմանազատումն անհրաժեշտ են,  և դրան պետք է ոչ ցավագին վերաբերվել։ Սակայն փորձագետի համոզմամբ՝ գործընթացն այս փուլում նպատակահարմար չէ իրականացնել։

«Այս ժամանակահատվածը հաստատ դրա ժամանակը չէ, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ դեռեւս կա Արցախի կարգավիճակի հարց։ Եվ նոյեմբերի 9-ի այդ փաստաթուղթը, որը ստորագրվել է,  ըստ էության , խաղաղության  փաստաթուղթ չէ։ Դա ժամանակավոր հրադադարի կամ,  ինչպես կուզեք ասեք, կրակի դադարեցման փաստաթուղթ է եւ խնդիրը, որը եղել է 90-ականներից դեռևս գոյություն ունի»։ 

Փորձագետը ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի թեման ակտիվանում է նախընտրական ժամանակաշրջանում։ Դա, ըստ  Հովհաննիսյանի, ակնհայտորեն միտված է մեկ նպատակի։

«Փորձ է կատարվում միջնորդ պետության կողմից հասկացնել, որ ամեն դեպքում, ինչ իշխանություն էլ լինի Հայաստանում, պետք է հաշվի առնի, որ արդեն ժամանակն է եկել սահմանազատման եւ սահմանագծման»։ 

Փորձագետը կարծում է, որ գործընթացը ցավագին ընդունել պետք չէ, բայց պետք է հստակ պահանջներ դնել  և դրանց  կատարումից հետո միայն անցնել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին։

Back to top button