Մոռացված ֆիլմերի ստվերները

Հիվանդ հեղափոխականի վերջին օրը. ֆիլմ, որը փրկեց մահացու հիվանդ ռեժիսորին․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Հիվանդ հեղափոխականի վերջին օրվա մասին պատմող ֆիլմը դարձավ կինոռեժիսոր Լաերտ Վաղարշյանի դեղամիջոցը։ Սիբիրյան աքսորավայրում իր գաղափարների համար կյանքը տված Սուրեն Սպանդարյանին էկրան բարձրացնելու ցանկությունը ռեժիսորի համար մահացու անբուժելի հիվանդությունից դեպի կյանք փրկօղակ դարձավ։

Կինոռեժիսոր՝ Լաերտ Վաղարշյան

Կինոռեժիսոր Լաերտ Վաղարշյանի անվան հետ են կապված  ոչ միայն գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի, այլ նաև Երևանի Կինոյի տան, Կինոգործիչների Դիլիջանի երբեմնի ստեղծագործական տան և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ստեղծումը։ Եվ այս ամենին զուգահեռ նա նկարահանում էր խաղարկային և վավերագրական ֆիլմեր՝ «Փեսատես», «Առաջին սիրո երգը», «Կոչված են ապրելու», «Քաոս», «Մարտիրոս Սարյան»։

Վարչական աշխատանքն ու ստեղծագործական որոնումները, լարված կյանքն ու նյարդային ապրումները հետեւանքներ ունեցան ռեժիսորի առողջության վրա` նրա մոտ քաղցկեղ հայտնաբերվեց. ծանր վիրահատություն, հետվիրահատական ապաքինման անհավանական ծանր շրջան։ Քաղցկեղը դատավճիռ չէ. հայտնի խոսքը հենց Վաղարշյանի համար է ասված։ Գեղարվեստական նոր մտահղացումներն ու հիվանդության հաղթահարումը զուգորդվեցին։

Լաերտ Վաղարշյանի դուստրը՝ Մարինա Վաղարշյանը հիշում է, որ ապաքինվելու առաջին իսկ նշաները զգալուն պես հայրը նախաձեռնեց  «Աքսորական № 011» ֆիլմի նկարահանումները. «Հայրս ձեռնափայտով, մինուս  28 աստիճան սառնամանիքին գնում էր նկարահանումների։ Դա խիզախությունն էր, որովհետև նա դեռ վերջնական  չէր ապաքինվել»,- պատմում է ռեժիսորի դուստրը։

Մարինա Վաղարշյան

Թատերագետ, սցենարիստ Վադիմ Մելիքսեթյանը, վիրահատությունից հետո վաղեմի ընկերոջն այցելելով, նրան է փոխանցում հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սպանդարյանի կյանքի վերջին օրվա մասին պատմող իր կինոսցենարը։ Լաերտ Վաղարշյանին շատ է գրավում Սպանդարյանի կերպարը։ Վիրահատությունից ութ ամիս անց «Մոսֆիլմում» նրա մասնակցությամբ արդեն ընթանում էին «Աքսորական № 011» ֆիլմի նկարահանումները։ «Նկարահանումները կատարվում էին «Մոսֆիլմում», որովհետև սիբիրյան աքսորավայրի սառնամանիքը պատկերող տեսարաններ նկարահանելու համար առատ ձյան շերտեր էին պետք, ինչը հայաստանյան կլիմայական պայմաններում գրեթե անհնար էր ստանալ»,- պատմում է Մարինա Վաղարշյանը։

Եթե դուրս գանք խորհրդային գաղափարախոսության շրջանակներից, ապա պիտի նշել, որ Լաերտ Վաղարշյանի այս ֆիլմը իր գաղափարների, դավանած արժեքների համար ինքնազոհողության գնացող մարդու, Տուրուխյան աքսորավայրում թոքախտով տառապող Սուրեն Սպանդարյանի կյանքի վերջին օրվա մասին է։

