ԿարևորՀասարակություն

Հայաստանում հանգստի վրա շատ չեն ուզում ծախսել․ տուրօպերատոր

Սևան, հանգստի մեկնողների համար հունիսի 18-ից կգործի Ալմաստ — Շորժա էլեկտրագնացքը, իսկ Երևան-Բաթում երթուղին հունիսի 15-ից  արդեն վերսկսել է աշխատանքը։  Բացվել են նաև օդային սահմանները մի շարք երկրների հետ։ Արդյո՞ք բաց ճանապարհները բավարար են՝ դրսում հանգստանալու համար․ Սոնա Հակոբյանն է անդրադառնում խնդրին։

Եթե ընդամենը երկու տարի առաջ ամառային հանգիստը կազմակերպելու համար գարնանն արդեն ամրագրած էինք լինում հյուրանոցները, կամ գոնե հստակ գիտեինք, թե որտեղ ենք անցկացնելու ամառային հանգիստը, ապա համավարակից հետո նախ պետք է հասկանանք, թե որ ուղղություններն են մեզ հասանելի և պատրաստվենք պատվաստման։ Տուրիստական ընկերության տնօրեն Աննա Հարությունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում թվարկեց այն բոլոր ուղղությունները, որոնք բաց են զբոսաշրջիկների համար։

«Կոնկրետ Վրաստանի ուղղությունը օդային ճանապարհով երկար ժամանակ բաց է։ Բայց ավիատոմսերը շատ թանկ էին 30 րոպե թռիչքի համար։ Հիմա քանի որ ցամաքայինը բացվել է, լավ հնարավորություն է ծովափնյա հանգիստը նախըտրողների համար։ Մյուս ուղղություններից այս պահին առկա է Կիպրոսը, Մոնտենեգրո, Եգիպտոս, ԱՄԷ նույնպես բավականին  մատտչելի է»։

Շարունակում են փակ մնալ եվրոպական ուղղությունները։ Միայն Ֆրանսիան է այս պահին պատրաստ հյուրեր ընդունել Հայաստանից, այն էլ բացառապես բարեկամներից վիզայի առկայության դեպքում։ Կորոնավիրուսը կաթվածահար արեց հատկապես զբոսաշրջության ոլորտը, դրանով պայմանավորված մեծապես տուժեց նաև տնտեսությունը,  ահազանգում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Բացասական ազդեցությունը դեռ զգացվում է․

«Կորոնավիրուսից և պատերազմից հետո տնտեսության վերականգնման, զարգացման, ամրապնդման խնդիր ունենք։ Եվ այս իմաստով մենք պետք է այդ ուղղությամբ էլ քայլեր ձեռնարկենք, որպեսզի ներքին տուրիզմը չտուժի, մեր ռեսուրսները հնարավորինս պահենք և օգտագործենք Հայաստանի, Արցախի տարածքում։ Մեր քաղաքացիների համար ավելի գրավիչ դարձնենք ներքին տուրիզմը»։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք սահմանների բացումը չի հարվածի ներգնա զբոսաշրջությանը, որը վերջին մեկ տարում բավականին աճ էր գրանցել՝ Մեխակ Ապրեսյանն ասաց, որ ներգնա զբոսաշրջությանը զարկ տալու համար արդեն մի քանի ամիս է՝ առաջարկությունների փաթեթ են ներկայացրել կառավարությանը, պետությունից տրամադրվող  սոցփաթեթները պետք է նաև մասնավորի վրա տարածվեն։

«Սա արդեն էապես կավելացնի ներքին զբոսաշրջային այցելությունների թիվը, կավելացնի աշխատատեղերը, սրանից առաջիկա տարիներին բյուջեն էլ կշահի, մեր ռեսուրսներն էլ կմնան   մեզ մոտ, և շատ հարցեր կկարողանանք լուծել»։

Հայստանյան հանգիստը ամենագրավիչն է նաև տուրիստական ընկերության տնօրեն Աննա Հարությունյանի համար։ Բայց վստահ չէ, որ անգամ նպաստավոր պայմանների դեպքում հայերը կնախընտրեն ներքին տուրիզմը։ Տարիների աշխատանքային փորձը հակառակն է  ապացուցել․

«Մեր հայերը միշտ էլ ավելի շատ սիրել են դրսում հանգստանալ։ Միգուցե պատճառներից մեկն այն է, որ մենք ծով չունենք։ Այնպես էլ չէ, որ շարժն այստեղ շատ մեծ էր, հիմա էլ կպակասի։ Հիմնականում այստեղ սոցփաթեթով հանգստացողներն են հանգստանում»։

Չունենք ծով, բայց ունենք  Սևանա լիճ, որը ևս հանգստի բավականին ակտիվ գոտի է․ այս դիտարկմանս, զրուցակիցս որոշակի վերապահումով արձագանքեց։ Միգուցե մեկ օրով գնան, պտտվեն, գան, բայց անգամ ջրի սիրահարները հանգիստը կազմակերպելու համար ավելի շատ նախըտրում են լողավազանով որևէ այլ հանգստավայր, քան Սևանա լիճը։

Ասում է․ «Սևանա լիճը, չգիտեմ ինչու, հայերի մոտ լողի հետ չի ասոցացվում։ Կարելի է ափին մոտ լինել, բայց ոչ լողալ։ Միգուցե ջուրը սառն է, դա է հիմնական պատճառը։ Հիմնականում նախընտրում են լողավազանով, համեմատաբար մատչելի գնով տարբերակը։ Հայաստանյան հանգստի համար չեն ուզում շատ վճարել»։

Դրսում միգուցե ավելի հետաքիքիր է, բայց նաև վտանգն է մեծ, նկատում է զրուցակիցս։ Սահմանների բացմանը զուգահեռ՝ մեկ այլ վարակ է գլուխ բարձրացնում և արագ տարածվում․

«Հնդկաստանում բավականին մեծ մասշտաբների է հասել։ Ինչպես հասկացա՝ այլ երկներում նույնպես նկատվում է։ Չգիտեմ որքանով է ինֆորմացիան ճիշտ, Ռուսաստանում թվերը նույնպես շատանում են, ու նոր համաճարակը կարծես ավելի վտանգավոր է, քան COVID-ը»։

Մեզ արտագնա հանգիտն է վտանգավոր թվում, օտարերկրացիներն էլ հայաստանյան հանգիստն են վտանգավոր համարում։  Միայն ոչ թե համավարակից են զգուշանում, այլ պատերազմի վտանգից։

Back to top button