ԿարևորՀասարակություն

Ինչ է ակնարկում Լևոն Տեր-Պետրոսյանը․ արցախյան թեման՝ նախընտրական պայքարում

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների ավարտին քաղաքական ուժերը կրկին խոսում են անվտանգային խնդիրների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրենց առաջարկների մասին: Քննարկումներին նոր թափ է հաղորդել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, որտեղ նա նշել է, որ հակամարտության լուծման լավագույն առաջարկը եղել է 1997 թվականին:

Ներկա իրավիճակի մասին խոսելիս առաջին նախագահը նկատել է, թե պատերազմից հետո Հայաստանը հիմա ոչինչ չունի, որի համար Ադրբեջանը կհամաձայնի ինչ-որ ստատուս քվոյի ապահովմանը։ Այսինքն՝ փոխզիջումային բանակցություններում Ադրբեջանին հետաքրքրող առաջարկ այլևս չունենք։ Ի՞նչ է նշանակում այս ակնարկը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ու ինչպես են հարցի լուծումը տեսնում ընտրացուցակի առաջին տասնյակի ուժերը։

Նախընտրական շրջանում քաղաքական ուժերի մի մասը պնդում է՝ դեռ հնարավորություն կա վերականգնել նախկին ԼՂԻՄ-ը, այսինքն՝ վերադարձնել Շուշին և Հադրութը: Իրենց ծրագրերի ճանապարհներն, իհարկե, չեն բացահայտում, բայց ընդդիմախոսների ճամբարից արձագանք են ստանում՝ նման հայտարարությունները վտանգավոր են և կարող են փորձանք բերել արդեն Հայաստանի գլխին:

Նախազգուշացնողներից մեկն էլ Հայ ազգային Կոնգրեսի վարչապետի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Ասում է՝ ղարաբաղյան  հակամարտության լուծման լավագույն առաջարկը 1997 թվականին էր: Դրանից հետո հնարավորությունները կորսվել են, իսկ այսօր արդեն՝ պատերազմից և տարածքներ կորցնելուց հետո, Հայաստանը ոչինչ չունի, ինչի համար Ադրբեջանը կհամաձայներ  ինչ-որ ստատուս քվո ապահովել։ ՀԱԿ-ի անդամների ներկայացմամբ՝ սա չի նշանակում, որ իրենք դադարելու են պայքարել Արցախի իրավական կարգավիճակի համար: Պարզապես փորձում են իրատեսությունը վերադարձնել քաղաքական դաշտ, որպեսզի ճշմարտ խոսքը հասարակության մեջ չընկալվի որպես ապազգային մոտեցում:

ՀԱԿ-ից պատգամավորի թեկնածու Աննա Գևորգյանն է պարզաբանում հակամարտության լուծման իրենց պատկերացումը.

«Ամենևին դա չի նշանակում, որ պետք է հանձնվել և ոչինչ չանել: Բոլորովին: Արցախը հայկական պահելը, արցախահայերին Արցախում պահելը պետք է լինի բոլորիս նպատակը, և այդ ուղղությամբ գործուն քայլեր է կատարելու նաև ՀԱԿ-ը իշխանություն ունենալու դեպքում: Նախագահի ասածը վերաբերում էր նրան, որ գոնե այս փուլում անիրատեսական պայմաններ առաջ չքաշենք: Մենք մեր ծրագրում նշել ենք, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հարցի քաղաքական լուծման վերաբերյալ քննարկումները շարունակելու ենք՝ հիմնվելով առկա սկզբունքների վրա։ Բայց որո՞նք ենք այդ սկզբունքները: Բոլոր հնարավոր պլաններում ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքները դրված են կողք-կողքի, ճի՞շտ է: Այսինքն՝ այդ իրատեսությունը վերադարձնել քաղաքական դաշտ՝ դա էր նախագահի ասածը և դա է մեր քաղաքական ուժի ծրագրի մեջ ամփոփված»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս հարցում որոշակիորեն համաձայն է ՀԱԿ-ի հետ: Իրատեսությունից կտրվելու դեպքում հստակ վտանգների մասին է խոսում ԲՀԿ-ից պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը.

«Ես ունեմ շատ մեծ վերապահումներ՝ կապված հնչած  տեսլականի հետ, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ համաձայնել միայն մի բանում, պետք է լինել իրատես: Գոյություն ունի շատ կարևոր մի կոմպոնենտ՝ վերադարձնել Արցախի լեգիտիմացման խնդիրը միջազգային օրակարգ:  Եկեք խոսենք ԼՂԻՄ-ի տարածքի մասին: Առաջնային խնդիրը պետք է լինի դա: Եվ երկրորդը՝ այո, որքան էլ մենք պրագմատիկ լինենք, ամենասուր պրագմատիզմը թելադրում է, որ եթե հանկարծ ինչ-որ մեկի մտքով մի քիչ նույնիսկ անցնի, որ կարելի է Արցախի հարցը դիտարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ներքո կամ պրոթուրքադրբեջանական տեսլականի ներքո, ապա դա անխուսափելիորեն ոչ միայն Արցախի Հանրապետության ոչնչացում է, այլ նաև ՀՀ մեծ պատերազմ բերել»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս հարցում նախատեսում է շեշտը դնել այն փաստի վրա, որ Արցախի նկատմամբ տեղի է ունեցել ագրեսիա:

