ԿարևորՀասարակություն

Ճամբարում՝ ինչպես բանակում․ մեկնարկում է ռազմամարզական ճամբարների փորձնական ծրագիրը

Մեկնարկում է  11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագիրը, որն այս տարի կիրականացվի 5 դպրոցներում: Հաշվի առնելով նաև այն լուրջ մարտահրավերները, որոնց մեր երկիրը բախվել է Արցախյան վերջին պատերազմից հետո՝ խնդիր է դրվել բարձրացնել նախնական զինվորական պատրաստության առարկայի որակը՝ շեշտադրելով գործնական հմտությունների զարգացումը: Ծրագիրը քննարկվել է պաշտպանության ու արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչների հետ:

Հաշված օրերից կմեկնարկի ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագիրը։ Ճամբարում 12 օր աշակերտները կապրեն զինվորական կարգ ու կանոնով։ Ծրագրի նպատակն է բարձրացնել  նախնական զինվորական պատրաստության առարկայի որակը՝ շեշտադրելով գործնական հմտությունների զարգացումը: Վերանայվել է ընդհանուր թեմատիկ ծրագրային ներկայացվածությունը, և ներառվել են այն բաղադրիչները, որոնք արդիական են ու համապատասխանում են ժամանակակից խնդիրներին, շեշտադրվել է գործնական հատվածը։ Նախատեսվում է փորձարկել մարզառազմական ճամբարների ծրագիրը, որոնք պարտադիր են լինելու 11-րդ դասարաններում սովորող աշակերտների համար՝ ասաց ԿԳՄՍ նախարարության  հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը։

«Բուն նպատակն այս ծրագրի ՆԶՊ առարկայից ստացված գիտելիքների հարստացումն է և դրանց համապատասխան հմտությունների զարգացումը։ Ծրագիրը, կարծում ենք,  նպաստելու է նաև աշակերտների շրջանում կարգապահության, պատասխանատվության գիտակցմանը»։

Այս տարի  ծրագրին կմասնակցի 100 սովորող հանրապետության 5 տարբեր դպրոցներից։ Մասնակցիներից 14-ը աղջիկներ են, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց Արամ Մանուկյանի անվան ռազմամարզական մասնագիտացված դպրոցի տնօրեն Արկադի Պետրոսյանը։

«Դասընթացները հիմնականում ներառում են գործնական պարապմունքներ իրենց անցած դպրոցական ծրագրից։ Դրանք են մարտավարություն, տեղագրություն, ֆիզիկական պատրաստություն, կրակային կանոնադրություն, անվտանգ կենսագործունեություն, առաջին բուժօգնություն։ Դասընթացների մի մասն անցկացնելու ենք ճամբարին կից գործող  վրանային ճամբարում»։

Ճամբարը կգործի ՀՀ զինված ուժերի գումարտակի նմանությամբ՝ կունենա վաշտեր և դասակներ։ Ճամբարում աշակերտները կսովորեն ինչպես արագ կողմնորոշվել արտակարգ, այդ թվում նաև պատերազմական իրավիճակում։ Արկադի Պետրոսյանը

արդեն հանդիպել է մասնակիցների մի մասի հետ։ Շատ ոգևորված են աշակերտները՝  ասում է։

«Ավելի շատ էին ուզում մասնակցել, բայց տեղերը սահմանափակ են։ Անակնկալ էր, որ աղջիկներն այդքան մեծ պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու»։

Ճամբարը կազմակերպվելու է Հանքավանում։ Մասնակիցները Երևանից կմեկնեն հունիսի 22-ին, իսկ հուլիսի 4-ին կվերադառնան՝ գրեթե պատրաստի զինվորներ դարձած։  Եթե ամեն ինչ հաջող ընթանա, հաջորդ տարի դպրոցների ու աշակերտների շրջանակը կընդլայնվի։

Back to top button