Մտքի ուժը

Տաթևի համալիրի տարածքում ստորերկրյա ջրեր են հայտնաբերել. ի՞նչ է դա նշանակում․ «Մտքի ուժը»

Հանքարդյունաբերություն, շինարարություն, հնագիտություն. տնտեսության և մշակույթի ոլորտներին միավորում է երկրաֆիզիկան։ ԵՊՀ երկրաֆիզիկայի ամբիոնում կատարված վերջին հետազոտություններից է ամբիոնի վարիչ Մարինե Մկրտչյանի՝ Տաթևի եկեղեցական համալիրի տարածքում ստորերկրյա ջրերի ուսումնասիրությունը։ Գիտնականն ասում է՝ քանի որ վանական համալիրը գտնվում է ժայռերի վրա, որի տակն էլ բազալտ է, սա հնարավորություն է տալիս մտածել, որ  բազալտները ջրատար կարող են լինել ու խարխլել համալիրի հիմքերը։

Այս ուսումնասիրությանը զուգահեռ գիտնականները առաջարկներ են արել, որոնք կօգտագործվեն համալիրի վերականգնողական աշխատանքներում: «Կատարված աշխատանքները ստորերկրյա ջրերի որոշակի հոսքեր իսկապես հայտնաբերեցին, տրվեցին հոսքերը, առաջարկություններ եղան՝ դրանք ի նկատի ունենալ վերականգնողական աշխատանքներ կատարելիս»,– արձանագրում է Մարինե Մկրտչրյանը։  

Գեոռադար, մագնիտոմետր, դոզիմետր, գրավիմետր, սեյսմիկ կայան. էլեկտրահետախուզական և հորատանցքային երկրաֆիզիկայի համար անհրաժեշտ սարքավորումներն են։ Գեոռադարը, օրինակ, հնարավորություն է տալիս ուսումնասիրել՝ սկանավորել երկրի մակերեսից մինչև 100 մետր խորություններ։ Հետազոտություններ, որոնցից կարող են օգտվել երկրաֆիզիկոսները՝ երկրի ընդերքի ուսումնասիրության, շինարարները՝ ստորգետնյա աշխատանքների, նաև հնագետները՝ պատմական նոր վայրերի ու փաստերի հայտնաբերման համար։

ԵՊՀ երկրաբնության ֆակուլտետի երկրաֆիզիկայի ամբիոնում գիտական հետազոտության համար անհրաժեշտ նորագույն սարք-սարքավորումներ կան, մասնագետներ՝ նույնպես։ Ավելին, նաև գիտական հետազոտություններ են կատարվում, սակայն, թե դրանց որ մասն է տնտեսության մեջ կիրառվում, դժվար է ասել։ Այդ աշխատանքները Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերն են ներառում՝ օգտակար հանածոների հանքերևակայումից մինչև սեյսմաբանություն ու ջրաերկրաբանություն։

Ամբիոնի վարիչ Մարինե Մկրտչյանն արձանագրում է՝ չնայած ֆինանասավորումը գնալով նվազում է, բայց գիտական աշխատանքները ամբիոնում շարունակվում են։ Ամբիոնում աշխատանքները երեք ճյուղի են բաժանվում՝ էկոլոգիական, կառուցվածքային ու հանքային երկրաֆիզիկական։ 

Երկրաֆիզիկայի ամբիոնը նախկինում կոչվում էր օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման երկրաֆիզիկական մեթոդների ամբիոն, սակայն այժմ, ընդլայնելով իր գիտական ուսումնասիրությունները, ամբիոնը վերանվանվեց երկրաֆիզիկայի ամբիոն:

Գիտա-ուսումնական  աշխատանքները ակտիվ են  հատկապես ամբիոնում գործող «Էլեկտրահետախուզության և սեյսմահետախուզության», «մագնիասահետախուզության և պետրոֆիզիկայի», «գրավիհետախուզության և միջուկային երկրաֆիզիկայի» լաբորատորիաներում: Ամբիոնի վարիչն արձանագրում է, որ ուսանողների հոսք կա ֆակուլտետ, բայց ամեն անգամ, երբ հանքարդյունաբերության դեմ ակցիաներ են կազմակերպվում, այդ հոսքը նվազում է։ Այդուհանդերձ, իրենք շարունակում են աշխատել, գիտական հետազոտություներ անել, հատկապես, որ Շրջակա միջավայրի նախարարության հետ ունեն՝ փոխհամագործակցության, ուսանողների պրակտիկաների կազմակերպման հուշագիր։

Ցուցադրել ավելի
Back to top button