ԿարևորՄշակույթ

«Խաչատրյանական օրեր»՝ Վիքիպեդիայում

Մինչև տարեվերջ հայկական Վիքիպեդիայում առնվազն հայերենով հասանելի կլինի գրեթե ամեն ինչ՝ վերաբերող հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կյանքին, ստեղծագործություններին, տուն-թանգարանի գործունեությանը՝ ասում է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ համահիմնադիր Մհեր Բեքարյանը․

«Մինչև տարվա վերջ փորձելու ենք հայերեն նյութերը լրացնել, ամռան վերջից էլ սկսելու ենք թարգմանել հոդվածները անգլերեն և ռուսերեն, սրանք Վիքիպեդիայի երկու հիմնական լեզուներն են»,-ասում է Մհեր Բեքարյանը։

Վիքիպեդիան հասանելի է աշխարհում ավելի քան 300 լեզուներով։ Մհեր Բեքարյանն ասում է՝ նպատակ ունեն հետագայում դիմել  միջազգային վիքի հանրությանը՝ հոդվածները նաև այլ լեզուներով թարգմանելու և տարածելու համար։ Համագործակցությունը Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանի հետ սկսելու են հունիսի 21-ից, տուն-թանգարանի հանրահռչակման և ցուցադրությունների կազմակերպման բաժնի ավագ գիտաշխատող Լիանա Կարապետյանն ասում է, որ նախագծի մեկնարկի օրը պատահական չեն ընտրել․

«Հունիսի 21-ը պատահական օր չէ․ 80 տարի առաջ, հենց այդ օրը տեղի է ունեցել Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի պրեմիերան, որի երաժշտությունը գրել է Արամ Խաչատրյանը, և այս հոբելյանական օրը վերցրել ենք որպես այս կարևոր գործունեության մեկնարկ»,-նշում է Լիանա Կարապետյանը։

Հոդվածները գրելու, խմբագրելու են տուն-թանգարանի աշխատակիցները, Լիանա Կարապետյանի խոսքով տուն-թանգարանը միշտ էլ հանդես է եկել տարատեսակ հոդվածներով, և Վիքիպեդիայում դրանք տեղադրելու և նորերը գրելու այս հնարավորությունը ևս շատ կարևոր է։ Խաչատրյանի վերաբերյալ կան տարածված միֆեր, օրինակ Սալվադոր Դալիի և Խաչատրյանի հանդիպման հայտնի պատմությունը, որոնք  իրականությանը չեն համապատասխանում։ Այդպիսի պատմություններ շատ կան, ասում է Լիանա Կարապետյանը, դրանց  մասին ևս պատրաստվում են հոդված հրապարակել։

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ համահիմնադիր Մհեր Բեքարյանը կարևորում է այս նախագիծը և արդյունավետ գնահատում հայ խմբագիրների աշխատանքը Վիքիպեդիայում․

«612 ակտիվ խմբագիր ունենք, որոնք ամսվա կտրվածքով ակտիվ գործունեություն են ծավալում։ Այս պահին հայերեն վիքիպեդիայում կա արդեն խմբագրված, վերջնական տարբերակով 285262 հոդված։ Սա լավ ցուցանիշ է, աշխարհում 300 լեզուներով վիքիպեդիաների մեջ մենք 30-րդ տեղում ենք, ինչը բարձր նշաձող է»,-ասում է Մհեր Բեքարյանը։

Մհեր Բեքարյանն ասում է՝ նախկինում խնդիրը հայալեզու հոդվածների քանակն ապահովելն էր, այժմ խնդիրը դրանց  որակն ապահովելն է։

Back to top button