ԿարևորՀասարակություն

Ընտրողների 51 տոկոսն է մասնակցելու ընտրությանը, 22.9 տոկոսը միանշանակ չի մասնակցելու․ հարցում

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ «Գելլափ ինթերնեշնլ» ասոցիացիայի վերջին հարցումների արդյունքներով առաջատարը «Հայաստան» դաշինքն է, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրը», երրորդում «Պատիվ ունեմ» դաշինքը։ Ըստ դրանց՝ խորհրդարան անցնելու շանսեր ունեն նաև ԲՀԿ–ն ու «Լուսավոր Հայաստան»-ը։ 

Ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը նշել է, որ քաղաքական նախասիրությունները մարզերում և մայրաքաղաքում տարբեր են։ Ուժերի մի մասը Երևանում ավելի շատ համակիրներ ունեն, քան գյուղական համայնքներում և հակառակը։ 

Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը, որը Հայ հեղափոխական դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների միավորումն է, այս պահին ավելի շատ կողմնակիցներ ունի, քան Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»: Սա՝ ըստ «Գելլափ ինթերնեշնլ» ասոցիացիայի հարցումների։ Դրանց  արդյունքներով՝ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առաջին հնգյակում կլինեն նաև «Պատիվ ունեմ» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններ՝ մանրամասնեց ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը։

«Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկի հարցվածների 28,7 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 25,2 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 10,8 տոկոսը։ Սրանք հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Գելլափ ինթերնեշնլ» ասոցիացիայի հարցումների արդյուքներն են»։

Ըստ հարցումների՝ «Բարգավաճ Հայաստան»–ի օգտին կքվեարկի հարցվածների 5,4, «Լուսավոր Հայաստան» –ի օգտին՝ 5,2 տոկոսը։ «Ոչ մեկին» պատասխանել է հարցվածների 2,7 տոկոսը, դժվարացել է պատասխանել հարցվածների 4,1 տոկոսը։ Արան Նավասարդյանի խոսքով՝ քաղաքական նախասիրությունները մարզերում և մայրաքաղաքում տարբեր են։

« «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բարձր ցուցանիշներ ունի գյուղական համայնքներում՝ 32,9, փոխարենը ամենանվազ ցուցանիշն ունի մայրաքաղաքում՝ 16,4 տոկոս։ Նույնի հայելային պատկերը «Հայաստան» դաշինքն ունի.18 տոկոս գյուղական համայնքերում, 35 տոկոս՝ Երևանում։ Մայրաքաղաքում բարձր ցուցանիշներ է գրանցել նաև «Պատիվ ունեմ» դաշինքը։  Գյուղական համայնքներում համեմատաբար շատ ընտրողներ ունի նաև «Բարգավաճ Հայաստանը»։

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների գլխավոր առանձնահատկություններից մեկը դրանց  մասնակցող ուժերի  քանակն է․ ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերի թիվը երբեք  այսքան մեծ չի եղել։ «Ռադիոլուրի» հարցին, թե քարոզարշավի ընթացքում որքանով հանրությանը ճանաչելի դարձան մասնակից ուժերը, Արամ Նավասարդյանը պատասխանեց․

«Ամենաշատը տեսել են «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը։  2-րդ տեղում «Հայաստան դաշինքն» է, ապա «Բարգավաճ Հայաստանն» ու «Պատիվ ունեմը»։

Բայց ավելի շատ տեսնելը դեռ չի նշանակում ընտել։  Միգուցե ավելի շատ տեսավ, մտքափոխվեց»։

Անդրադառնալով ճնշումներին՝ Արամ Նավասարդյանը նկատեց, որ ավելի շատ անվստահության դրսևորումներ են եղել ինչպես մասնակցի ուժերի, այնպես էլ լրատվամիջոցներից մի քանիսի և անհատների կողմից։

«Ցանկացած տվյալ, որ ես հրապարակել եմ, ես պատասխանատու եմ անձամբ և ես վստահեցնում եմ, որ դրանք ճիշտ են՝ անկան նրանից, դրանք դուր են գալիս քաղաքական ուժերին, լրատվամիջոցներին, անհատներին, թե ոչ։ 2018 թվականից սկած, երբ «Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի գնահատականը ֆանտաստիկ բարձր էր, արձանագրել ենք մեր հարցումներով և ներկայացրել ենք։ Ես չեմ հիշում, որ իշխանական թևից ինչ–որ մեկը դժգոհություն կամ կասկածներ ունենար։ Քանի որ այս վերջին ցուցանիշները իրենց մոտ անկում էր ապրում, նույն մարդիկ, ովքեր ծափահարում էին մեր հարցումներին, հիմա ասում են, որ այդ թվերը արժանահավատ չեն։ Հիմա կողմնորոշվենք՝ կամ այն ժամանակ էլ ճիշտ չէին , կամ հիմա էլ»։

2018-ի արտահերթ ընտրություններից առաջ  իրավիճակը գրեթե միանշանակ էր և ակնհայտ էր, որ  հեղափոխությունից հետո ՔՊ–ն հաղթելու է ։ Համոզվելու համար, թե որքանով են Գելլափի նախընտրական հարցումները համապատասխանել իրականությանը, աչքի անցկացրինք կազմակերպության՝ 2017-ի ընտրություններին վերաբերող  արդյունքները։

2017-ի ապրիլի 2- ընտրություններից առաջ՝ մարտին,  Գելլափի հարցումները  ֆավորիտներին հետևյալ կերպ էին բացահայտել

«Ծառուկյան» դաշինք` 26,4 տոկոս, «ՀՀԿ»–ն՝ 22,8 տոկոս, «Ելք»` 4,3 տոկոս, «ՀՅԴ»` 3,9 տոկոս։ «Ելքն» ու ՀՅԴ–ն, ըստ այդ հարցումների, խորհրդարանում պետք է չլինեին, իսկ «Ծառուկյան» դաշինքը պետք է ավելի շատ մանդատ ունենար, քան ՀՀԿ–ն։

Առաջին քառյակին հարցումներն, ըստ էության,  ճիշտ էին բացահայտել, բայց սխալվել էին  տոկոսների հարցում։  2017-ի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքով ձևավորված 6-րդ գումարման խորհրդարանում ներկայացված է եղել 4 ուժ հետևյալ համամասնությամբ՝ ՀՀԿ–ն ստացել է մանդատների շուրջ 50 տոկոսը, ԲՀԿ–ն՝ 28-ը, «Ելքը» ՝ համարյա 8–ը, ՀՅԴ–ն ՝ 7 տոկոսը։

Վերադառնալով այս ընտրություններից առաջ Գելափի հարցումներին․

Հարցվածների կեսից ավելին պատրաստվում է մասնակցել հունիսի 20-ի ընտրություններին, մեկ քառորդն էլ միանշանակ չի մասնակցելու։  51,1 տոկոսը պատասխանել է «միանշանակ մասնակցելու եմ», 11,4 տոկոսը՝ «ավելի շուտ մասնակցելու եմ», 13,8 տոկոսը՝ «ավելի շուտ չեմ մասնակցելու», 22․9 տոկոսը՝ «միանշանակ չեմ մասնակցելու», հարցին դժվարացել է պատասխանել է հարցվածերի 0,7 տոկոսը։ «Միանշանակ մասնակցելու եմ» ցուցանիշը նախորդ հարցումների համեմատությամբ նվազել է։

Հարցումներն իրականացվել են հեռախոսով հունիսի14-16 –ը, հարցմանը մասնակցել է  1105 ընտրող։

Back to top button