Գևորգ Գորգիսյան. «Որպես սկզբունք պետք է ընդունվի Հայաստանի Անկախության հռչակագրում գրված սկզբունքը՝ միավորում ՀՀ հետ: Սրա համար պետք է վերականգնել նաև ՄԽ աշխատանքները ու ակնհայտ է մի պարզ բան՝ միայն հզոր Հայաստանը կարող է Արցախի հարցի հայանպաստ լուծում բերել»:

Արցախյան հիմնախնդրի կարգավորումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման սկզբունքի ներքո են պատկերացնում «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության անդամները:

Պատգամավորի թեկնածու Արա Պապյանն է բացատրում, թե ինչպես. «Հայաստանի ներկա Հանրապետությունը որպես իրավահաջորդ՝  շարունակությունն է առաջին Հանրապետության: Ադրբեջանն ինքը հրաժարվել է 1991 թվականի հոկտեմբերի 18-ին սովետական իրավաքաղաքական ժառանգությունից, հետևաբար չի կարող ակնկալել, որ այդ սովետական վարչական բաժանարար գծերը կարող են միջպետական սահմաններ լինել»:

Նման մոտեցում այս հարցում ունի նաև «Հայաստանի եվրոպական կուսակցությունը»: Կառույցի ղեկավար Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ առաջին հերթին պետք է հստակեցնել Հայաստանի իրավահաջորդության խնդիրը:

«Կարգավորումը պետք է սկսել Անկախության հռչակագրից: Մենք պնդում ենք, որ Հայաստանը իրավունք ունի հռչակել իրեն առաջին Հանրապետության իրավահաջորդ, իսկ դա նշանակում է, որ Արցախի, ինչպես նաև Նախիջևանի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի հարցերը ստանալու են բացարձակապես այլ քաղաքական ենթատեքստ: Մեր երկիրը ճանաչված էր Ազգերի Լիգայի 50 երկրի կողմից, մենք ունեինք 20 դեսպան 1918-1920 թվականներին, մենք միակ ազգն ենք ու պետությունը, որը կարողացավ սովետականացումից հետո անկախանալ 50 օրով՝ փետրվարյան ապստամբության շնորհիվ և մինչև 1921 թվականի վերջը Գարեգին Նժդեհի շնորհիվ պահպանել մեր անկախ պետականությունը գոնե մասամբ: Այնպես որ Արցախի հարցը լուծվելու է միջազգային իրավունքի հիման վրա, «ՀՀ-ն՝  որպես առաջին Հանրապետության իրավահաջորդ» սկզբունքով»:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավորի թեկնածու Գոռ Հակոբյանի ներկայացմամբ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է վերադառնա նախապես հռչակված սկզբունքին:

«Երբ մենք անկախացել ենք, մենք այն ժամանակ Արցախի համար ձևակերպել ենք իրավունքներ, մենք հայտարարել ենք, որ Արցախը պետք է լինի Հայաստանի մաս: Մենք այդ իրավունքի մասին հայտարարել ենք աշխարհին և դրա համար գործողություններ ենք ծավալել, դրա պատճառով պատերազմ ենք ունեցել և այս ամբողջ ժամանակահատվածի համար ՀՀ-ն իր համար վերջնական չի ձևակերպել Արցախի կարգավիճակի հարցը՝ Արցախը Հայաստանի մա՞ս է, Արցախը անկախ պետությո՞ւն է, թե՞ ինչ-որ այլ հարաբերություն պետք է ստեղծվի Արցախի հետ: Սա շատ կարևոր է, թե ինչ եք ակնկալում այն մարդկանցից կամ այլ պետություններից, կամ շահագրգիռ այլ կազմակերպություններից, որոնց հետ դուք համագործակցում եք»:

«Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը արցախյան խնդրում տեղի ունեցածից հետո կարեւորում է կարգավիճակի հարցի հստակեցումը։

«Արցախի ժողովրդի պայքարը ոչ թե տարածքային վեճ է եղել, այլ իր պատմական հայրենիքում հարատև ապրելու նպատակ է հետապնդել, որովհետև եթե այդ իրավունքը չհարգվի, արցախահայության գլխին մշտապես կանխված է լինելու  ֆիզիկապես բնաջնջվելու վտանգը: Հետևաբար ժամանակն է, որ միջազգային հանրությունը գնահատական տա և որոշի Արցախի կարգավիճակը: Իմ խորին համոզմամբ՝ Արցախի կարգավիճակը որոշվելու է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով»: 

«Պատիվ ունեմ» դաշինքից պատգամավորի թեկնածու Հայկ Մամիջանյանը պնդում է, որ ցանկացած քայլից առաջ նախ պետք է հայությունը հասկանա Արցախի իրական նշանակությունը:

«Որոշ ազգադավ ուժեր 20-30 տարի շարունակ պնդում էին՝ մեր տնտեսությունը, մեր երկիրը չի զարգանում, որովհետև մենք Արցախ ենք պահում: Դա հակահայկական մոտեցում է: Միևնույն ժամանակ Ադրբեջանում ասում էին՝ մենք լավ չենք ապրում, որովհետև Արցախը մերը չէ: Մենք պետք է գիտակցենք այն թեզը, որ Արցախն իր ֆիզիկական գոյությամբ ապահովում է ՀՀ անվտանգությունը»:

Քաղաքական ուժերը արցախյան հիմնախնդրի լուծման բաղադրիչներ են համարում նաև մի շարք այլ գործոններ, որոնք փոխկապակցված են և լրացնում են միմյանց՝ ուժեղ պետություն, հզոր բանակ և դիվանագիտական թիմի ճիշտ աշխատանք: Միայն այդ դեպքում, կարծում են, կարող ենք հասնել խնդրի հայանպաստ լուծման:

Back to top button