Սուրեն Սպանդարյան

Կինոգետ Սիրանույշ Գալստյանը ասում է, որ «Աքսորական № 011» ֆիլմը կարևոր ասելիքից բացի առանձնանում է նաև ներգրավված դերասանական կազմով։ Արվեստագետի խորաթափանց աչքով ֆիլմի յուրաքանչյուր կերպար իր ճիշտ դերակատարին է գտել։     

«Ես չգիտեմ մի վաղամեռիկ այլ դերասանի, որը իրարից այդքան  տարբերվող կերպարներ մարմնավորած լինի որքան Վլադիմիր Քոչարյանը։ Նա կենսաբանորեն ճշգրիտ կերպով կերտել է ռոմանտիկ հեղափոխական Սուրեն Սպանդարյանի  կերպարը։ Ֆիլմում նաև իրենց դերակատարմամբ են հանդես եկել այնպիսի ռուս դերասաններ ինչպիսին էին Անատոլի Գրիցենկոն, Օլեգ Անոֆրիևը , Իրինա Ալֆյորովան և այլն», -ասում է կինոգետ Սիրանույշ Գալստյանը։

Կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սիրանույշ Գալստյան

Ի սկզբանե Սուրեն Սպանդարյանին  պետք է մարմնավորեր գեղեցիկ արտաքինով, նկարիչ մի երիտասարդ, սակայն ռեժիսորի դուստրը՝ Մարինա Վաղարշյանը հիշում է, որ երբ ամեն ինչ հաստատված էր, գնված էին Մոսկվա մեկնելու ինքնաթիռի տոմսերը, Լաերտ Վաղարշյանը անսպասելիորեն փոխում է գլխավոր դերակատարին։

«Հանկարծ վերջին օրով հայրիկին զանգահարեցին և ասացին, որ կա մի շատ լավ դերասան, որը իր արտաքին տվյալներով համապատասխանում է Սուրեն Սպանդարյանի կերպարին։ Երեկոյան ժամը տասին հնչեց մեր տան դռան զանգը և ներս մտավ Վլադիմիր Քոչարյանը։ Հայրս տեսնելով նրան միանգամից ասաց` Վովան այս ֆիլմում պիտի մարմնավորի Սպանդարյանին»,- վերհիշում է Մարինա Վաղարշյանը։

Վլադիմիր Քոչարյան

Ֆիլմում գլխավոր հերոսի կերպարը ավելի հարստացնելու համար ռեժիսորը որոշակի ազգային տարրեր է ներմուծել։ Մոսկովյան պետկինոյում ֆիլմի առաջին դիտումից հետո կինոչինովնիկները խստորեն քննադատում են Լաերտ Վաղարշյանին հիվանդ հեղափոխականին էկրան բարձրացնելու համար։ Այն չէր համատեղվում պրոֆեսիոնալ հեղափոխականի հերոսական կերպարի հետ։ Կինոգետ Սիրանույշ Գալստյանը զարմանալի ոչինչ չի տեսնում, քանի որ  այն ժամանակներում այսպիսի ասելիքով ֆիլմերը օրինաչափորեն դատապարտված էին  քննադատության ու անտեսման։

«Աքսորական № 011» ֆիլմը մեր տեսադաշտից դուրս է մնացել, որովհետև հեղափոխականի մասին պատմող ֆիլմը վաղուց դադարել է հետաքրքրել մեզ։ Սակայն պարզվում է, որ տասնամյակներ առաջ նկարահանված և անտեսված ֆիլմը կարող է իր մեջ թաքցնել ինչ որ զարմանալի կամուրջներ մեր ապրած օրերի հետ»,- իրավացիորեն նշում է կինոգետը։

Սուրեն Սպանդարյանի կյանքի վերջին օրը պատկերող միակ հայկական ֆիլմը, ցավոք, այդպես էլ անծանոթ մնաց հանդիսատեսին` դեռ խորհրդային տարիներին։ Պատմությունը միշտ վերանայման, վերաիմաստավորման ու նոր փաստերով լրացնելու կարիք ունի, և այդ գործում իր ներդրումը կարող է ունենալ նաև կինոն, որը պահպանում և հասարակությանն է փոխանցում հանիրավի պատմության լուսանցքում հայտնված մարդկանց ճակատագրերը։

Back to top button