ԿարևորՀասարակություն

Ոստիկանությունը համաձայն չէ, որ ընտրացուցակներն ուռճացված են

Ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվը Հայաստանում՝ 2 մլն 578 հազար 678,  ուռճացված չէ՝ վստահեցնում  է Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով ընտրացուցակներում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի շուրջ կասկածներին։  

Հունիսի 20-ի ընտրություններից առաջ դարձյալ  մտահոգություններ կան, որ ընտրացուցակներն ուռճացված են։ Նախօրեին այդ մասին Հ1-ի եթերում խոսել էր նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Բոլոր ընտրություններին ասում էին, որ ընտրացուցակներում 500 հազար ավելորդ մարդ է ընդգրկված։ Բոլոր ընտրություններում։ Հիմա ավելի շատ է։ Եվ դրանք մնում են։ 2.5 մլնից ավելի մարդ է ընդգրկված ընտրացուցակներում, երբ  մեր երկրի մշտական  բնակչությունը 2 մլնից պակաս է։ Վերջին 3-4 ամսում 70 հազար մարդ է հեռացել Հայաստանից, արտագաղթը ահավոր չափերի է հասել։ Կան տվյալներ»։  

Անդրադառնալով հարցին, թե ընտրողների հրապարակված թիվը չի համապատասխանում իրականությանը, փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը շեշտեց՝ իրականությանը չեն համապատասխանում այդ տեղեկությունները։ Նրա պարզաբանմամբ՝  ծավալուն ստուգումներ են իրականացվել, ահռելի  աշխատանքներ են տարվել, ընտրացուցակները զտվել են էականորեն։ Վստահեցրեց նաև, որ այն թիվը, որը պաշտոնապես հրապարակվել է, համապատասխանում է իրականությանը:

«ՀՀ բնակչության ընդհանուր թիվը կազմում է 3 մլն 380 հազար 653 մարդ, ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվը 2 մլն 578 հազար 678 անձ է: Այն հարցը, թե թիվը ուռճացված է, բնականաբար՝ ոչ։ Ինչո՞ւ, որովհետև հստակ գործող պետական ռեգիստրի համակարգ է դրված ՀՀ-ում, իսկ այն հարցը, որ անձինք դրսում են գտնվում կամ միգուցե, բացակայում են, և իրենց տվյալները առկա են, կասեմ, որ իհարկե, առկա պետք է լինեն: Ի՞նչ եք առաջարկում, մե՞նք հանենք այն մարդկանց տվյալները, որոնք արտերկրում են, սակայն վերջին օրը գան ու զրկված լինեն ընտրելու իրավունքից, իհարկե՝ ոչ»։

Փոխոստիկանապետի խոսքով՝ Ոստիկանությունը չի կարող այնպիսի մեխանիզմ գործարկել, որը  թույլ կտա ցուցակներից հանել արտերկրում գտնվող, բայց Հայաստանում հաշվառված քաղաքացիների տվյալները։

«Ավելին ասեմ ձեզ։ Մենք արտերկրում 600-ից ավելի մահացած հայրենակիցներ ունեինք, որոնց տվյալները ինչ-ինչ պատճառներով, ոչ ոստիկանության մեղքով, որովհետև մահվան վկայականները չէին ուղարկվել, առկա էին ցուցակներում, սակայն այս ընթացքում այդ տվյալները ևս զտվել են»:  

«Թրանսփարենսի ինթերնեշընըլ» կազմակերպությունը նախորդ գրեթե  բոլոր ընտրություններին  բարձրացրել է ընտրացուցակների ուռճացվածության մասին հարցը։ Տարբեր հանգամանքներից ելնելով՝ այդ ծրագիրն այս անգամ չի իրականացվում՝ ասաց կազմակերպության ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանը։ Այդուհանդերձ, նաև հավելեց.  «Այս ընթացքում որևէ քայլ չձեռնարկվեց, որ հարցը լուծվեր։ Եթե էլի այդպիսի թվեր են, զուտ ենթադրում եմ, որ այդ հարցերը նորից  չի լուծվել։ Էստեղ, իհարկե, լուրջ ռիսկեր կան»։   

Ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները  ընտրություններից հետո հրապարակվելու են։ Վարուժան Հոկտանյանը կարծում է, որ նախկին իշխանությունների կողմից  ընդունված օրենսդրական այս պահանջը կարող է կարգավորող դեր կատարել և իրավիճակում հստակություն մտցնել։

 «Կարող է, եթե այդ ամենով զբաղվող լինի։ Մենք, ի միջի այլոց, 2017 թ.-ին այդպիսի փորձ կատարեցինք։ Երբ  նայում էինք, պատկերացրեք, ցուցակները բավականին մաքուր էին, բայց շատ մեծ տոկոս էր մասնակցել»։  

Ոստիկանությունն այլ ուժերից ևս ստացել է անվտանգության ապահովման դիմումներ. նրանց  և ուղեկցել է, և ապահովել նրանց անվտանգությունը՝ ասաց Արա Ֆիդանյանը՝ արձագանքելով  իշխող ուժի պատգամավորի թեկնածուներին ոստիկանների կողմից ուղեկցելու մասին հարցին։

«Մենք այլ ուժերից ևս ստացել ենք անվտանգության ապահովման դիմումներ, և պատշաճ կերպով իրականացվել է և՛ ուղեկցումը, և՛ անվտանգությունը: Հարցը այստեղ տասից ավելի մեքենաները չեն։ Մենք իրականացնում ենք գնահատում,  և եթե առկա են որոշակի խնդիրներ կամ հասարակական անվտանգության հետ կապված հարցեր, ապա համապատասխան ուժերով իրականացվում է ծառայությունը՝ անվտանգության ապահովում»։   

Ոստիկանության ուժերը բավարար են պատշաճ ծառայություն իրականացնելու և օրենքով կառույցին վերապահված լիազորությունների շրջանակում իր առաքելությունն  իրականացնելու և հնարավոր բախումները կանխելու համար՝ վստահեցրեց  փոխոստիկանապետը։

Back to top button