Սփյուռքի ձայնը

Լավ գաղափարը դեռ լավ գործի երաշխիք չէ. ի՞նչ անել․ «Սփյուռքի ձայնը»

Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելը հե՞շտ է, ի՞նչ է անհրաժեշտ լավ գաղափարներով ճիշտ աշխատանք սկսելու համար: Սիրիահայեր Այտա Սանդուրյանը և Հակոբ Մակդիսը Հայաստանում տարբեր ժամանակներում են բիզնես սկսել և կարծում են, որ այդ հմտությունը իրենց է փոխանցվել նախնիներից, որոնք տարբեր երկրներում հաջողել են՝ իրենց շնորհքի ու հեռատեսության շնորհիվ:

Հույս և կամք ունենալու դեպքում Հայաստանում բիզնես սկսելը շատ հեշտ է, ասում է սիրիահայ, ասեղնագործության վարպետ, երկարամյա ուսուցչուհի Այտա Սանդուրյանը, որ Սիրիայում սկսված պատերազմից հետո է եկել Հայաստան: Թողնելով ուսուցչությունը, նա բիզնես դասընթացներ է անցել, սկսել գործ, որը Սիրիայում ապրելու տարիներին հոբբի էր համարում:

Ունենալ լավ գաղափարներ և ցանկություն՝ մի բան է, այն կյանքի կոչելը՝ այլ: Այդ գործում շատ սփյուռքահայերի և հայաստանցիների օգնության է հասնում «Իրիս» բիզնես ինկուբատորը: «Պետք է դիմել մեկ, երկու և շատ անգամներ, մինչև կհասնեք հաջողությունների: Լավ ուսումնասիրեք դաշտը, կարճ, համառոտ, սակայն բովանդակալից ներկայացրեք ձեր գաղափարը և սպասեք հաջող ընթացքի»,- խորհուրդ է տալիս գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը։

Հակոբ Մակդիսը, որ մեդիաոլորտում է իր ստարտափը պատկերացրել և առաջարկել է, նաև այլ բիզնես ունի: Համոզված է, որ բիզնեսի գործնական հաջողությանը կարելի է սպասել միայն մեկ տարի անց: «Մեկ տարվա ընթացքում կարող են լինել հաջողություններ, անհաջողություններ, սակայն չհուսահատվելու դեպքում միայն՝ կարելի է գործի շարունակականություն ապահովել»,- համոզված է Հակոբը:

Նա նաև անդրադառնում է Հայաստանում գաղափարներ «գողանալու» խնդրին, շատ գործարարներ տեղյակ չեն հեղինակային իրավունքից։ «Հաճախ է պատահում, որ քո առաջարկած լավ ծրագիրը մեկ կամ երկու ամիս անց տեսնում ես այլ մարդկանց կողմից իրագործված: Հայաստանյան շուկան նաև այս առումով է կաղում, քանի որ հեղինակային գործերի համար դաշտը կարգավորված չէ: Բայց ինչևէ, մեր երկրում բիզնես սկսելը շատ ավելի հեշտ ու հասանելի է, քան՝ շատ այլ երկրներում:

Հատկապես վերջերս փաստաթղթային հարցերում կարգավորումներ են եղել: Այնպես որ, մեր երկիրը մեզ տալիս է լայն հնարավորություններ աշխատելու և շահույթ հետապնդելու համար»,- համոզված է Հակոբ Մակդիսը: Հետաքրքիր մանրամասներ լսեք հաղորդման ընթացքում:

Ցուցադրել ավելի
Back to top button