ԿարևորՀասարակություն

Արդյունավետ ջրօգտագործում․ ինչպես է Հայաստանը պայքարում երաշտի և անապատացման դեմ

«Հատկապես ավելացել է երաշտային տասնօրյակների հաջորդական պրոցեսը, որը սթրեսի մեջ է գցում հանրապետության գյուղատնտեսական տարածքները, սկսած կիսաանապատային գոտիներից մինչև մերձալպյան գոտի»,-ասում է աշխարհագրագետ Աշոտ Խոեցյանը։ Դոկտորական թեզը վերնագրել է՝  «Անապատացման պատճառահետևանքային կապերը և տարածաժամանակային գնահատման սկզբունքները ՀՀ-ում»։ Ուսումնասիրել է Հայաստանում երաշտի ավելացման, անապատացման գործընթացները, որոնք վերջին 100 տարում նկատելիորեն շատացել են՝ գլոբալ տաքացմանը զուգահեռ։ Հայաստանում, ինչպես նշում է աշխարհագրագետը, այս գործընթացն ավելի արագ է ընթանում, եթե 1920 թվականից ի վեր աշխարհում միջին ջերմաստիճանը բարձրացել է 1,2 աստիճանով, ապա Հայաստանում 1,3 աստիճանով։

«Այսօր մենք Արարատյան դաշտում ունենք դասական անապատային արեալներ, բայց էսպիսի փոփոխություններով հանդերձ, գյուղատնտեսությունը նույն ստանդարտներով է առաջնորդվում, քայլեր չեն ձեռնարկվում, ջրային ռեսուրսի խնդիր կարող ենք ունենալ, թե բնական՝ երաշտի պատճառով, թե արհեստական՝ Թուրքիայի վարած քաղաքականության արդյունքում ջրային դիֆիցիտի առաջ կարող է Հայաստանը կանգնել, Թուրքիան ամեն տարի սահմանափակում է Արաքս գետից եկող ջրերը և ուղղում հզոր ջրամբարների կառուցմանը»,-ասում է աշխարհագրագետը։

 Ջրամբարների կառուցման, ջրի արդյուանվետ օգտագործման հարցում մենք թերացել ենք՝ աշխարհագրագետի կարծիքն է։ Փոխարենը Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը ապրիլ ամսին «Ռադիոլուր»-ին հայտնել էր, որ չի ընդունում դիտարկումները, թե ջրամբարաշինական   աշխատանքները դանդաղում են։ Ասում է՝ ջրամբարը բարդ հիդրոլոգիական  կառույց է։ Այս պահին ջրամբարների լցվածության խնդիր չկա՝ բացառությամբ՝ Ախուրյանի ջրամբարի, որը թերլցված է։

Պատճառը դարձյալ Թուրքիայի լայնածավալ ջրամբարաշինական աշխատանքներն են։ Ախուրյանի ջրավազանում մոտ 50-55 մլն խորանարդ մետր ջրի դեֆիցիտ է կանխատեսվում։ Խնդիրը պատրաստվում են լուծել Արփի լճի ջրամբարի ջրերովին․

«Իրականում, ռիսկերը գնահատելով ենք սկսել արագացնել Կապսի ջրամբարի կառուցումը։ Դա թույլ կտա որոշ չափով ռիսկերը մեղմել։ Ջրամբարում կուտակված ջուրը  նախատեսել ենք ջրագծով տեղափոխել դեպի Արմավիր ու Թալինի մայր ջրանցք, որտեղից էլ կկարողանանք ջուրը հասցնել գյուղացուն։ Սա կմեղմի ռիսկերը»,-ասում է Ջրային կոմիտեի նախագահը։

Դարձյալ ապրիլ ամսին, ջրային կոմիտեի նախագահը փոխանցել էր, որ Հայաստանում ջրային ռեսուրսների նվազման ռիսկեր կան։ Կոմիտեից, սակայն, վստահեցնում են, որ դրանք հաշվի առնելով՝  արագացրել են ջրամբարների   կառուցման աշխատանքները։ Ասել էր, որ առաջիկա 10-15 տարիներին, ընդհանուր առմամբ, 12 ջրամաբար կկառուցվի Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում՝ մակերևութային ջրերը ամբարելու նպատակով։ Նոր տվյալներ ջրամբարների կառուցման վերաբերյալ Ջրային կոմիտեից խոստացել են հայտնել ավելի ուշ։

Հայաստանում տեղումների քանակը նվազել է 10%-ով, անտառային ծածկույթը ևս 10% է,- ասում է Աշոտ Խոեցյանը։  Աշխարհագրագետը երաշտի և անապատացման դեմ պայքարի ամենաարդյունավետ մեթոդը է համարում  ոռոգման համակարգերի արդիականացումը, ակտիվ ջրամբարաշինությունը։ Աշխարհագրագետի կարծիքով՝ այդպես հնարավոր կլինի դիմակայել կլիմայի փոփոխության մարտահրավերներին, չտանել հողերը դեգրադացման և անապատացման։

Back to top button