Սփյուռքի ձայնը

Ինչպե՞ս է Թուրքիան հակազդում Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության դասավանդմանը․ «Սփյուռքի ձայնը»

Ֆրանսահայության շրջանում քաղաքական ու մտավոր սով է, ցավով նշում է Լիոնի «Կովկաս» ինստիտուտի ղեկավար, հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը՝ անդրադառնալով ֆրանսիական դպրոցներում ամիսներ շարունակվող Հայոց ցեղասպանության դասավանդման դեմ տարվող արշավին:

Ինչո՞ւ է ֆրանսահայ համայնքը պասիվ՝ հատկապես այս հարցում, Հիլդա Չոբոյանը նկատում է. «Հայ համայնքի ղեկավար կազմը տարիներ շարունակ զբաղված է հայոց ցեղասպանության ժխտումը վավերացնող օրենքի ընդունման աշխատանքներով, ինչը անհաջող ընթացք ունեցավ: Իսկ ապրիլի 24-ին կամ տարբեր այլ առիթներով փողոց դուրս գալը, ծաղիկներ խոնարհելն ու երեկոյան հայկական հարցերը մոռանալը՝ հայկական հարցերի լուծմանն ընթացք չեն ապահովում»։ Նա համոզված է, որ այսօր աշխարհը պայքարի այլ միջոցներ է ընտրում:

«Օրինակ, Թուրքիան, որը Ֆրանսիայում կազմակերպությունների է հովանավորում, որոնք կրթության անվան տակ հակահայ աշխատանքներ են տանում՝ նոր սերնդին սեփական տեսակետն ու կարծիքը ձևավորելու նպատակ ունեն»,- ցավով նշում է հասարակական գործիչը: Թե դպրոցներում թուրքական կազմակերպություններն ինչ հակազդող քայլեր են ձեռնարկում Հայոց ցեղասպանության դասավանդումը խոչընդոտելու համար` ֆրանսիացի լրագրողներն են հետաքրքրվել, ուսուցիչների շրջանում հարցումներ անցկացրել։ Կարծում են, որ այս հարցում սխալ քաղաքականություն է վարվում։

«Այսօր Ֆրանսիայում շատ մտավորականներ խոսում և անդրադառնում են հայկական հարցերին՝ Հայոց ցեղասպանությանը, դպրոցներում այդ թեմայի դասավանդմանն ու արցախյան պատերազմին: «Ցավոք, մեր խնդիրն այն է, որ մենք հետևողական չենք մեր գործում: Խոսքը՝ բնականաբար հայ համայնքին է վերաբերում: Կարծում եմ, որ քաղաքական, ստեղծագործական մտքի սով է մեր համայնքում, թեև ունենք շատ խելացի, պատրաստակամ և բանիմաց հայրենակիցներ: Փոխադարձ աշխատանքներ իրականացնելու դեպքում է միայն հնարավոր պայքարել թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի դեմ»,- համոզված է «Կովկաս» ինստիտուտի ղեկավարը:

Back to top button